Տեղեկատվության ստուգում Անժելա Սարգսյանի եւ պոռնոֆիլմի մասին լուրի օրինակով

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Անժելա Սարգսյանը նկարահանվել է հոլանդական պոռնոֆիլմում» վերնագրով հոդվածները մի ժամում ողողեցին հայկական ինտերնետը: Facebook-ում ընդհանրապես թեժ բանավեճեր էին Անժելա Սարգսյանի անմահ թեմայով:

Ու տեղեկատվական առիթը Facebook-ում Նարեկ Մինասյան անունով մի օգտատերի մի ստատուսն էր. «Արդեն մի քանի օր գտնվում եմ Հոլանդիայում: Երեկ ակումբներից մեկում պոռնոֆիլմ էր ցուցադրվում: Նման ֆիլմեր դիտելու սեր չունեմ, բայց գլխավոր դերակատարի հայկական արտաքին ունենալը ստիպեց, որ ուշադրությամբ դիտեմ:

Վերջում, երբ դերակատերների անուններն էի կարդում, նկատեցի Անժելա Սարգսյան անունը: Շատ ամաչեցի, որ հայ կինը կարող է նման վարքագիծ ունենալ»:

1in.am-ը իր լուրը սկսել է «Facebook-ի օգտատերերից Նարեկ Մինասյանը իր էջում գրել է» նախադասությամբ, իսկ comment.am-ը ավարտել է «Աղբյուրը` Նարեկ Մինասյան»-ով:

Ու ամենազվարճալին այն է, որ Նարեկ Մինասյան անունով օգտատեր Facebook-ում այլեւս չկա: Նախ նրա փրոֆայլից անհետացավ Անժելա Սարգսյանի մասին ստատուսը, հետո էլ ինքը՝ Նարեկ Մինասյան անունով պոտենցիալ ֆեյսբուքահայը կորավ: Չկա, չի եղել լրատվական կայքերի սենսացիոն վերնագրերի աղբյուր ֆեյսբուքյան փրոֆայլը: 

Անժելա Սարգսյանի պոռնոկարիերային Facebook-ի մեկ ստատուսով հավատացող լրատվամիջոցներից քանի՞սն էին հասցրել պահպանել այդ ֆեյսբուքյան ստատուսը (screenshot) կամ դրա հեղինակի փրոֆայլը, հայտնի չէ:

Լուրը կայծակնային արագությամբ հրապարակած լրատվամիջոցներից ոչ մեկը Անժելա Սարգսյանի մեկնաբանությունը չի հրապարակել:

Լուրը հաղորդած լրագրողները, եթե մի քիչ ուսումնասիրեին Նարեկ Մինասյան օգտատիրոջ Facebook փրոֆայլը, կտեսնեին, որ այնտեղ մեկ ստասուս է՝ Անժելա Սարգսյանի մասին եւ մեկ լուսանկար՝ արված Հոլանդիայում(որպես ապացույց, որ ինքն իրոք Հոլանդիայում է):

Ուսումնասիրեին Նարեկ Մինասյան օգտագտիրոջ ընկերների շարքը, կտեսնեին, որ նրա շրջապատում հիմնականում ոչ հայեր են: Ակնհայտ էր, որ փրոֆայլը նոր էր ստեղծված եւ ստեղծված էր հենց Անժելա Սարգսյանի լուրը տարածելու համար:

Միայն asekose.am-ն է, որ հոլանդական պոռնոֆիլմի մասին լուրը հարցականով է հրապարակել (Հայաստանում լրատվական կայքերի նախընտրած մարտավարությունը, երբ հարցական նշանը լրատվամիջոցին կարծես ապահովագրում է հնարավոր սխալից): Այս կայքում նաեւ նշել են, որ հնարավոր է, որ ստատուս հրապարակող Facebook օգտատերը կեղծ լինի (fake), բայց, միեւնույնն է, լուրը տարածել են:

Հայաստանում, իրոք, լուրջ խնդիր է սոցիալական ցանցերից տեղեկատվության ստուգումը (news verification): Հազվադեպ լրատվամիջոցներ են այն կիրառում, բայց նաեւ այլ հարց է՝ ցանկանու՞մ են կիրառել: Կարծես թե առանձնապես չեն էլ ցանկանում:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *