2017.11.30,

Նյուսրում

Ղրղզստանում ծնողներն ուզում են մեդիագրագիտությունը հիմնական առարկա դառնա

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ղրղզստանում մեդիագրագիտության թեման աստիճանաբար տարածում է գտնում: Մեդիագրագիտությունը որպես պիլոտային առարկա ներդրված է երկրի 25 դպրոցներում: Ծրագիրն իրականացնում է Ղրղզստանի «Մեդիայի աջակցության կենտրոնը» Կրթության և գիտության նախարարության և Կրթության ակադեմիայի համագործակցությամբ:

Կենտրոնը մեդիագրագիտության ոլորտում մի շարք հաջողված ծրագրեր ունի, որոնց համար այս տարի արժանացել է GAPMIL-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության  մրցանակի:

«Ծրագրի շրջանակներում ուսուցիչների համար արդեն մշակվել է ուսուցողական պլան՝ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության դասերով: Վերապատրաստվել են 30 ուսուցիչներ: Դասընթացը լինելու է ռուսերեն և ղրղզերեն լեզուներով: Այս պահին ուսուցողական նյութը պատրաստվում է հրատարակման»,-ասում է կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Այչուրեկ Ուսուբաևան:

«Ղրղզստանի Հանրապետության հանրակրթության համակարգում մեդիա և ինֆորմացիոն գրագիտության զարգացման» ծրագիրը նպատակ ունի երիտասարդների շրջանում զարգացնել համացանցային անվտանգության, քննադատական մտածողության, լրատվամիջոցների բովանդակության մեկնաբանման և վերջիններիս կողմից արվող մանիպուլյացիաներին դիմակայելու ունակությունները:

Ուսուբաևան նշում է, որ ծրագրի մշակման քննարկումների ժամանակ հաշվի են առնվել աշակերտների և ուսուցիչների առաջարկությունները: «Աշխատելով ուսուցիչների, ուսանողների և դպրոցականների հետ կենտրոնում հասկանում են, որ մեդիագրագիտությունը մեր օրերում շատ արդիական է: Բոլոր կողմերը հետաքրքրված են առարկայով, ավելին, ծնողները խնդրում են առարկան դարձնել մշտական»,-ավելացնում է կենտրոնի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, ուսուցիչները խնդրում են ավելի ու ավելի թրեյնինգներ և նյութեր ապահովել մեդիագրագիտության թեմայով, իսկ ծնողները հետաքրքրվում են դասընթացներով, դրական արձագանքում դրանց: Երեխաները տարբեր մեդիա նախագծեր են ստեղծում և համալրում քաղաքացիական լրագրողների շարքերը:

Կազմակերպությունն այսօր աշխատում է դիմակայել մարտահրավերներին, որպեսզի ծրագիրը հաջողվի և ամբողջապես ներառվի հանրապետության դպրոցներում:

«Նախ ամենամեծ խնդիրը տարածաշրջանի դասարանների վատ տեխնիկական հագեցվածությունն է, մյուս կողմից՝ հաճախ ենք բախվում շատ ուսուցիչների մեդիա արտադրանքի նկատմամբ պահպանողական հայացքների հետ: Այն սրում է աշակերտների և ուսուցիչների գիտելիքների մակարդակի միջև տարբերությունը»,- անկեղծորեն խոստովանում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, գործընթացը մի փոքր կդանդաղի նաև երկրի կրթական բարդ համակարգի պատճառով:

«Մեդիայի աջակցության կենտրոնը» մեդիագրագիտությունից բացի աջակցության ծրագրեր ունի երկրում խոսքի ազատության, լրատվամիջոցների մասնագիտական և ֆինանսական կայունության ապահովման ոլորտներում:

Հասարակական, ոչ առևտրային այս կազմակերպությունն իր անկախությունը ապահովում է կոմերցիոն տպագրական ծառայություններով: Հիմնադրամն ունի անկախ տպարան, որտեղ անցած տարվա տվյալներով տպագրվել են թերթերի ավելի քան 32,3 միլիոն օրինակ («Սուպեր-ինֆո», «Կոմսոմոլսկայա պրավդա» և այլն):

Նորարարությունների և ուժեղ թիմի շնորհիվ հիմնադրամը Ղրղզստանի  մամուլի ինդուստրիայի առաջատարն է: 14 տարեկան հիմնադրամը ստեղծում է հարթակներ մեդիա ոլորտի երիտասարդ մասնագետների ներուժի բարձրացման և փորձի փոխանակման համար:

«Մեդիայի աջակցության կենտրոն»-ի մեկ այլ՝ «Մեդիագրագիտության դասընթաց» նախագիծը երիտասարդներին տարեկան երկու անգամ գիտելիքներ է տրամադրում մեդիայի և լրագրողի մասնագիտության մասին:

«Դասընթացը սկսվել է 2012թ-ին, որին ամեն տարի մասնակցում է 200 ուսանող և բարձր տարիքի դպրոցական: Այն օգնում է բարձր դասարանների աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում, նրանք  գործնական աշխատանքներ են անում, հասկանում մեդիա ոլորտի նրբությունները»,-ասում է Այչուրեկ Ուսուբաևան:

Հաջողված ծրագրերից է նաև հայտնի գրող Դիանա Սվետլիչնայայի հեղինակային «Ինչպես գրել, որ կարդան» դասընթացը, որը նախատեսված է լրագրությամբ հետաքրքրված ուսանողների և ստեղծագործական ունակությունների զարգացմանը ձգտող մարդկանց համար: Խնդիրը երիտասարդներին սովորեցնելն է, որպեսզի գրեն կրեատիվ,  շարադրեն միտքը մատչելի, գրավոր խոսքում լինեն գրագետ:

 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *