2012.11.06,

Տեսակետ

«Հեռուստատեսությունը մարդուն անպաշտպան է դարձնում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Նկարիչ, համադրող Արա Հայթայանը վերջերս է վերադարձել Պեկինի միջազգային արվեստի բիենալեից, որտեղ Հայաստանը հատուկ ցուցադրությամբ էր ներկայացել (Մեքսիկայի, Հնդակսատանի, Իսպանիայի շարքում)։ Առաջին անգամ հայ ժամանակակից արվեստը Արևելքում կազմակերպվող խոշոր արվեստի ստուգատեսի հատուկ հյուրն էր դարձել:

Հայաստանի ցուցահանդեսի համադրողը լինելով` Արա Հայթայանը նկատում է, որ մի կողմից մենք ներկայանալի արվեստ ունենք, բայց մյուս կողմից չենք կարողանում անհատական նախաձեռնությունների թակարդից դուրս գալ ու ընդհանուր մարտավարության մասը դառնալ։

Եվ այդ պատճառով էլ դատապարտված ենք տարբեր մեդիա ու արվեստի հարթակներում մեր զրույցը աշխարհի հետ զրոյից սկսել: Մանավանդ, որ հեռուստատեսությունն էլ իր հստակ սահմանափակումներն է դնում:

Ի վերջո, փառատոններն ու բիենալեները նույնպես մեդիա հարթակներ են, որոնք օգնում են Հայաստանի դեմքը նշմարել: Պեկինի բիենալեն փոխե՞ց իրավիճակը:

Չինաստանում մեր ցուցադրությունը տպավորեց մարդկանց, բայց չկապվեց Հայաստանի հետ, քանի որ գրեթե ոչ ոք չգիտեր` ինչ է Հայաստանը։ Մանավանդ, որ չինացիները մեր երկրի անունը արտասանում էին Յամենիա ու մենք նույնացվում էինք Ռումինիայի կամ էլ Յեմենի հետ։ Վերջին հաշվով ստրատեգիական խնդիր ունենք լուծելու։

Եթե իմանանք, թե մեր երկրի համար որոնք են այն կարևոր կետերը, որոնց վրա մենք «գրոհելու» ենք, ասենք, մոտակա հինգ տարիների ընթացքում, շատ բան ավելի հստակ կլինի։ Իսկ հիմա պետք է ընդունենք, որ մարդկանց հիշողության մեջ «Արմենիա» անունով երկիր պարզապես գոյություն չունի։

Նախ պետք է իմանալ տաս, որ գոյություն ունես, իսկ հետո ցուցադրես, որ այդ գոյացած երկրում տեսակետներ, քայլեր ու արվեստ կա։

Ամեն անգամ էս տեսակի ֆորումներին ու բիենալեներին մասնակցելով՝ մենք միշտ նույն կետից ենք սկսում խոսակցությունը։ Այսինքն՝ բացատրում ենք, թե մենք որտեղ ենք և ովքեր ենք։ Եվ ստիպված ձեռքներիս քարտեզ ենք պահում, որպեսզի ցույց տանք երկու ծովերն ու մեզ՝ այդ ծովերի արանքում, մի քիչ ներքև։

Խնդիրն այն է, որ հայաստանցին աշխարհին պարզունակ է ներկայանում՝ այնպես, ինչպես մեդիան է կառուցում աշխարհը։ Մեդիան մեզ հստակ պատկերացում է տալիս, որ, օրինակ, ալժիրցուն ֆրանսիացին է սովորեցրել քայլել, երաժշտական գործիք բռնել ու գրել։ Իսկ հայերին ընկալում եմ որպես ռուսների (լրիվ աբսուրդային իրավիճակ)։

Շատերը վստահ են, որ մենք պարզապես չենք եղել (չի եղել նախնադարը, միջնադարը), քանի որ մինչև 1990-ականները մենք ռուս էինք, իսկ հետո աչքերը բացեցինք, տեսանք՝ ինչ է կատարվում աշխարհում ու սկսեցինք կրկնօրինակել։

Աշխարհի համար մենք նոր ենք սկսել մարդ դառնալ և դատապարտված ենք բացատրագիր տալ, թե մենք ովքեր ենք։ Անընդհատ նույն բանն ենք ասում ու ասելու ենք, քանի որ եղած արվեստի ու պատմության շերտերը չենք կուտակել ու արխիվացրել։

Ավելի ստույգ՝ չունենք ողնաշար, որի վրա հիմնված է մեր գոյության շղթան։ Լեյթմոտիվ է հարկավոր, որը պահելով՝ կարող ենք մեր հայկականությունը փաստել։ Դրա պահանջը եղել է բոլոր դարաշրջաններում, մանավանդ՝ հիմա։

Եթե դրսից է մարդ գալիս, դու նրան քո տեղը բացատրելու շանս ունես (կարող ես տանել Մատենադարան, Գառնի, Գեղարդ ու ցույց տաս), իսկ եթե դու ես գնում, զգում ես, որ քո մասին խոսելու գործը հեշտացնելու գործիք չունես։

Արվեստը միշտ էլ եղել է այդ գործիքը:

Իհարկե, արվեստի քարտեզ գծելով ես մարդկանց քո մասին տեղյակ պահում։ Բոլոր հզոր ու ոչ այնքան հզոր տերությունները շատ լավ հասկանում են, որ արվեստն իրենց գոյությունը փաստելու կարևոր այցեքարտ է։

Ավելին՝ արվեստն այսօր օգտագործվում է հետագա գոյությունը փաստելու համար։ Արվեստի հետևից են գալիս արդյունաբերությունը, ֆինանսները, տնտեսությունը և այլն։

Իսկ մեզ մոտ հիմա արվեստը ածանցյալ վիճակում է։ Արվեստի հանդեպ վերաբերմունքը շատ լավ երևում է թերթերի կառուցվածքից։ Արվեստը վերջին էջում է՝ գովազդի ու սպորտի արանքում։

Նույնիսկ ինտերնետային էջերում է մշակույթը փոքր մաս զբաղեցնում։ Իսկ դա նշանակում է, որ միտքը ամենավերջում է։

Մինչդեռ այսօր միջազգային լրատվական դաշտը լրիվ այլ կառուցվածք ունի. արվեստն է դառնում դեմքը, որի հետևից ձգվում են մյուս բնագավառները: 

Չինաստանի լրատվության մեջ կա՞ այդ մոտեցումը:

Մանավանդ Չինաստանում է դա զգացվում, իսկ Եվրոպայում այդ կառուցվածքը վաղուց է կիրառվում։ Չինաստանը գիտակցում է, որ արվեստն իր համար ելք է։ Իր քանակի, իր պոտենցիալի համար այսօրվա Չինաստանը ելք է ապահովում արվեստի միջոցով, իսկ մնացած հարցերը թողնում է երկրորդ պլանում։

Բոլոր այլ դաշտերում այսօրվա Չինաստանը մեծ հավակնություններ ունի, բայց լավ հասկանում է, որ այս մոլորակի վրա իր ոտնատեղը արվեստն է։

Եվ Հայաստանը, հատուկ ու ընդարձակ ցուցադրությամբ մասնակցելով Պեկինի այս մասշտաբային բիենալեին, փաստեց, որ նույնպես պատրաստ է մեծ դերակատարություն ունենալ։

Եվ հարց է առաջանում՝ մենք այդ դիրքորոշմանը տե՞ր ենք։ Մենք իսկապես սառույց քանդող քայլ արեցինք, որը լիարժեք էր որպես ցուցահանդես, սակայն, որպես տեսական նյութ, զրոյական արձագանք ունեցավ ու փոշիացավ։

Խոշոր ֆորումներին մասնակցությունը տալիս է նոր հնարավորություններ, և, այս թելը պահելով, պետք է անցնել հաջորդ քայլերին, վերլուծել, հաջորդ նախաձեռնությունները մշակել, հակադրություններով լի մտածողության դաշտ ստեղծել։

Ցանկացած բան շղթա է, և մենք հիմա մի լավ օղակ ենք ամրացրել, բայց չգիտենք՝ ինչ է լինելու հետո։

Իսկ Չինաստանը գիտե: Լինելով բիենալեի ընդունող կողմը՝ Չինաստանը ցուցասրահի կեսը վերցնում է իրեն, քանի որ 84 մասնակից երկներից 83-ին իր արածը ցույց տալու խնդիր ունի։ Չինաստանը շատ տեսանելի չափ է դրել՝ կեսը ես եմ, կեսը՝ դուք։

Բայց մյուս կողմից՝ չինացիները այս քայլն իրենց կրթելու միջոց են համարում նաև։ Նրանք բացեիբաց ասում են՝ մենք երկար տարիներ փակված ենք եղել և կորցրել ենք աշխարհի հետ շփումը։ Եվ հիմա դա պիտի լրացնենք։

Դա նաև մեր վիճակն է, ավելի փոքր մասշտաբով, իհարկե։

Փակվածության առումով՝ մեր վիճակն է, բայց կեցվածքի առումով՝ ոչ։ Այսինքն՝ իրենք բաց են ընդունելու համար, իսկ մենք փակվել ենք։ Չինաստանը բացվելու, ինքնակրթվելու որոշում է կայացրել։

Մենք մեր ինքնության տարբերակները նեղացրել ենք ու թվացյալ կերպով դա պաշտպանում ենք։

Շատ կարևոր է հասկանալ, թե մեծ առումով որո՞նք են տվյալ ազգի կենսունակության պահպանման ձևերը այսօրվա աշխարհում։ Գտնել զարգացման մոդելը, որը հատուկ է քո երկրին։

Իսկ ո՞րն է հայկական մոդելը։

Մեր ընտրած (կամ էլ չընտրած, բայց հայտարարված) մոդելը չինական մոդելի հակապատկերն է։ Մենք համարում ենք, որ մենք ինքներս արդեն արժեք ենք ու մի քանի նշանների մեջ ենք մեզ անընդհատ փնտրում ու դրանց մեջ էլ լճանում ենք։

Հետաքրքիր է, որ մենք այսօր աշխարհում եղած շարժումները մի կողմից կապկում ենք (դրա վառ ապացույցը հեռուստատեսային բովանդակությունն է), բայց մյուս կողմից՝ չենք հասկանում, թե իրականում ինչ է կատարվում, ու որքան խղճուկ է ժողովրդին առաջարկված հայրենասիրական, նացիոնալիստական մոդելը։

Չինացիների հետաքրքրությունն ամենուրեք է և անծայր, իսկ մենք ինքներս մեզ վրա ենք սևեռված։ Իհարկե, մենք չենք կարող կրնօրինակել նրանց վերաբերմունքը, բայց նրանց քաղաքականությունից օգտվելու տեղ հաստատ ունենք, մանավանդ՝ արվեստի ոլորտում, որը մեզ մոտ վերանալու եզրին է։

Հասկանում եք՝ այսպես, թե այնպես յուղաներկ կտավի վրա կքսվի (իրար նման տնակներ, սարեր, հավիկներ ու կանայք անընդհատ կնկարվեն), հարցը դա չէ։

Հարցն այն է, որ անհատականությունները, բազմազան սուբյեկտիվ մտածողությունն է դուրս գալիս երկրից։ Եվ այդ պատճառով արվեստի շարունակականությունը չի կապակցվում։

Ստացվում է այնպես, որ ցանկացած նախաձեռնություն մնում է որպես անհատական մի որոշում ու պետական մշակութային քաղաքականության մասը չի դառնում։

Ամեն մեկս, մեր մեջ մեր անհատական մշակութային քաղաքակության վրա հիմնվելով, պերսոնալ ուղղորդիչներով ու սեփական գրագիտությամբ զինված ինչ-որ քայլեր ենք անում։

Հետո հասնում ենք ինչ-որ արդյունքի, որը, թեև կարող է հետաքրքիր լինել, բայց բոլոր դեպքերում անհայտ արդյունք է։

Կարող եմ վերջերս Երևանում տեղադրված քանդակների օրինակը բերել։ Քանդակները կոպիտ, ագրեսիվ միջամտություն դարձան, և հետո միայն քաղաքացիները սկսեցին մտածել դրանց մասին։ Հնչեցին ե՛ւ պահպանողական, ե՛ւ անեկդոտիկ կարծիքներ, սակայն ամեն դեպքում միտք առաջացավ, հարցեր տրվեցին։

Իհարկե, իշխանությունները նման բան չէին ուզենա, քանի որ իրենք Երևանը մտածողության մոդելի չեն վերածում, այլ ընդամենը «սիրունացնում» են։

Բայց հետաքրքիր է, որ «սիրունացման» շերտը նաև այլ շերտերի հակադարձմանն է հանգեցնում։ Վերջին հաշվով՝ մի բան պիտի անես, որպեսզի ապտակ ուտես։

Ավտորիտար կամ կիսաավտորիտար պետությունները սովորաբար միշտ հսկողության տակ են պահում հեռուստատեսությունը: Չինաստանում այդպե՞ս է:

Չինական հեռուստատեսությունը ընդունված է համարել պահպանողական, բայց իրականում այն սարսափելի բաց է, կարող ես տեսնել բոլոր ամերիկյան ֆիլմերն ու շոուները չինարեն թարգմանած։ Միակ պահպանողական բանը տաղավարների կարմիր ձևավորումն է։

Չինական հեռուստատեսությունն այնպիսի թափ է հավաքել, որ իրենց արած նմանակումներն ավելի իրական են դարձել, քան, ասենք, ամերիկյան օրիգինալները։

Ֆուտբոլի մեջ, օրինակ, այնպիսի մեծ փողեր են ներդրված, որ անգամ Չեմպիոնների Լիգայի ֆուտոբոլային խաղերը չինացին արդեն կարող է և չդիտել, քանի որ շատ ֆուտոբալային աստղեր չինական ակումբներում են խաղում ու ավելի հաճախ դաշտ են դուրս գալիս հենց Չինաստանում։ 

Չինացին այլևս կարող է ուշադրություն չդարձնել եվրոպական ֆորումներին. նա արդեն իրենն ունի ու իրենով է անում ամեն ինչը։

Իսկ հայկական հեռուստատեսությունն ունի՞ իր առանձնահատկությունները։

Հայկական հեռուստատեսությունն ունի առաջնահերթությունների իր սանդղակը, որը մարդուն դարձնում է անպաշտպան։

Հեռուստատեսության ազդեցությունը սահմանափակվում է կոնկրետ սերնդով։ Այն մեծահասակների համար է։ Գալիս է ուրիշ սերունդ, որի կյանքում հեռուստատեսությունն արդեն դեր չի խաղում։

Ամեն դեպքում շատ ցավալի է, որ մարդիկ սահմանափակվում են հեռուստատեսությամբ, նույնիսկ եթե իրենք արդեն պատկառելի տարիքի են հասել և մեծ հաշվով այս կյանքում անելիք չունեն։

Բայց մի կողմ թողնենք տարեցներին։ Ավելի սարսափելի է, երբ աշխարհի չափազանց նեղ ընկալումը հեռուստատեսությունը սերմանում է երեխաների մեջ։

Իհարկե, հեռուստատեսությունը թույլ է տալիս մարդուն խուսափել մենության զգացումից, զգալ իրեն մեծ համայնքի մի մասը։ Բայց մեր հեռուստատեսության ուշադրության կենտրոնում հայտնվում են այնպիսի հարցեր, որոնք իրականում թուլացնում են մարդուն ու զրկում պաշտպանվածությունից։

Չէ՞ որ վաղը մարդն, իրականության հետ առերեսվելով, ավելի բարդ խնդիրների է բախվելու և հասկանալու է, որ պատրաստ չէ դրանք հաղթահարել։

Նոր սերնդին վաղվա մարտահրավերներն են սպասում, բայց նրան հեռուստատեսությամբ արդեն համոզել են, որ մտածելու թեմաները թաղի զրույցներն ու զոքանչի խնդիրներն են միայն։

Եվ պարզ է, որ այդ սերունդը իրականության զոհ է դառնալու, քանի որ նոր խաղերի, նոր մարտահրավերների պատրաստ չի լինելու։

Մեր հեռուստատեսությունը աշախարհը նեղ, պարզունակ էթնիկ մոդելի մեջ է ներկայացնում (հիմնականում սերիալների միջոցով)։

Եվ դրա արդյունքում էլ, երբ հայաստանցի երիտասարդներն այդ մոդելից դուրս մի միջավայրում են հայտնվում կամ հեռուստասերիալների հերոսներից տարբեր մի անձնավորության են հանդիպում, նրանց մոտ միանգամից ագրեսիվ հարց է ծագում. «Արա, էս ո՞վ ա»։

Այսինքն՝ ստացվում է, որ «Ո՞վ է»-ն անհայտն է։ Ընդ որում՝ այդ անհայտը գնալով ավելի է խորանալու, քանի որ արդեն իսկ հեռուստատեսության առաջարկած կերպարներն այնքան են նեղացել, որ ընդամենը 1-2 մոդելի մեջ են տեղավորվում։

Ո՞րն է դրա վտանգը։

Դրսից եկածը մեզ համար ամեն անգամ անհայտ է լինելու (ասելու ենք՝ էս ո՞վ է, էս ի՞նչ է) ու չենք կարողանալու մեր տեսածը տեղավորել իմացածի մեջ։

Հեռուստատեսությունը սպառող մարդը դանդաղորեն խխունջանալու ու ներփակվելու է, քանի որ անընդհատ զգալու է, որ այն, ինչը մուտք է գործում աշխարհից, իր հետ կապ չունի։ Եվ ինքն էլ աշխարահի հետ կապ չունի։

Նա իր ներսում նեղ ու փոքր մի միկրոկոսմոս է ստեղծել, որն էլ իր հերթին արդեն ոչ մի բանի հետ կապված չէ։ Դա է անհանգստացնողը։

Մեր հեռուստատեսության ստեղծած աշխարհը վեկտոր չունի. ո՛չ դեպի անցյալ է տանում, ո՛չ դեպի աշխարհ, ո՛չ էլ դեպի ապագա։ Այսինքն՝ միակ ուղղությունը ներքին բամբասանքն է, որը լճացնում է ու ի վերջո հանգեցնում փտախտի։

Փորձում եմ որքան կարելի է հեռու մնալ հեռուստատեսությունից։

Նկատելի է, որ մեր լրահոսը կառուցվում է վտանգի վրա՝ սպանվել, խեղդվել, այրվել է։ Բռնությունը լուրերին գրավչությո՞ւն է հաղորդում։

Միջազգային լրահոսն էլ է կառուցված է արյան վրա։ Լուրերի կառուցվածքում միշտ պահպանվում է տագնապը, որը հուշում է, որ աշխարհը կատարյալ չէ (նույնիսկ Ճապոնիայի պես բարեկեցիկ երկրում աղետներ են լինում)։

Իսկ հետո բնականորեն հաղորդվում է, որ գաղութացված երկրներում հերթական ահաբեկչական ակտերն են տեղի ունենում (Իրաքում շարունակվում են պայթյունները)։ 

Եվ այդ ամենը դիտվում է ոչ թե որպես արտառոց, այլ որպես շատ բնական մի իրողություն։

Դրանով մարդուն փորձում են պահել արյան, կորստի ու մոտալուտ վտանգի սահմաններում։

Նյու Յորքի վերջին դեպքերն, օրինակ տեղեկատվական դաշտում ներկայացան որպես մի մեծ ահազանգ։ Եթե անգամ Նյու Յորքի պես անխափան գործող քաղաքի կյանքն է խափանվում, ուրեմն աշխարհը կատարյալ չէ։ 

Այդ միտքը տարբեր կերպ տարիների ընթացքում ամրապնդվում է մարդկանց հոգեբանության մեջ և տեղեկատվական դաշտից կախվածություն ստեղծում։

Կարծում եմ՝ ամեն դեպքում շահում է այն լրատվամիջոցը, որն իր էջերում որոշակի կրթական բաժին է ստեղծում ու փորձում է լսարանին նախապատրաստել նոր մարտահրավերներին, այդ թվում՝ նաև այսպես կոչված աշխարհի վերջին։

Հստակ է, որ կոլոնիալ խոշոր երկրների լրատվական դաշտում երկու հիմնական ուղղություն կա։

Մի կողմից՝ փնովվում է հետամնաց երկների վայրենությունն ու բարբարոսությունը, սակայն մյուս կողմից՝ ցուցադրվում է, թե ինչ ինքնատիպ մշակույթ ունեն նրանք, որի նմուշները տեղ են գտնում աշխարհի լավագույն թանգարաններում։ 

Եվ դա ազգային նացիոնալիզմը զսպելու շատ հետաքրքիր ձև է։

Թվում է, որ շատ դժվար է զսպել, ասենք, ֆրանսիացու նացիոնալիզմը։ Բայց ամեն անգամ Լուվրում հերթական Բուդդայի արձանը տեսնելով՝ ֆրանսիացին սկզբում զարմանում է, իսկ հետո ընտելանում այն մտքի հետ, որ իր կողքին աշխատող հնդիկ հավաքարարը խոշոր մշակույթի կրող է, իսկ ինքը միակը չէ։

Մեզ մոտ հակառակ քարոզչությունն է. մենք միշտ հայկական հետք ենք փնտրում ու միանգամից ընդունում նրան, ով հայկական գեն ունի։

Մեր ողբերգությունն այն է, որ, Հայաստանի մոդելն ունենալով մեր մեջ, մենք չենք կարողանում պահել կողքինին հանդուրժելու ու նրա միջոցով նաև աշխարհը գնահատելու սկզբունքը։

Շատ դժվար է, օրինակ, ընդունել, որ թուրքերն էլ են արժեքներ թողել։ Հենց այդ մասին խոսք է գնում, միանգամից դիմադրություն է առաջանում։

Շատ վտանգավոր է, երբ սկսում ենք հավատալ, որ բացի մեզանից ոչ ոք իրենից արժեք չի ներկայացնում։

Ես երբեք չեմ տեսել, որ մեր նախաձեռնությամբ մի մասշտաբային հեռուստատեսային հաղորդում պատրաստվեր մեր հարևանների՝ վրացիների ճշմարտացի որոշումների կամ հաջողությունների մասին։ Եղած հաղորդումներն ընդամենը դեկորատիվ բնույթ ունեցող «Եվրատեսիլը» կամ որևէ փառատոնն են։

Կողքիդ ապրողի արածով հիանալը շատ թանկ զգացում է, որը «նստում» է մարդու մեջ ու վերապրումի շնորհիվ փաստում հարևանների (նաև հենց քո) գոյությունը։

Ամեն դեպքում մեր լրատվաքարոզչական սիստեմը բավականին անօգնական է և անտոգոնիզմի մեջ է ժողովրդի հետ։

Հայաստանի պես պետության համար ներքին խնդիրների մեջ ներփակվելը հավասարազոր է մահի, քանի որ ժողովրդի մարմինը (8 մլն-ը) Հայաստանից դուրս է, այստեղ է ընդամենը վերջույթներից մեկը (2 մլն-ը)։

Մարմնով դրսում գտնվող ժողովրդի համար դրսի երկրներն ու դրսի մարտահրավերն են ակտուալ։

Չէ՞ որ Գերմանիայում ապրող հայն իրեն հարմարավետ զգալու համար ուզում է սիրել Գերմանիան, իսկ գյումրեցի կանայք, որոնք Ստամբուլում առևտուր են անում, բնավ էլ չեն ուզում ատել թուրքերին, քանի որ հասկանում են՝ օրվա հացը ապահովող առևտուրը թշնամության վրա չի կառուցվում։

Այդ մարդիկ հակասության մեջ են լրատվական քարոզչության հետ:

Իսկ որո՞նք են այն նշանային դեմքերը, որոնցով Հայաստանը ներկայանում է աշխարհին մեդիա դաշտում:

Եվրոպացիների համար այդպիսի նշան է Ազնավուրը։ Բայց Ազնավուրը նոր արվեստ ցույց տալու հարթակ չէ։ Նա կա մարդկանց հիշողության մեջ, բայց մեր ինքնության, էսօրվա կերպարի մասին խոսելու համար Ազնավուրը մեզ չի օգնում։ 

Մենք «շահագործում» ենք Ազնավուրին ու չենք ստեղծում մեր նշանները, ըստ որոնց էլ կարող ենք բացատրել, թե հայն ով է։

Թող անհամեստություն չթվա, բայց նաև Պեկինի բիենալեի շնորհիվ Հայաստանը սկսեց գոյանալ։ Արվեստը սկսեց կերպար ձեռք բերել։

Օրինակ, մեր հարևան Վրաստանը Պեկինի բիենալեում դեռևս չի կարողանում լայնամասշտաբ ներկայանալ, իսկ Ադրբեջանն առհասարակ չկա այս հարթակում: Փոխարենը հսկայական ներուժ է ներդնում Պարսկաստանը, Թուրքիան է հետաքրքիր նախագծերով ներկայանում։

Ուզում եմ ասել, որ այս բիենալեն տարածաշրջանային մասնակցության յուրահատուկ քարտեզ է։ Մենք կարող ենք հզոր պետությունների կողքին մեր ասելիքը դնել:

Իհարկե, եթե հասկանանք դրա կարևորությունը: 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *