2018.10.10,

vox populi

Մարիամ Մկրտչյան. «Մարդիկ են մեդիան, հեղափոխության սիմվոլները»

Ամռան վերջն Ուլյանովսկում ենք դիմավորում: Քաղաք է Ռուսաստանում՝ Լենինի ծննդավայրը՝ Լենին-յան ու Լենին-ոտ:

Լրագրողական սեմինարների ենք: Հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, գերմանացիներ: Շատ չենք, բայց տարբեր ենք, շատ տարբեր, ու լավ է: Դե, ինչպես նման հանդիպումներում հաճախ  է լինում, country night ենք կազմակերպում: Երկիրդ ներկայացնելիս ուզում ես առավելագույնս սուբյեկտիվ լինել. մեր դեպքում, որ գերմանացին ցանկանա դուրս գալ Եվրամիությունից ու միանալ մեզ, ադրբեջանցին ուզենա բացել սահմանը, ռուսն էլ հասկանա՝ մեզ իրենց ‹‹խոպան տեղը››  հեչ պետք չէ: Ինչևէ, սկսում ենք: Այս անգամ՝ ոչ լավաշ, ոչ քրիստոնեություն, ոչ հյուրասիրություն, ոչ էլ ցեղասպանություն. այս անգամ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ:

Եվ քանի որ մեր գերմանացի գործընկերներն էլ ‹‹velvet››  բառը մի քիչ շփոթել-փոխել էին, դարձրել ‹‹pink››, հասկացանք՝ պատմել է  պետք:

‹‹Հուհ››…. հնչում է ուլյանովսկյան երիտասարդական  փոքրիկ սրահից մեր՝ հայերիս ծափը: Ձեռքերը ցավեցնելու չափ ‹‹հուհ›› ենք անում: Մեր ծափն էլ միաձուլվում է էկրանին հայտնված տեսանյութի հազարավոր հայերի  ծափին. մեր ծափին էլ միացնում ենք արտասահմանցի ընկերների զարմանքն ու ժպիտը: Դե ‹‹հուհ››-ը բացատրել չի լինի, դու ուղղակի ծափ չես տալիս, դու այդ պահին ուղղակի ապրում-ապրեցնում ես:

Նայում եմ էկրանին՝  հերթով անցնող նկարներին: Ու վերհիշման գործընթացն է սկսվում: Այո՛, ես էլ շատերի նման սկզբում չէի հավատում:  Սկզբում ինձ համար էլ շատ հարմար էր լայվերով ապրումակցելը, մտածելը, բայց իմ հարմարավետ բազկաթոռից: Դե, ապահովությունը  լավ բան է: Ես ուշ միացա հեղափոխությանը: Ինձ միացրին հազարավոր ուսանողներ, քաղաքի փողոցներում օր օրի ավելացող մարդկանց խմբեր, նաև  իմ փոխարեն և ինձ համար ամբողջ քաղաքն ու հանրապետությունը ոտնատակ տվող մարդիկ:

Ու սա այն դեպքը չէ, երբ  կարող ես համարել, որ մտքերով մարդկանց կողքին լինելը հերիք է: Ո’չ, ներկայություն էր  պետք, ֆիզիկական ներկայություն: Դու նայում ես հեռուստացույց, լսում ռադիո, կարդում, բայց դա քիչ է: Մարդիկ էին մեդիան, ու ես սա հասկանում եմ  բառիս ամենաուղիղ իմաստով: Այս հեղափոխությունը քաղաքացի-լրագրող կերտեց: Բայց մարդ-մեդիան էլ միայն live-երը չեն: Մարդիկ իրենց կարգախոսներով, իրենց քայլերով, իրենց հավատով ու համբերությամբ, իրենց բաց ձեռքերով ստիպում էին, որ դու փակես վախի էջը ու գնաս, միանաս, մնաս:

Փողոցներից թափառող մտքերս հետ են գալիս: Գարեգինի ձայնն է: Ինքը ֆոտոլրագրող է: Ինքը ամբողջ ընթացքում եղել է հեղափոխությանը ներկա, ինքը վավերագրել է, ինքը պայթյուն է զգացել ոտքերի տակ: Գարեգինը փայլուն չի խոսում անգլերեն, բայց իրեն հասկանում են շատ ավելի լավ, քան կհասկանային ինչ-որ մեկի սահունությունը: Որովհետև  ինքը ապրածն է պատմում: Ինքը ուզում է ասել, որ եթե հեղափոխությանը չէիր գնում, հեղափոխությունն էր գալիս քեզ մոտ. գալիս ձեռքով էր անում, ասում էր՝ իջիր:

Էլի մի պահ կտրվում եմ ներկայից. Արշակունյաց պողոտայի շենքերի մոտ ենք, հազարներով անցնում ենք, կանչում ‹‹տանը մնացածներին››: Ու հանկարծ դուրս է գալիս մի աղջնակ, ինքը այնքան բարձր ձայն չունի, որ գոռա,  բայց ինքը բարձրախոս ունի, ինքը ուղղակի ասում է, որ բոլորի հետ է, ուղղակի իրեն բոլորը լսում են, ուղղակի ինքը ժպտացրեց, հիմա էլ եմ ժպտում: Կողքիս գերմանացին էլ է ժպտում: Թիմակիցներիս պատմությունը հասել է ‹‹շերեփ-կաթսա օպերացիային››. այնքան կենդանի են պատմում, որ մեծ ցանկության դեպքում  ձայնը կլսես: Ունես երեխա, չես կարող դուրս գալ. հոգ չէ, բացիր պատուհանդ և սկսիր. դու մասն ես ամբողջի:

Fantastic,- անընդհատ կրկնում է կողքիս գերմանացին:

Իհարկե, fantastic, երբ արդեն 3 ժամ քայլում ես ու երազում ինչ-որ բան ուտելու մասին, ու դիմացինդ մտքերդ կարդում ու շրջվում,  քեզ կոզինախ է տալիս. միթե fantastic չէ: Ու դու հասկանում ես , որ ուտում ես աշխարհի ամենահամով ուտելիքը, դու չես ուզել, քեզ տվել են. մեկը, անծանոթ մեկը  ուզել է ՝ դու սոված չմնաս, ուզել է՝ ուժ ունենաս քայլելու: Դե, եթե ուտելիք տվեցին, ուրեմն ջուր էլ կտան… ու տվեցին: Քաղաքը բարություն էր շնչում:

– Քայլում էինք ամբողջ քաղաքով,- պատմում էին ընկերներս,- երթևեկություն չկար, կար ցանկություն՝ ոտքով քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու:

Պատմում-ցույց ենք տալիս … ճանապարհով  նորապսակներ են քայլում, ու մի լայն ժպիտ տարածվում է ամբողջ դահլիճով:  Սեր, ամուսնություն, հեղափոխություն: Այսպես ենք բացատրում հերթական նկարը: Ի՜նչ սիրուն  սիմվոլներ են սերն ու սիրողը:

Մենք ունենք սիմվոլներ, ինձ համար հեղափոխությունը ընդհանուր առմամբ սիմվոլ էր: Սիմվոլը մարդիկ են՝ ավելի խոսուն, քան ‹‹դուխով›› գլխարկն ու շապիկը, որ կրում են: Մենք ունենք մեր սիմվոլները. բոլորինս, բոլորինս հավասար: Մենք ունենք Լեյլա տատիկ, ու շատ ԶԼՄ-ներ երկարաշունչ  չէին գրում, որ մարդիկ ժամերով սպասում էին ընտրությանը, իրենք ուղղակի ցույց էին տալիս Լեյլա տատիկի սպասողական հայացքը: Իսկ ես, հենց ես, ունեմ անծանոթ պապիկ: Ինքն իր հետ ալադի ու խնձոր էր բերել, ինքը դա չէր կարող մենակ ուտել, ինքը մեզ էլ տվեց իր փոքրիկ պաշարից:

Ուլյանովսկյան թիմս հիմա էլ լսում  է հեղափոխության հիմնը՝ ‹‹…ես այսօր անում եմ իմ քայլը››: Իսկ ես կողքիս գերմանացուն թարգմանում եմ բառերը. թող իմանա ինչի մասին է երգը, թող ինքն էլ զգա: ինչպես մենք ենք զգում: Իսկ, այ եթե ինքն էլ մեզ նման փշաքաղվեց, ուրեմն  հաջողեցինք:

Ես հիշում եմ, որ այդ օրերին իրենց քայլն արեցին նաև հազարավոր աշակերտներ: Ես բոլորին չէ, որ  ճանաչում եմ: Բայց հրապարակում կողքիս կանգնած տղան ինձ ծանոթացրեց իրենց տեսակին: Ինքը դասի չէր նստել, որ հրապարակում կանգնի. ինքը՝ առանց  գլխարկ արևային այդ եղանակին, աչքերը մի կերպ կկոցելով, նայում էր էկրանին: Իսկ ես՝ նրա դեմքին, երբ հարց հնչեց երեխաներին հեղափոխական գործընթացում ներառելու մասին: Իր միմիկան շատ խոսուն էր, ինքը գիտեր, որ իր փոխարեն հարցին կպատասխանեն: Սկզբում բարկացավ, ձեռքը բռնուցք արեց, հետո լսեց պատասխանն ու հանգստացավ: Ես ուզում եմ հավատալ, որ պատանի-սիմվոլը լավ է սովորելու դպրոցում ու գնահատելու է կրթության արժեքը:

Մեր արտասահմանցի ընկերներին շատ բաներ ունենք պատմելու, շատ մարդկանց մասին ենք ուզում խոսել, բայց մենք էլ այդ պահին պակաս մեդիա չենք, մենք էլ ենք սիմվոլ: Նայում եմ ընկերներիս դեմքին, ամեն  կադրի, ամեն տեսանյութի, ամեն հիշողության հետ նրանք վերակենդանացնում են հեղափոխության օրերը:

Ուզում ենք հավատալ, որ ներկայացրինք հեղափոխությունը հնարավորինս հետաքրիր, որ իրենք մեզնով հասկացան՝ ինչ է հեղափոխությունը և որն է դրա ֆենոմենը:

Բայց  հայկական երևույթներ էլ կան, որ արտասահմանցիները հասկացել են առանց հայերիս բացատրության. կարիք չկա: Մենք աշխարհքաղաքացի ‹‹արժեքներ›› ունենք: Մեր ադրբեջանցի գործընկերներից  մեկը գալիս-միացնում է ‹‹Մի գնա››-ն: Ասում են՝ ինչ լավ երգ է: Սկսում ենք պարել:

Էհ, ինչ արած. մերն է:
 

Մարիամ Մկրտչյան,
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, չորրորդ կուրսի ուսանող
Այս աշխատանքն արժանացել է 2018թ. «Ես եմ մեդիան» մրցույթի առաջին տեղի մրցանակին

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *