2011.10.28,

Տեսակետ

«Մեդիան օգտագործելով կարող ես փոխել աշխարհը»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ջոն Ալպերտը ամերիկացի լրագրող եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ է՝ հայտնի  հարյուրավոր նշանավոր վավերագրական ֆիլմերի արտադրությամբ, որոնք լուսաբանում են պատմական իրադարձությունները աշխարհի այնպիսի խնդրահարույց վայրերում, ինչպիսիք են Վիետնամը, Կուբան, նախկին Խորհրդային միությունը, Չինաստանը, Նիկարագուան, Ֆիլիպինները, Կորեան, Աֆղանստանը, Իրաքը:

Իր կարիերայի ընթացքում Ալպերտը արժանացել է 15 Էմմի եւ 3 Դյուպոն-Կոլումբիա մրցանակների:

Վերջին տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել վավերագրական ֆիլմարտադրության մեջ: Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաներն ազդում վավերագրական ֆիլմերի ստեղծման վրա:

Փոփոխությունն այն է, որ սարքավորումներն ավելի են լավացել ու հեշտացել: Տեսախցիկները կարողանում են «տեսնել» մթության մեջ: Անլար բարձրախոսներ կան, որոնք կարողանում են որակյալ ձայն ապահովել: Սրանք այն սարսափելի խնդիրներն էին, որոնք մենք ստիպված էինք լինում լուծել:

Այժմ տեսախցիկներն այլեւս թանկ չեն, իսկ տեխնոլոգիաներն ավելի դեմոկրատական են դարձել: Մեդիան հնարավորություն է տվել սովորական մարդկանց նյութեր նկարահանելու եւ փոխանցելու: Նույնիսկ ձեր բջջային հեռախոսը ավելի որակյալ է նկարահանում, քան այն հին տեսախցիկները, որոնք օգտագործում էինք 4 տարի առաջ: Տեսախցիկները, որոնք օգտագործում էինք այն ժամանակ, 75,000 ԱՄՆ դոլար արժեին, հետեւաբար շատ քիչ մարդիկ ունեին: Անհրաժեշտ էր նաեւ լույս եւ այլ տեխնիկա, ինչը շատ ծանր էր: Իսկ այժմ բոլորն իրենց գրպանում ավելի լավ տեսախցիկներ ունեն, քան այն տեսախցիկներն էին, որոնք մենք՝ պրոֆեսիոնալներս օգտագործում էինք այն ժամանակ:

Ինչպե՞ս են ինտերնետն ու մասնավորապես տեսանյութեր տարածող կայքերը ազդում վավերագրական ֆիլմերի տարածման վրա:

ԱՄՆ-ում երեք հիմնական հեռուստաընկերություն կար, որոնք վերահսկում էին հեռուստատեսությունը: Եվ եթե չէիք հաջողացնում դրանցով հեռարձակել ձեր ֆիլմերը, ոչ ոք չէր տեսնում դրանք: Իսկ հիմա կարող եք վերցնել ձեր հեռախոսը, նկարել ինչ-որ բան եւ տեղադրել այն ինտերնետում, ուր բոլորը կարող են տեսնել: Եվ սա բացարձակ հեղափոխություն է. ոչ ոք չգիտի, թե այն ուր է տանում, բայց այն բազմաթիվ հնարավորություններ ունի, որոնք գոյություն չունեին նախկինում:

Ինտերնետը վավերագրողներին հնարավորություն է տալիս լսարանին ցույց տալ իրենց ֆիլմերը, ինչը նախկինում չկար: Վատն այն է, որ շատ աղմուկ կա դրա շուրջ, քանի որ հիմա շատերն են դրանով զբաղվում: Երբ տեսանյութերը նայելու ընդամենը մի քանի միջոց կար եւ դու բավական հաջողակ էիր մարդկանց ռեպորտաժներդ ցույց տալու համար, բոլորը տեսնում եւ խոսում այդ մասին:

Այժմ բոլորը խոսում են միաժամանակ: Երբեմն անգամ շատ լավ ռեպորտաժների համար դժվար է ճանապարհ հարթել թոհուբոհի միջով:

Մեկ այլ բան է, որ ռեպորտաժը հեռարձակելու այս նոր միջոցներից շատերը եկամուտ չեն բերում վավերագրողներին կամ լրագրողներին: Երբ հեռուստաընկերությունում ես աշխատում, գիտես, որ ռեպորտաժներդ նայելու են ու վճարելու են:

Իսկ հիմա, այո՛, ձեր ռեպորտաժը ինտերնետում է, բայց դուք հիմնականում անվճար եք աշխատում: Այսպիսին է տնտեսական եւ տեխնոլոգիական իրավիճակը: Հին սերնդի համար նաեւ դժվար է հասկանալ նոր տեխնոլոգիաները: Մենք բավական խելացի ենք, որպեսզի հասկանանք, որ դրանք կարեւոր են, դրանք փոխելու են աշխարհը, բայց երիտասարդները պետք է փոխեն, ոչ թե մենք:

Որո՞նք են ձեր աշխատանքի էթիկական մարտահրավերները եւ ինչպե՞ս եք  դրանք լուծում:

Բոլորը փորձում են ազդել մեդիայի վրա, որովհետեւ մեդիան իսկապես կարեւոր է: Սա այն տեղն է, որտեղից մարդիկ ինֆորմացիա են ստանում: Եվ հատկապես ժողովրդավարական հասարակությունում կամ այն հասարակությունում, որն ուզում է ավելի ժողովրդավարական դառնալ, լրագրողի դերը չափազանց կարեւոր է:

Եվ քանի որ մայրդ, եղբայրդ ու քույրդ վստահում են քո տեղեկատվությանը, պետք է լավ աշխատես՝ համոզվելու համար, որ այն ճիշտ է: Եվ քանի որ մարդիկ մեծ մասամբ լավն են, ճշգրիտ տեղեկատվություն ստանալիս նրանք լավ որոշումներ կկայացնեն, իսկ սխալ տեղեկատվություն ստանալիս կարող են վատ որոշումներ կայացնել:

Օրինակ՝ երբ մենք գնացինք Իրաքի դեմ պատերազմելու, կառավարությունն ու որոշ լրագրողներ սխալ լուրեր էին տարածում, թե Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի եւ պատրաստվում է կիրառել այն ԱՄՆ-ի դեմ: Նրանք (կառավարությունն ու լրագրողները) օգտագործում էին նաեւ այն զայրույթը, որ ամերիկացի ժողովուրդը զգում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նկատմամբ: Նրանց ինչ-որ կերպ հաջողվեց սա կապել Սադամ Հուսեյնի հետ, իսկ վերջինս կապ չուներ այդ ամենի հետ: Զանգվածային ոչնչացման ոչ մի զենք էլ չկար: Հազարավոր մարդիկ զոհվեցին Իրաքում: Սադամ Հուսեյնը գնաց, ինչը լավ է, որովհետեւ նա սարսափելի մարդ էր ու վատ կառավարիչ իր ժողովրդի համար: Բայց լրագրողները լավ չաշխատեցին պատերազմի սկզբում: Արդյունքում շատ մարդիկ տուժեցին:

Հաճախ միայն լրագրողներն են, որ կարող են օգնել հասարակությանը ճիշտ վարքագիծ դրսեւորել, որովհետեւ նրանց աշխատանքն է ոչ թե կարծիքներ, այլ իրական ճշմարտությունը ներկայացնելը, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ որոշումներ կայացնել:

Ո՞րն է ամենազարմանալի բանը, որ  սովորել եք՝ աշխատելով վավերագրական ֆիլմարտադրության ոլորտում:

Ամենազարմանալին այն է, որ սովորական, իսկապես հասարակ մարդը, ինչպիսին ես եմ, մեդիան օգտագործելով՝ կարող է փոխել ոչ միայն իր շրջապատը, այլեւ աշխարհը: Եվ սա ամենազարմանալի բանն է, որ պատահել է ինձ հետ: Երբ դա պատահեց, ես ավելի զարմացած էի, քան որեւէ մեկը: Եվ չնայած ես գիտեմ, թե դա ինչպես է կատարվում, այն միշտ զարմացնում եւ հուզում է ինձ, որովհետեւ սա այն է, ինչ ես իսկապես ուզում եմ անել: Եվ այն, որ ես կարող եմ անել դա ամեն օր, տպավորություն է ստեղծում, թե ապրում եմ հրաշքների աշխարհում:

ԱՄՆ-ը շատ պատերազմներում է եղել ներգրավված: Եվ հատկապես այս պատերազմներում ամերիկացների համար շատ դժվար է տեղեկատվություն ստանալ: Պատերազմները շատ հեռու էին, եւ լրագրողների համար շատ դժվար էր հասնել պատերազմական գոտի: Կարծում եմ՝ ամենակարեւոր բանը, որ արել եմ վերջին 10 տարիների ընթացքում, օգնելն է ամերիկացի ժողովրդին հասկանալ, թե ինչպիսին է պատերազմը, ինչ է կատարվում աշխարհում եւ ով է դրա համար «վճարում»:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *