2019.06.13,

Ստուգված է

Հրապարակումները, թե կառավարությունը հաստատել է ԲՀԿ նախագիծը, սխալ են

Միանգամից մի քանի լրատվամիջոց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկած օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը սխալ մեկնաբանեցին՝  գրելով, թե այն հավանության է արժանացել, մինչդեռ իրականում հակառակն էր։

Բացասական եզրակացության հաստատում

Հունիսի 13-ին կառավարության նիստում քննարկվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած օրենսդրական նախագծին եզրակացություն տալու հարցը։ Առաջարկը նախատեսում է լրացում կատարել քրեական օրենսգրքում՝ 16 տարին չլրացած անձանց շրջանում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու» վերաբերյալ։

Ըստ կառավարության եզրակացության, նախագծում առկա էին մի շարք խնդրահարույց կետեր։ Օրինակ, այն, որ ինչպես առաջարկվող նախագիծը, այնպես էլ ՀՀ այլ օրենքները, չեն սահմանում թե ինչ է նշանակում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում»։ Օրենքում անորոշ ձևակերպման առկայությունը կարող է դրա խնդրահարույց մեկնաբանությունների հանգեցնել։  

Ավելին, «քարոզի» հարթակներ ու տարածման միջոցներ, ըստ նախագծի, կարող էին հանդիսանալ համացանցը կամ «տեղեկատվության ընդհանուր միջոցները», որտեղ բովանդակությունը ուղղված է ոչ միայն 16 տարեկանը չլրացած անձանց։

Վերջապես, կառավարության կարծիքով ներկայացվող փոփոխությունները կարգավորվում են ՔՕ այլ հոդվածներով, այսինքն արդեն իսկ քրեականացված են։ Արդյունքում, առաջարկվեց օրենքը թողնել անփոփոխ, այսինքն՝ բացասական եզրակացություն տրվեց ԲՀԿ նախագծին։

Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց հենց այս բացասական եզրակացությունը, սակայն news.am-ը, armdaily.am-ը և Aysor.am-ը լուրը ներկայացրեցին այնպես, կարծես այդ եզրակացությունը դրական էր։ Կայքերը այս թեմայով նույն վերնագրերով հոդվածներ հրապարակեցին՝ «16 տարին չլրացածների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը կպատժվի տուգանքով կամ՝ ազատազրկմամբ»։

Aysor.am-ն ուղղակի վերահրապարակել է կառավարության եզրակացությունը՝ ոչ ճիշտ վերնագիր օգտագործելով։ News.am-ն ու armdaily-ին հրապարակել են նույն տեքստը՝ կրկին օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերնագիր։

Media.am-ում հոդվածի ստեղծման պահին թեմային անդրադարձ կատարած լրատվականներից panarmenian.net-ը ճշգրիտ տեղեկություն է հաղորդել նախագծի եզրակացության վերաբերյալ։

Ռուսաստանի փորձը և դրա «փոխառումը»

Նմանատիպ օրենսդրական նախագիծ արդեն ընդունվել էր Ռուսաստանում 2013 թվականին։ Այդ ժամանակ լրացում կատարվեց ՌԴ ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտումների օրենսգրքում։

Օրենքը մեծ աղմուկ բարձրացրեց և քննադատության առիթ դարձավ թե՛ Ռուսաստանում, թե՛ միջազգային հանրության շրջանում։ 2017 թվականին Մարդու իրավունեների եվրոպական դատարանը օրենքը խտրական ճանաչեց։ 

ԲՀԿ նախագիծը տեղ-տեղ բառացիորեն կրկնում է ռուսական օրենքը (օրինակ՝ «ավանդական և ոչ ավանդական սեռական կողմնորոշումների սոցիալական հավասարությունը խեղաթյուրված ներկայացնել»-ու հատվածում)։

Ի տարբերություն ռուսական օրենքի, հայկական տարբերակում պատիժը շատ ավելի խիստ է սահմանվում՝ ընդհուպ մինչև մեկից երկու տարի ազատազրկում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *