2019.03.19,

Նյուսրում

Փաշինյան․ «Մամուլին ազատությունը ես չեմ տվել, այլ ՀՀ սահմանադրությունը»

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը տևել է 4.5 ժամ։ Հնչել են նաև լրագրությանը, մեդիայի աշխատանքի վերաբերյալ հարցեր։ Ներկայացնում ենք հատվածներ Նիկոլ Փաշինյանի պատասխաններից։

Մամուլի քննադատության և մամուլին թիրախավորելու մասին

Խմբագրությունների գրասենյակների հետ կապված պետգույքի կառավարման վարչությունը  և քաղաքապետարանը ինչ-որ խնդիրներ են ունեցել։ Ինձ մի քանի անգամ տեղեկացրին, որ մամուլում քննարկում են, թե սա վարչապետի վրեժն է մամուլից և այլն։ Եկեք դուրս գանք այդ տրամաբանությունից, որ վարձակալության կամ մեկ այլ հարց ես եմ հանձնարարում կամ ինձ հետ են ճշտում։ Դա իրավիճակի սխալ ընկալում է։ Ես որևէ մեկից երբևէ ոչ վրեժխնդիր եմ եղել, ոչ դրա անհրաժեշտությունը ունեմ։

Մենք հիմա աշխատում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանում կառավարությունից անկախ լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ ձևավորվի։ Ինչու դա չենք անում բյուջեով, որովհետև եթե բյուջեով անենք կստացվի, որ ֆինանսական լծակներով ուզում ենք վերահսկողության տակ առնել լրատվամիջոցներին։

Պետք է հասկանանք, որ շատ դեպքերում, երբ կան քաղաքական սահմանափակումներ, չենք կարող մամուլի, խոսքի ազատության դեմ որևէ բան անել, բայց նաև մարդիկ չեն կարող լրիվ անպաշտպան մնալ, իրենք իրենց պաշտպանելու ինչ-որ ձևեր գտնում են։ Դա, իմ կարծիքով, ոչ թե արշավ է լրատվամիջոցների դեմ, այլ գործընկերության հրավեր, որ եկեք ընդհանուր մի դաշտ ձևավորենք, փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորենք ու նորմալ իրար հետ աշխատենք։

Հեղափոխությունից հետո լրատվական դաշտում մեծ առուծախի պրոցես է տեղի ունեցել։

Այս ամենից հետո մենք պետք է փոխադարձաբար արձանագրենք, որ ինչ-որ խնդիր կա։ Հիմա ուզո՞ւմ ենք դա լուծել իրար հետ, թե՞ շարունակելու ենք այդ ռեժիմը՝ կամ քաղաքական գործիչներն են լրագրողներին բոյկոտում, կամ լրագրողներն են նրանց բոյկոտում։

Իրար հետ պետք է լուծենք այս հարցերը։ Հերիք է հակամարտության կանխավարկածով գնալ։

Մամուլի ազատության մասին

Ոչ մի կասկած որևէ մեկը խնդրում եմ չունենա՝ Հայաստանում մամուլի ազատության հետ կապված որևէ պրոբլեմ չի լինելու։ Ուզում են բոլոր լրատվամիջոցները սեփականացնեն։ Մենք հակամամուլային գործողություն չենք անելու։ Բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքի կոպիտ խախտում լինի։

Մամուլին ազատությունը ես չեմ տվել, այլ ՀՀ սահմանադրությունը, գուցե նաև հեղափոխությունն է նոր հնարավորություններ ստեղծել։

Կառավարության գործը չէ մամուլին վերահսկելը։ Վերահսկողության մասին դուք կարող եք մտածել, ընթերցողը կարող է մտածել։

Ժողովրդավարությունը մեզ համար բացարձակ արժեք է։ Խոսքի ազատությունը նույնպես։ Պատկերացնո՞ւմ եք ես այդքան տարի լրագրող եմ, մեկ էլ հանկարծ իմ կառավարման օրոք Հայաստանում սկսեն մամուլը վերահսկելու կամ լրագրողների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու գործողություններ սկսել։

Ես հպարտ եմ, որ այսօր ցանկացած լրատվամիջոց, լրագրող վստահ է, որ իր գործունեության համար ստեղծված են այն հնարավորությունները, որ դե յուրե երկրում պետք է գոյություն ունենա։

Հպարտության մասին

Երբեմն մեր մամուլի համար մեծ հպարտություն եմ զգում։ Այսօր մենք ունենք բազմաթիվ բարձր մակարդակի լրագրողներ, որոնց գործունեությունը պատիվ կբերեր աշխարհի ամենաառաջատար լրատվամիջոցներին։ Բարձր մակարդակի փորձագետներ, որոնց գործունեությունը պատիվ կբերեր աշխարհի ամենաառաջատար փորձագիտական կենտրոններին։ Իսկապես ինձ համար դա հպարտության առարկա է, և ես հավատում եմ, որ այդ մարդիկ են, որ իրենց ուսերին կրում են այն փոփոխությունների բեռն ու պատասխանատվությունը, որ երկրում տեղի են ունենում։

Ութ ամսվա ընթացքում ձևավորվել են որոշակի լրագրողներ, փորձագետներ, ում կարծիքը ինձ համար կարևոր է դարձել։ Ես լսում եմ, թե ինչ են ասում նրանք։ Ամեն անգամ մեծ հպարտություն եմ զգում, որ այսպիսի միտք, լրագրողական աշխատանք և քննարկում կա։ Նրանք երբեմն օգնում են փակուղային թվացող իրավիճակից ճիշտ ելքեր գտնել։

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *