2011.07.19,

vox populi

Մեր ծրագրերը անհաջող cover-ներ են

Հազարից մեկ է մարդուն նման առիթ տրվում, եւ ես որոշել եմ, օգտվելով առիթից, գովերգել բոլոր ծանոթներիս ու փնովել բոլոր նրանց, ում վրա շուտվանից աչք եմ ունեցել: Մի խոսքով` ոչ մի խոսք անաչառության մասին: Գնացինք:

Գրեթե բոլոր հեռուստածրագրերը արտասահմանյան հեռուստածրագրերի անհաջող copy paste-եր են: Ցանկացած հեռուստածրագիր երգի պես մի բան է: Շատ հաջողված երգերն ունենում են իրենց cover-ները: Եթե cover ես անում, ուրեմն պիտի անես այնպես, որ այն լինի կամ օրիգինալից օրիգինալ, կամ ընդհանրապես չլինի, հակառակ դեպքում` կորելու է cover-դ cover-ների անհուն ծովում: Մեր ծրագրերը անհաջող cover-ներ են, որոնք վաղ թե ուշ (կախված հովանավորների զորությունից) անհետ հեռանալու են` թողնելով մեզ լոկ հուշեր: 

Թողնենք հեռուստածրագրերի կրկնօրինակված ֆորմատը մի կողմ ու անցնենք հաղորդավարներին: Եթե այժմյան քիչ թե շատ հայտնի ծրագրերը միաժամանակ միացնենք ու փորձենք գոնե 5 տարբերություն գտնել հաղորդավարների միջեւ, ուրեմն շեն կենանք մենք: Բոլորը նույնն են ու վերստին կրկնօրինակված: Աղջիկները տենչում են Սոբչակին նմանվել, տղաները եւս: Ոչ խոսել գիտեն, ոչ էլ մի ուրիշ բան, որ գոնե ուրիշ բանի խաթր նայեինք- զմայլվեինք: Ու նրանցից յուրաքանչյուրը մի քանի մշտական հեռուստադիտող ունի, որոնք հանդիսանում են կամ մորաքրոջ թոռներ, կամ հարեւաններ կամ էլ անչափահաս ու դեռ չինքնահաստատված ու հաղորդավարին խելակորույս սիրահարված դեռահասներ:

Կամ մեր կայքերի վիճակը, վիճակը… Բոլորի առաքելությունն ասես միայն այցելուների անհրաժեշտ քանակն ապահովելն է, ու կապ չունի, թե ինչի շնորհիվ: Անխնա բազմանում է սփամն ամենուր: Պրովոկացիոն վերնագրեր են ընտրում ու փորձում ուշադրություն գրավել: 

«Սթար սուպերմարկետներից մեկում Սիրուշոն վեճի մեջ է ընկել աշխատողի հետ»: Գրավե՞ց… Մտնում ես, որ կարդաս, գրած է. «Սիրանույշ Վարդազարյանը, որը նոր է վերադարձել հայրենիք Ռուսաստանից, մտավ առաջին իսկ պատահած սուպերմարկետն ու վեճի մեջ ընկավ աշխատողի հետ. անհավատալի՜ է, բարեկամներ, անհավատալի՜…»: 

«Նազենին ամուսնացավ. դիտեք ֆանտաստիկ ֆոտոներն ու վիդեոշարքը», «Լեւոնը Սերժի հետ խաշ է ուտում. գժվել կարելի է. նկարներ եւ վիդեոշարք» եւ այսպես շարունակ…  

Հիմնականում ոչ մի ինֆորմացիա չի հասնում մեզ կայքերի միջոցով: Սփամով ողողված նյութեր` տակը Տորիչելյան դատարկություն: 

Հիմա ռադիո չեմ լսում: Ընդունելության տարիներիս էի լսում ու մի ծրագիր` «Գիշերը Կարեն Ավետիսյանի հետ» ռադիո Վանի եթերով: Հետո փակվեց էդ խեղճ տղայի գործն ու վերջ տրվեց իմ ռադիո լսելուն: Անցնենք առաջ : Թե ուզում ես կյանքով լցվել, մոտիվացվել ու եդեմական դրախտավայր Մայր Հայաստանիդ համար ապրել, ուրեմն պարտադիր կերպով ամեն երեկո դիտիր որեւէ հեռուստաալիքի լրատվական ծրագիր: Իսկ երբ կհոգնես հեքիաթներից ու կորոշես այլեւս չկախվել փրփուրներից, կարդա որեւէ ընդդիմադիր լրատվական միջոցի հաղորդած ինֆորմացիա … Դե ի՞նչ, եղբայր, պահն է եկել հանդիսավոր, որ հավաքես ճամպրուկներդ ու մեկնես հեռու մեզանից. սա Գեհեն է, հայրենիքը չէ քո: 
Անորոշություն…

Քննարկման սեղանին մնացին սերիալները, որոնք ամենակատարյալն են այս ամենի մեջ: Ուսուցողական թեմաներ, ինֆորմացիայով լեցուն մտքեր, գեղեցիկ ու տեսարժան վայրեր, չափից դուրս գրագետ դերասաններ ու խորիմաստ երկխոսություններ: Ամեն ինչ գրեթե անթերի է. ու թող ոչ ոք ոչինչ չասի. ես այդպես եմ կարծում ու մեկ էլ կամենում եմ, որ գոնե մի քանի ամիս, կամ ,գրողը տանի, գոնե մի քանի տարի անց առավելություններն այնքան շատ լինեն, որ ես էլ մոռանամ մանր-մունր թերությունների մասին ու ինքնամոռաց գովքս կապեմ:
Այսքանը: Ձեզ հետ էր Հայաստանի ձայնը Մասիվից: Մինչ նոր հանդիպում: Լավ կացեք:

Օֆելի Մինասյան
բլոգեր, տնտեսագետ

Դպրոցը՝ Ա.Ղարիբյանի անվան N142 դպրոց
Համալսարանը՝ Երեւանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ
Սիրելի գիրքը՝ Ֆրանսուազա Սագանի «Բարեւ, թախիծ»
Սիրելի երաժշտությունը՝ Տիգրան Կարապետյանի «Ծաղիկներ, ծաղիկներ»
Սիրելի սպորտաձեւը՝ մեծ թենիս
Սիրելի արտահայտությունը՝ «Ում ուզում ես տուր, բայց ոչ լրջին»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *