2012.04.13,

vox populi

«Պետք չի ինչ-որ մեկի տնազն անել»

Ամբողջ աշխարհում ձայնի, դեցիբելների հաճախականության  կարգավորման ստանդարտներ կան: Մեր հեռուստատեսությունը էդ ստանդարտներից դուրս է: Այսինքն՝ ալիքների ձայնը հավասար չի, երբ ալիքները փոխում ես, մեկ էլ տեսար հեռուստացույցը անկապ գոռում է:

Նույնիսկ եթե մեր տեսածը գովազդ է, պարտադիր չի այն բարձր լինի, որպեսզի բոլորը լսեն: Իմ երեխան (կարծում եմ՝ բոլորի երեխաները) զարթնում է այդ ձայնից: Դա շատ տհաճ է: Մարդը սովորաբար որքան ցածր է խոսում, էնքան իրեն ուշադիր են լսում: Բոլորն արդեն զզվել են էդ գովազդներից, քանի որ դրանք ոչ թե շատ վատն են, այլ բարձր են:

Չի կարելի գոռալ մի բանի մասին, որը, մեղմ ասած, ոչ միշտ է ճիշտ: Այսինքն՝ գովազդային տեղեկատվությունը չի կարող ճշմարտություն համարվել: Հո՞ չենք ասում, որ գովազդվող խողովակները կամ հյութերը իրոք ամենորակյալն են: Եվ ստացվում է, որ հեռուստացույցը ամենից բարձր գոռում է ոչ ճշմարտության մասին:

Պետք է ուզես բարձրացնել հեռուստացույցի ձայնը, ոչ թե իջեցնել: Օրինակ՝ ես անընդհատ ուզում եմ իջեցնել, վերջում էնքան եմ իջեցնում, որ հեռուստացույցն ինքն իրեն անջատվում է: Ալիքները պիտի փորձեն   պայմանավորվել իրար հետ ու աշխարհում ընդհունված ձայնի մեկ  ստանդարտի գան:

Ես հասկանում եմ, որ Հայաստանը գլոբուսից դուրս է, համ էլ թարս է ֆռռում, բայց, միեւնույն է, ինչպես էլ ֆռռա, բոլորս հայտնվում ու շարունակում ենք ապրել նույն տեղում:

Մենք մեր մշակույթը վաղուց աքսորել (տշել) ենք մեր հեռուստատեսությունից: Մի լավ մշակութային ալիք ունեինք՝ «Արարատ» էր կոչվում, ու ոչ ոք էդպես էլ չիմացավ՝ ի՞նչ եղավ էդ մշակութային ալիքը: Եվ ինչո՞ւ: Իհարկե, «Շողակաթը» լավագույն ալիքներից մեկն է, բայց կարող էր, չէ՞, եւ՛ մեկը մնար, եւ՛ մյուսը: Էդ ալիքները իրար չէին խանգարում:

Տպավորություն է, որ մենք էնքան անտաղանդ ենք, որ ամեն ինչը ուրիշից ենք վերցնում: Մի՞թե սեփական մշակույթը ներկայացնելու շնորհք չունենք: Ամբողջ օրն աշխարհով մեկ գոռում ենք մեր տաղանդի, ունիկալության մասին…  Բա ու՞ր է էդ մերը, ինչո՞ւ չի երեւում էկրանին: Ռուսը մի ծրագիր է նկարահանում՝ “Давай поженимся” ու միանգամից հայտնվում է դրա հայկական տարբերակը: Ապուշ, անհասկանալի… Իբր ռուսականը լավն է, հայերն էլ դրա տնազն են անում: Պետք չի ինչ-որ մեկի տնազն անել: Դա մեր ամոթն է: Հետո ռուսը նայում է, սկսում է խնդալ մեզ վրա: Որեւէ բանի կրկնօրինակը ինչպե՞ս կարող է լավը լինել:

Աշխարհում ոչ մի տեղ էլ հեռուստատեսությունը լավը չի, բոլոր հեռուստատեսություններն էլ մարդկանց ուղեղը լվանալու համար են: Մեր ուղեղներն էլ նույն հաղորդումներով, նույն երաժշտությամբ, նույն սերիալներով են լվանում: Նկատել եք, երեւի, որ անընդհատ՝ 24 ժամ շարունակ էկրանին նույն դեմքերն են (միգուցե դրանք լավ դեմքեր են, բայց թող ժամանակ առ ժամանակ փոխվեն):

Տպավորություն է, որ հաղորդումներ կան, որոնք… հա կան: Օրվա որ ժամին միացնես հեռուստացույցը, նույն հաղորդմանը կհանդիպես: Եվ էդ հաղորդումը (կամ սերիալը) անվերջ շարունակվում ու շարունակվում է…

Հիմա սերիալներում ի՞նչ է կատարվում. մարդկանց ցույց են տալիս մի բան, որն իրականում չկա մեր երկրում: էդքան վատ բան կա՞ մեր ընտանիքներում, որ ցույց են տալիս հեռուստացույցով: Լուրերով էլ մենակ վատ բաներ են ասում՝ ով ում ծեծեց, սպանեց, ինչ քանդեց: Կարծում եմ՝ ցույց են տալիս, որ մարդիկ սովորեն, ընտելանան, դառնան էնպիսին, ինչպիսին իրենց ուզում է տեսնել հեռուստատեսությունը:

Փչացնում են հանդիսատեսին, որովհետեւ խելացի, մտածող մարդը հեռուստատեսությանը պետք չի, իսկ դեբիլացած մարդուն ինչպես ուզեն, այնպես էլ «կխաղացնեն»: Հասկանում եմ, որ ռեյտինգիներ կան, բայց եթե հաղորդումը ռեյտինգ ունի, չի նշանակում, որ այն լավն է:

Ես սովորաբար զգուշանում եմ լրագրողներից: Լրագրողները հիմնականում կիսագրագետ երիտասարդ ու երիտասարդուհիներ են: Որովհետեւ ուսյալ չեն: Նրանք լրագրող են դառնում, քանի որ ուզում են մեջտեղ ընկնել, հեռուստացույցով երեւալ, այլ ոչ թե սիրում են իրենց գործը: Անկիրթ լրագրողները նյութը գրում են ու անգամ չեն էլ  ինֆորմացնում, թե երբ է նյութը տպագրվել, որ կարդաս:

Ամենավատն էն է, որ ուրիշի բերանով են իրենց ուզածն ասում: Ես դադարել եմ հարցազրույց տալուց, որովհետեւ համոզվել եմ՝ էն, ինչը տպագրվել է իմ տված հարցազրույցը չի, այլ լրագրողի ֆանտազիան է: Իսկ երբ հեռուստատեսությամբ ես հարցազրույց տալիս, մեկ էլ տեսնում ես՝ ինչ-որ կիսատ-պռատ տեղից խոսքդ մոնտաժել-կտրել են, եւ ասածդ լրիվ հակառակ իմաստն է ստացել:

Իհարկե, կան լրագրողներ, որոնք իրենց մասնագիտության համար կյանք են տալիս: Լավ լրագրողների անունները այ էդ «գիտունիկներն» են գցում:

Վահագն Հայրապետյան
ջազմեն

Դպրոցը՝ Պ.Չայկովսկիի անվան երաժշտական դպրոց
Համալսարանը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Սիրելի գիրքը՝ Հերման Հեսսեի ստեղծագործությունները
Սիրելի ֆիլմը՝ Էմիր Կուստուրիցայի “Черная кошка, белый кот”
Սիրելի երաժշտությունը՝ երաժշտություն, որն ունի մեղեդի, հարմոնիա եւ ռիթմ, որը դիպչում է սրտիդ
Սիրելի սպորտաձեւը՝ լող, չմշկասահք, ձիասպորտ, ֆուտբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «Եթե հայտնի ես, չի նշանակում ստեղծագործ ես»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *