2012.10.02,

Քննադատ

Հեռուստամանիպուլյացիա Օսկանյանի գործով

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործի լսումներն ԱԺ-ում բոլոր հեռուստաընկերությունները լուսաբանեցին կառչելով զուտ մեղադրողի եւ պաշտպանվողի «փոխհրաձգություններից»: Սակայն բոլոր հեռուստաընկերությունները խոսքները մեկ արած բաց թողեցին լսումների «կուլիսներում» ծավալվող բացահայտումները՝ մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ գլխավոր դատախազին ուղղված մեղադրանքը կապված նրա ծառայողական ավտոմեքենայի հետ:

Շանթի «Հորիզոն» լրատվականի գլխավոր թողարկումը Փաշինյանից առանձնացրեց Օսկանյանին ուղղված կոնտեքստից կտրված այն միտքը, թե «երբ լսեցի, որ Հանթսմանները ձեզ 2 մլն դոլար են փոխանցել, զարմացա: Դուք 10 տարի ԱԳ նախարար եք եղել եւ տիրապետել եք պետական գաղտնիքներ»: Լրատվամիջոցը, որը պետական չէ, այսպիսով հարվածեց ընկածին պատգամավորի տեսակետը գերադասելով նույն պատգամավորի ճչացող փաստի մեջբերումից: Եթե լրատվամիջոցն այդքան շատ էր ուզում ոչնչացնել Վարդան Օսկանյանին, կարող էր ՀԱԿ պատգամավորի ընդդեմ ԲՀԿ-ական պատգամավորի ասված մեկ այլ միտքն օգտագործել. «Արդյո՞ք օրինաչափ էին ձեր, Ռոբերտ Քոչարյանի եւ իրավապահ մարմինների գործողությունները 2008 թ. մարտի 1-ին եւ չեք պատրաստվում այդ 2 մլն դոլարը փոխանցել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին»: Պոպուլի՞զմ է: Ո՞վ է դա որոշում:

Իսկ ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի զարմանքն առավել արժանահավատ է: Ի դեպ, «Առաջին լրատվականը» նույնպես առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի զարմանքը: «Առաջին լրատվականը» հասկանալի պատճառներով չառանձնացրեց Օսկանյանի կամ Նաիրա Զոհրաբյանի դիտողությունը, թե ինչն է պատճառը, որ դատախազությունն ընկել է նախկին արտգործնախարարի ետեւից:

Քաղաքական հետապնդմանը անդրադարձավ հ2-ը: Փոխարենը Օսկանյանին մեղադրող գլխավոր դատախազին ուղղված Փաշինյանի մեղադրանքը այս հեռուստաընկերությունը նույնպես լռության մատնեց: Ոչ ոք չի մոտեցել գլխավոր դատախազին հասկանալու, թե ի՞նչ նկատի ունի Փաշինյանը: Բոլորը բավարարվել են ակնհայտ մեղադրանքով, արդեն հարուցված քրեական գործով: Ինչու՞: Որովհետեւ լրագրողներն ընկել են պատրաստի նյութի ետեւից, նրանք չեն փորձել հասկանալ մի մեղադրանք, որը նրանց չի մատուցվել բոլոր մանրամասներով: Նրանք չեն փորձել ջանալ:

Թվարկվածներն առաջատար հեռուստաընկերությունների համբավ ունեն: Նրանք որոշակիորեն աշխատում են իրենց ծրագրերի, նաեւ լուրերի վարկանիշների բարելավման ուղղությամբ: Ոչ ոք շահագրգռվածություն չցուցաբերեց ուղիղ եթերում հեռարձակելու ԱԺ հիշյալ նիստը: Բացառված չէ, որ դա օրենքով կարգավորելու հարց է:

Բայց ուրիշ որտե՞ղ կարող է ծավալվել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, եթե ոչ խորհրդարանում: Նշանակում է, հեռուստաընկերությունները պետք է շահագրգռվածություն ցուցաբերեն ԱԺ նիստերը լուսաբանելու հարցում, վստահ եմ, ոչ ոք դա նրանց չի արգելի, նույնիսկ եթե օրենքն այդ մասին լռում է:

Հայտնի է, որ երեկվա նիստը հեռարձակվում էր ԱԺ պաշտոնական կայքում (www.parliament.am): «Ֆեյսբուքում» լրագրող գործընկերներիցս մեկը նկատել էր, որ ԱԺ կայքը երբեք այսքան պահանջված չի եղել, որքան երեկ: Այսինքն, նախկին արտգործնախարարին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին քննարկումներն ամեն օր տեղի ունեցող հարց չեն: Եթե հրապարակային միջոցառմանը լրագրողը չի կարողանում դրսեւորվել, հասարակությանն է մնում, թե ինչպես կարող է ընկալել այս կամ այն իրադարձությունը: Մենք ոչ միայն նրան չմատուցեցինք իրադարձությունը, այլեւ պատմեցինք այն, ինչը բոլոր կայքերը բոլոր հեռուստաընկերություններից առաջ արդեն հաղորդել էին:

Հեռուստաընկերությունները փորձեցին մնալ թեմայի մեջ՝ ինքնուրույն ոչինչ չկորզելով: Նրանք նույնիսկ ԱԺ նախագահից կամ գլխավոր դատախազից չչփորձեցին պարզել, թե ի՞նչ են նրանք պայմանավորվել Օսկանյանի հետ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում եւ ինչու՞ է պարոն Օսկանյանն իրեն խաբված զգում նիստերի դահլիճում:

Հետեւությունն այն է, որ հեռուստաընկերությունները Օսկանյանի դեմ հարուցված մեղադրանքի եւ ԲՀԿ-ական պատգամավորի արդարացման լուսաբանումը զրկեցին մերձմեղադրանքային կոլորիտից, որից առնվազն երկու հոգի՝ Նիկոլ Փաշինյանը եւ Աղվան Հովսեփյանը չէին կարող չոր դուրս գալ՝ շնորհիվ հեռուստաընկերությունների. առաջինը պիտի պատասխան տար զրպարտության համար (եթե զրպարտում է Աղվան Հովսեփյանին), երկրորդը պիտի պատասխան տար հափշտակության կամ յուրացման համար (քանի որ այդպես էլ չի հերքել մամուլի բազմաթիվ հրապարակումները ուրիշի սեփականությունն իր ծառայողական ավտոմեքենան դարձնելու փաստով):

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *