2017.10.05,

vox populi

Վիկտորյա Մարկոսյան. «Ես եմ մեդիան»

Ես միշտ էլ օգտվել եմ մեդիայից և հաճախ ինքս եմ եղել մեդիա` այդ մասին անտեղյակ լինելով: Ինչպես, օրինակ, քարանձավաբնակները չգիտեին, թե իրենք մեդիա են, բայց դրանից նրանց «փոխանցող» գործառույթը չէր տուժում: Ես մեդիա-մարդկանցից իմացա անունս (հակառակ դեպքում գուցե ինքս մի ավելի լավ բան մտածեի), մեդիա-հայելիով տեսա ինքս ինձ, մեդիա-համակարգչով իմացա, որ պատմությունից սխալմամբ անբավարար գնահատական ունեմ, հետո, որ ընդունվել եմ համալսարան, որ պատերազմ է, կամ որ պիտի «սկայպ մտնենք»`բարեկամների հետ խոսելու:

Իմ հիմնական մեդիայացումը սկսվեց յոթ-ութ տարեկանում: Պահմտոցի խաղալիս Լիան կորավ, ու ես վազեցի Լիայի մամային պատմելու իմ առաջին սենսացիոն «նյութը», որի սկիզբն անսպասելի էր (հիմա ժուռֆակում մեզ խորհուրդ են տալիս երբեմն գրել անսպասելի, կարճ ու դիպուկ նյութի սկիզբ):

Ասացի` Լիան կորել ա, վերջակետ դրեցի ու հետո շարունակեցի այնպես, ինչպես հիմա մեզ խորհուրդ են տալիս շարունակել` հինգ հայտնի «W»-ներով:

Մութ լոգարանում երբ խմբով կրկնեցինք «ես մեդիումն եմ-մեդիումն եմ», դրանից մեդիում չդարձանք, կանչվածն էլ երևի այդ պահին վերաբեռնելով էր զբաղված, չարձագանեց: Բայց փորձն, իհարկե, փորձանք չէր, անգամ լայնորեն լուսաբանվեց երեխեքի շրջանում, եղան նաև օրինակ վերցնողներ:

Հետո մի գարնան առաջին օր ձեռքս ընկավ «Հայկական ժամանակը»: Ես չգիտեի, որ գարնան առաջին օրն է, ոչ էլ գիտեի, որ այդ «գարունը պարտքով վերցվել է»: Մինչ կմեծանայի-կիմանայի, հետաքրքրվեցի, թե ինչու է առաջին էջում տպված տասը վանդակից մեկը դատարկ, մյուսներում՝ լուսանկարներ:

Պատասխանը չիմացա, և նաև թույլ չտվեցին կարդալ, իմանալ, թե մնացած ինը նկարում ովքեր են: Սա տեղեկություն ստանալու հետ կապված իմ առաջին խոչընդոտն էր: «Խոչընդոտողները» թերթն այնպես պահեցին, որ վերջերս միայն գտանք` տունը վերանորոգելիս:

Մեծացա, բլոգ բացեցի, սկսեցի էնտեղ մեդիայություն անել: Մի երկու տող Բուկովսկի թարգմանեցի, տնայիններս հրապարակեցի (մեր դպրոցում մեդիա լինելը պարտադիր պայման էր և է), մի երկու տող գրեցի, կարծեցի` արդեն լրագրող եմ: Մի երկու հոգու քիչ էր մնում` հարցնեի` ի՞նչ եք զգում այս պահին, ուսուցիչս թույլ չտվեց, սկսեցի խելքին ավելի մոտ հարցեր մտածել:

Հետո ֆեյսբուքում գրանցվեցի, էնտեղ բոլորը մեդիա էին: Նրանց գրանցեցի մտքումս, իրականությունից գրանցածներիս մեկին նայեցի-նայեցի, չճանաչեցի: Կուրսի խմբից սկսեցի ճանաչել նրանց, ում հետ ամեն օր նույն լսարանում նույն… Կամ տարբեր… Տարբեր դասեր ենք լսում: Ստատուս գրեցի, հետո երբ անցավ մի տարին, ու ֆեյսբուքը հիշեցրեց ինձ գրածիս մասին, շտապ ջնջեցի: Մի ակտիվ ֆեյսբուքյան «մեդիա» ինձ առաջարկեց ընկերանալ, մյուսը` «@nkeranal», մի գրող առաջարկեց իր գրողու… Գիրքը… գիրքը գնել:

Ես կարծեցի` բոլորն իմ կարծիքին են սպասում, և գրեցի երկար-բարակ մեկնաբանություններ Արմենչիկի` վաստակավոր ստանալու, Համասյանի համերգի, քաղաքական, տնտեսական նյութերի, բանակի, զոհվածների, վերջին զանգի մասին նյութերին: Ես լայքելով ոչինչ չակնարկեցի: Մտերիմներիս հուշեցի անվստահելի կայքերի ցանկը, մի երկու անգամ էլ առաջարկեցի կասկածել: Ապա հուշմանս արդյունքները տեսնելով՝ հուշեցի` երբեմն նաև հավատալ գրվածին:

Տեսա «Տարածեք, քանի չեն ջնջել» վերնագիրը, և քիչ մնաց` տարածեի, քանի չէին ջնջել, մինչդեռ իրականում պետք էր ջնջել, քանի չէին տարածել:

Ես իսպաներեն սովորեցի` համակարգչի առաջ նստած, գտա Վիքիպեդիայի սխալները, իմացա՝ սահմանին մեկ-մեկ զոհվածների և Երևանում հինգ-հինգ ծնվածների մասին:

Քառօրյային ես կաթվածահար եղա, ինչպես Խանջյան փողոցի երթևեկությունը` ամեն օր: Ես շատ չհավատացի, քիչ կարողացա ստուգել: Գարնան առաջին օրը տեղեկություն ստանալս խոչընդոտել կարողացածներին այս անգամ չհաջողվեց:

Ավելին` տանը դարձա լրատվությունն արտակարգ ռեժիմով հաղորդողը: Ես հայրիկիս հեռախոսի բարձրախոսից լսեցի, որ «կամանդիրը տանկով գնացել ա», բայց չորս օրում առաջին անգամ լաց եղա հրադադարի լուրը կարդալիս:

Ես քննությանը երկար-բարակ գրեցի, թե ինչ է մեդիան, ինչ արմատից է առաջացել, և չորսից չորս էլ ստացա դրա համար, մինչդեռ պարզապես կարող էի գրել` «ես եմ», ճիշտ լինել և հաստատ նաև ձախողել:

Երբ նյութս հրապարակվեց, ու սեղմեցի ֆեյսբուքի «share» կոճակը, ավարտեցի իմ մեդիայացման գործընթացը: Հիմա ես լիարժեք մեդիան եմ՝ կազմված հազարավոր այլ մեդիաներից: Սա և՛ ընտրություն է, և՛ թելադրություն:

Վիկտորյա Մարկոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, երկրորդ կուրս

Այս աշխատանքը զբաղեցրել է «Ես եմ մեդիան» 2017թ-ի մրցույթի առաջին տեղը

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *