2013.11.21,

Քննադատ

Վիզուալ քաոսում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վիզուալ ինֆորմացիայի ռմբակոծմանը մենք ամեն վայրկյան ենք ենթարկվում, եւ ամեն վայրկյան էլ ռմբակոծում ենք ուրիշներին, քանի որ որոշակի քանակի լուսանկարներ ենք նետում սոցցանցեր եւ տարածում ուրիշներինը:

Որոնման համակարգերից էլ հեշտությամբ ներբեռնում ենք ցանկացած լուսանկար ու ուզած համատեսքտում կիրառում: Եվ՛ ամենօրյա մեր վիրտուալ կյանքում, եւ՛ լրատվամիջոցների նյութերի հետ ծանոթանալիս անընդհատ պատկերների մեջ ենք ընկղմվում:

«Մենք նոր վիզուալ միջավայրում ենք հայտնվել, որտեղ մեր ունեցած պատկերացումներն այլեւս չեն գործում: Ինտերնետում անանուն մարդիկ չկան, եւ յուրաքանչյուրիս տարածած վիզուալ ինֆորմացիան անպայման գալիս, հանգում է բարոյական, անգամ փիլիսոփայական հարցադրումների: Գիտեմ օրինակներ, երբ մեկ լուսանկարի պատճառով մարդիկ վրդովվում են, թշնամանում են, մինչդեռ խոսքն ընդամենը վիզուալի ոչ գրագետ օգտագործման մասին է եղել»,- ասում է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը:

Որպես օրինակ՝ նա առաջարկում է մտորել, թե որքանով է գրագետ ու նաեւ պատվաբեր լուսանկարվել հեղինակային աշխատանքների (քանդակների, կտավների) ֆոնին ու չնշել հեղինակի անունը: «Արդյո՞ք այն արձանը կամ գեղանկարը, որի ֆոնին նկարվել ենք ու տարածում ենք, նույնպես հեղինակային իրավունքների սուբյեկտ չեն»,- հարցնում է նա:

Եվ ավելացնում. «Ես ինքս էլ դրա պատասխանը չունեմ, բայց նման հարցեր ծագում են: Ամեն դեպքում ցանցում ձեւավորվում է նոր վիզուալ մշակույթ, որին պատրաստ չենք, բայց որի դասակարգումը ինքներս պիտի անենք: Ինֆորմացիայով գերհագեցած այս դարում գլխավորը ինֆորմացիան ֆիլտրելն ու աղմուկի, աղբի միջից կարեւորը հանելն է»:

Վիրտուլ տարածքում լուսանկարի հեղինակային իրավունքների պաշտպանությունը, բարեխիղճ տարածումն ու համապատասխան կոնտեքստում օգտագործումը Հայաստանի մեդիա դաշտում բավական տարօրինակ է տեղի ունենում: Ավելի ճիշտ՝ երբեմն տեղի է ունենում, իսկ ավելի հաճախ՝ ոչ:

Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանում գործում է Էլեկտրոնային կայքերից նյութերի վերատպության մեխանիզմները կարգավորող լրացումները, որոնք արվել են ՀՀ «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենքում:

Օրենքում նշված «նյութ» բառը կարծես ենթադրում է, որ խոսքը տեքստի մասին է, իսկ լուսանկարները ուշադրությունից դուրս են: Այդ մտահոգությունն ունի լուսանկարիչ Գերման Ավագյանը: Նա ասում է, որ հայաստանյան տարաբնույթ կայքերը վերատպում են լուսանկարները՝ լավագույն դեպքում նշելով հեղինակի անունը:

«Շատերին թվում է, որ դրանով գործն ավարտվում է: Ես շատ ժամանակ եմ ծախսում՝ փորձելով հետեւել ինտերնետում տարածվող լուսանկարների հեղինակային իրավունքների պաշտպանությանը, թեեւ դա արդյունավետ չէ: Միեւնույն է, ով ինչպես ուզում, օգտագործում է: Նկատել եմ, որ շատ լրատվամիջոցներին ոչ թե կոնկրետ, այլ սիմվոլիկ լուսանկար է հարկավոր: Եվ կարող են տեքստին բոլորովին անհամապատասխան նկար կպցել՝ անվանելով այն սիմվոլիկ»,- ասում է Գերման Ավագյանը: 

Թեեւ լրացված օրենքը հիմք է տալիս դատական ատյաններում բողոքարկել սեփական աշխատանքների ոչ պատշաճ օգտագործումն ու ֆինանսական փոխհատուցում պահանջել, սակայն Գերման Ավագյանը, ով խոշոր ամերիկյան մեդիա կորպորացիային դատի տալու ու դատը շահելու փորձ ունի, նկատում է՝ «Իմաստ չկա»:

Լուսանկարը շատ դեպքերում ոչ թե ինֆորմացիա պարունակող տեքստի կցորդն ու իլյուստրացիան է, այլ ինքնաբավ, վավերագրված ինֆորմացիա, որը նույնիսկ կարող է ավելի ազդեցիկ լինել, քան գրավոր խոսքը: Համենայնդեպս, հիմա, երբ ինֆորմացիայի շրջանառությունը դյուրացել ու էժանացել է, լրագրողական ոչ մի «ապրանք»՝ լուր կամ հոդված, առանց լուսանկարի գրեթե չի հրապարակվում:

Ավելին՝ լուսանկարը կարող է ինքնին լուր լինել, իսկ հակառակը պատկերացնելն արդեն բարդ է, քանի որ «չոր», միայն բառերով հավաքվող կառույցները հազվադեպ են հրապուրիչ լինում ու դժվարությամբ են ընթերցվում:

Այն արագությունը, որով արվում, տարածվում, մեկնաբանվում ու օգտագործվում են լուսանկարները, երբեմն քաոտիկ իրավիճակ է ստեղծում:

Լրատվամիջոցներում ազատ օգտագործվում են սոցցանցերի օգտատերի անձնական փրոֆայլների նկարները, խեղաթյուրվում կամ անպատեհ համատեքստում են դրվում հեղինակային լուսանկարները, հոդվածները ուղեկցվում են թեմայի հետ կապ չունեցող (անգամ հակասող) պատկերներով:

Սակայն այս ամենն օգնում է նաեւ հստակեցնել մեդիա դաշտում ծավալվող խաղի կանոնները, որոնցից արդյունավետը միշտ չէ, որ ամենաօպերատիվ արձագանքն է:

Վերջերս, օրինակ, adme.ru կայքը հրապարակեց (իսկ մեր լրատվամիջոցները տարածեցին) տպավորիչ ֆոտոների իր ընտրանին, որտեղ տեղ էր գտել նաեւ կիսաքանդ ճանապարհին դաշնամուրի վրա թնգթնգացնող զինվորի լուսանկարը:

Լուսանկարի տակ արված գրառումը մի քանի օր անց փոխվեց.

pic-by-adme

Adme-ում երկու լուսանկարները տարբեր մակագրություններով

Սակայն անհայտ մնաց, թե որ գրառումն է (կամ գրառման մի հատվածը) հավաստի: Մանավանդ, որ նշված հայ հեղինակն ինքը ժխտեց իր հեղինակությունը:

Արագությունը երբեմն ճշմարտության թշնամին է: Եվ լուսանկարների դեպքում դա առավել ակնառու է մի պարզ բացատրությամբ՝ վիզուալն առաջնային է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *