2013.01.25,

Քննադատ

Ութանկյուն ընտրություններ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նախագահական ընտրությունները քարոզարշավը Հայաստանում հետաքրքիր մեկնարկեց։ Շատ լրատվամիջոցներ, քաղաքական տեխնոլոգներ ու հանրային կապերը ուսումնասիրող տարբեր մասնագետներ կարծիք հայտնեցին, որ նախընտրական քարոզարշավը ավելի շուտ կառուցվում է ոչ թե գաղափարական, ծրագրային, այլ ցուցադրական ու հուզական մոդելով։

Նախագահի 8 թեկնածուներից ընդամենը մեկ-երկուսն են իրենց նախընտրական արշավի հիմքը դարձրել ծրագրային դրույթները, իսկ մնացածը ընտրել են էմոցիոնալ (շատ դեպքերում՝ նաեւ միտումնավոր աբստրակտ, քարոզ չպարունակող) եղանակը, որն իրականում զարմանալիորեն ու հաճելիորեն թարմացնում է մեր եթերը, թերթերի ու կայքերի բովանդակությունը։ Եւ ընդհանրապես՝ հանրային կյանքը։ Այս ընտրությունները ոչ այնքան ընտրությունը հստակեցնելու կամ չկողմնորոշված ընտրազանգվածը իր կողմը քաշելու, այլ ավելի շուտ էքսպերիմնետներ փորձարկելու ու նախընտրական շոուին նոր գույներ ավելացնել առիթ են։ Մի առիթ, որից Հայաստանը չի կարող խուսափել ու պարտավոր է ազատ, թափանցիկ ու մրցակցային դաշտ ստեղծել։ Այս անգամ մրցակցությունը ամենաբարդ տարրը ստացվեց։

Ի վերջո, քաղաքականությունը ապրանք է, որի վաճառքը երբեմն (եթե ոչ միշտ) նորարարության ու գովազդային թարմ տրյուկների կարիք ունի։ Եւ կարծես թե այս քարոզարշավը հենց տրյուկների փորձարկման հարթակ է դարձել։

elections13-armenia
«Հ1»-ով ցուցադրվող նախընտրական հոլովակակները փաստեցին. այս քարոզարշավը իրոք ազատ ու թափանցիկ է։

Նախագահի թեկնածուներին խոշոր կուսակցություններ չեն սատարում (բացի մեկ թեկնածուից, իհարկե), քարոզարշավն էլ քաղաքական չէ (մեծ իմաստով՝ փոփոխության սպասելիք ու երկընտրանք չկա)։ Եւ սուր քաղաքական պայքարի պատրանք ստեղծելու համար էքսպերիմենտներ են արվում։ Հետաքրքիր է, որ նորամուծությունները արվում են իրական կյանքում, եւ հետո միայն տեղափոխվում եթեր, համացանց կամ էլ տեղ գտնում գովազդային եւ հակագովազդային պաստառներում։

Րաֆֆի Հովհաննիսյանը ակտիվ հանրային կյանք է վարում. զբոսնում է փողոցներով ու այգիներով, իջնում մետրո, պատահական վարսավիրանոց մտնում, որտեղ կտրում ու հարդարում է մազերը, թանգարան ու գրադարաններ այցելելում։ Եւ տարբեր լրատվամիջոցներն ու նկարահանող սարքերով զինված քաղաքացիները 422(նույնպես պատահականորեն) հայտնվում են այդ թանգարանում (Երվանդ Քոչարի), գրադարանում (Ազգային), վարսավիրանոցում (փոքր)։

Հաշվի առնելով մեր հեռուստատեսության ու լրատվական կայքերի բովանդակությանը, կարելի է ենթադրել, որ լրագրողներից քչերը սեփական ցանկությամբ թանգարան կամ գրադարան կայցելեին։ Իսկ նախագահի թեկնածուի շնորհիվ դա անում են։

Հանրային հեռուստատեսության եթերում անվճար քարոզի շրջանակներում ամեն երեկո Հրանտ Բագրատյանը փոքր դասախոսություններ է կարդում Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի ու այն շտկելու ուղիների մասին։ Իսկ Արամ Հարությունյանը ուղիղ դիմում է Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ վերջինս պարտված է եւ ավելի լավ է ապահով դարձնի ոչ թե Հայաստանը, այլ սեփական ծերությունը։

Անդրիաս Ղուկասյանը փողոցում հացադուլ է անում, հորդորում թեկնածուներին հանել իրենց թեկնածությունները, ակտիվորեն  հարցազրույցներ տալիս ու իրեն այցելած հյուրերին ընդունում։

421Մեդիան ու սոցիալական ցանցերը հետեւում են նախագահի թեկնածուի քայլերին գրեթե ռեալիթի շոուի ռեժիմով։ Մանավանդ, որ բոլոր լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, ինչ մշտադիտարկման փուլում են գտնվում ու ջանում են չխախտել նախագահական թեկնածուների քարոզարշավի հավասարակշիռ լուսաբանումը։ Արդյունքում՝ ամենամեծ սպառում ունեցող լուրերը դառնում են ոչ թե գեղեցիկ, գլամուրային պատրաստված հոլովակները (աստղերի, ընտանիքի անդամների ու հայկական առաջնորդական գենի գերակայության մասին պատմող), այլ հենց սերիալի վերածված թեկնածուների զբոսանքներն ու հացադուլին միանալու ցանկությունները, հորդորներն ու հրավերները։

Քաղաքականությունը հաճախակի է վերածվում ռեալիթի շոուի, որի մասնակիցները ընտրվում են անհայտ մնալ ցանկացող, բայց մեծ լիազորություններով օժտված բեմադրիչի կողմից կազմակերպած քասթինգի արդյունքում։

Եթերից ելութ ունեցող, փողոցային պաստառներից ժպտացող, վեհաշուք, պրովոկատիվ կամ էլ ծայրաստիճան պարզունակ կարգախոսներով զինված ութ մարդ հայտնվել են մեկ տարածքում՝ ուս-ուսի տված ու միասնաբար ձեւավորելով մի թատերախումբ, որի յուրաքանչյուրն իր կերպարանքն ու բեմում շարժվելու իր բաժին անկյունն է ստացել։ Եւ այդ բեմադրությանը հետեւելը շատ ուսանելի ու հետաքրքիր է։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *