2016.04.15,

Քննադատ

«Ռազմական լրագրությունը կմտնի պարտադիր ուսուցման ծրագիր»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Քառօրյա պատերազմի ընթացքում առաջնագծից տեղեկություններ ստանալու պաշտոնական աղբյուրները ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեսյբուքյան էջն էր և ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Սակայն այդ աղբյուրները չափազանց զգուշավոր էին, ժլատ: Իրավիճակը ճիշտ գնահատելու, պաշտոնական լրատվության՝ երբեմն միմյանց հակասող տվյալները գոնե մեկ այլ, երրորդ աղբյուրի հետ համեմատելու անհրաժեշտությունը չափազանց զգալի էր:

Այլընտրանքային աղբյուրները հիմնականում հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն էր, «ՍիվիլՆեթ»-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանի ռեպորտաժները՝ առաջնագծից:

«Յուրաքանչյուր պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է. կողմերը ներքաշվում են քարոզչական պատերազմի մեջ: Ինձ հետաքրքիր էր լինել առաջնագծում, շփվել հասարակ մարդկանց հետ: Ուշադրությամբ հետևում էի պաշտոնական լրահոսին: Տեսածիս ու պաշտոնական լրահոսի միջև մեծ տարբերություն կար: Երբեմն պաշտոնական լրահոսը շատ հարցեր, կասկածներ էր առաջացնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Թաթուլը. «Բաներ կան, որ պաշտոնական չոր տեղեկատվությամբ հասկանալ հնարավոր չէր: Մարդկային պատմություններ էի փորձում գտնել, որոնք պաշտոնական լրահոսում, հասկանալի է, չկան»:

Առաջնագծից լրատվություն ապահովող մեր լրագրողներն ունե՞ն շփման գծում աշխատելու հմտություններ, ռազմական գաղտնիքը որպես լրատվություն չներկայացնելու գիտելիք, տիրապետու՞մ են կրակի գոտում աշխատելու կանոններին:

«Ոչ, խոշոր հաշվով՝ ոչ: Թեև իմ բախտը բերել էր,- պատմում է Թաթուլ Հակոբյանը,- ինձ հետ էր «Զինուժ»-ում աշխատած օպերատոր Հակոբ Մանուկյանը: Նկարահանումներ շատ արեցինք, բայց կան կադրեր, որոնք դեռևս չենք հրապարակել: Օրինակ՝ երբ նայում էինք տեսագրած նյութերը, Հակոբն ասաց, որ այս մի տեսաշարը հրապարակել չենք կարող, քանի որ այդ տարածքում մեր հրետանին է. հրապարակել, կնշանակի տեղեկություն տրամադրել հակառակորդին»:

Նկարահանումների 1-ին և 2-րդ օրերին, Հադրութի ճանապարհին Թաթուլն ու Հակոբ Մանուկյանը նկարահանել էին շտապօգնության սուրացող մեքենաներ, սակայն այդ կադրերը ևս չեն հրապարակել.«Չէինք ցանկանում խուճապային տրամադրություններ ստեղծել: Այդ կադրերը կարող էինք ներկայացնել ավելի խաղաղ իրավիճակում: Մի կադր՝ այս կողմ, մյուսն՝ այն կողմ, ոչինչ չէր լինի: Այդ պահին նկարահանածն առաջինը հրապարակելու գայթակղությունը զիջում էր պատասխանատվության զգացումին: Պատկերացրեք, երբ վեց օր աշխատելուց հետո վերադարձանք Երևան, Media.am կայքում ծանոթացա հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար նախատեսված կարճ ուղեցույցին: Ստորագրում եմ ամեն կետի տակ. խորհուրդներից յուրաքանչյուրը պահպանելն անչափ կարևոր է ՝ աշխատանքը կատարելու և, միաժամանակ, ողջ մնալու համար»:

Այդուհանդերձ, չունենալով ռազմական լրագրությանն անհրաժեշտ գիտելիքներ՝ մեր լրագրողները առաջնագծում, ըստ էության, չէին կիրառում վերոնշյալ կանոններից կարևորագույնը՝ կրել սաղավարտ և զրահաբաճկոն: Դա վկայում է նաև Թաթուլը.

«Մենք չունեինք պաշտպանող հագուստ: Իսկ օտարերկրյա լրագրողները կրակոցների ձայներ լսելուն պես անմիջապես հագնում էին կասկաները, բրոնեժիլետները: Իհարկե, կարևոր է, որ պատրաստված լինեինք, մյուս կողմից էլ՝ այն լրագրողները, որոնք բրոնեժիլետ էին կրում, լավ վարձատրվող լրագրողներն էին: Առհասարակ, այն լրագրողները, որոնք կոնֆլիկտ են լուսաբանում, պիտի թրեյնինգներ անցնեն, որտեղ կսովորեն այբուբենը՝ ինչպես աշխատել: Բայց այդ նեղ գիտելիքներին անպայման պիտի գումարվի նաև փորձը»:

2008 թվականի սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ի լրագրության ֆակուլտետում ռազմական լրագրությունը ներառվեց ուսումնական ծրագրում: Ուսանողները 4-րդ կուրսի առաջին կիսամյակում, ըստ նախապատվության, կարող են ներկա լինել ռազմական (էկոլոգիական, հետաքննական և այլն) լրագրության դասընթացներին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը պատմեց, որ ռազմական լրագրության առաջին դասը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դասախոսություններ է կարդացել Սեյրան Շահսուվարյանը: Այժմ էլ դասընթացները վարում են ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեդիա փորձագետ Վահրամ Միրաքյանը, Դավիթ Ջամալյանը, ուրիշներ:

60 ուսանողից 25-ը, ըստ դեկանի, նախապատվությունը տալիս են ռազմական լրագրության դասընթացներին: Մեր հարցին՝ կա՞ դասագիրք, ուղեցույց, որով առաջնորդվում են դասախոսները, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց.«Կան.ծրագիրը մշակել է մեր լավագույն դասախոս Արծրուն Հովհաննիսյանը»:

Վերջին 4-5 տարիներին լրագրողների վերապատրսատման մի քանի ծրագրեր են իրականացվել: «Ոլորտի մասնագետները քննարկում են, թե որն է առավել արդյունավետ մեխանիզմը՝ նախկին զինվորականին լրագրող դարձնե՞լը, թե՞ լավ լրագրողին ռազմական գիտելիքներ փոխանցելն ու ոլորտի մասնագետ դարձնելը: Ես առավել հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետև այս ոլորտում է, որ լրագրողական հոտառությունն ու նրբություններին տիրապետելն առավել շատ են պետք գալիս»,- այդ քննարկումներից մեկի ժամանակ նկատել էր ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանը:

Այդ դասընթացները, հնարավոր է, արդյունավետ են, սակայն ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի խոսքերով.«Քառօրյա այս պատերազմը ստիպեց վերանայել որոշ հարցեր: Մասնավորապես, արդեն հաջորդ ուսումնական տարվա սկզբից ռազմական լրագրությունը պարտադիր կլինի ապագա լրագրողների համար՝ անկախ ընտրած նեղ ոլորտից»:

«Չունենք ռազմական լրագրության դպրոց, ու խոսքը միայն Հայաստանի մասին չէ,- ասում է առաջնագծում աշխատած, ռազմական լրագրության հմտությունները ոչ թե դասախոսություններից, այլ սեփական փորձով ձեռք բերած լրագրող Թաթուլ Հակոբյանը, – ռազմական լրագրողների խումբ անպայման պետք է ունենանք: Դա երբեք ուշ չէ՝ հաշվի առնելով, որ մեր սերունդը Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը դժվար թե տեսնի»:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *