2013.11.01,

Քննադատ

Հայր-կայքերի ակտիվացած դուստր-դոմեյնները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մերօրյա մեդիա դաշտում աշխատող լրատվամիջոցներին ու տարատեսակ ինֆորմացիոն հարթակներին չստուգված, անբարեխիղճ կազմված տեղեկություն հրապարակելու համար մեղադրելը հեշտ գործ է:

Միայն լիակատար ծույլը չի շտապում մի քանի կծու քննադատական խոսք ասել լայն իմաստով պսեւդո-սենսացիոն, էքսկլյուզիվ-սկանդալային, էրոտիկ-ահազդու ոճով լուրեր տարածող առցանց հարթակների հասցեին: Որոնց թվում ի դեպ՝ հաճախ ինքնակամ հայտնվում են նաեւ լուրջ լրատվամիջոցները՝ փորձելով դիմակայել ներկայիս կիսաշուկայական-կիսաքարոզչական իրականությանը:

Լրատվական հարթակներից շատերը ստեղծում են իրենց «դիտարժան» ենթակառուցվածքները՝ life, blog, style եւ այլ ենթադոմեյններով:

Այսպիով նոր տենդենց է ի հայտ գալիս. լրատվական կայքերը փորձում են տարանջատել զանգվածային բնույթի նյութերը ինֆորմատիվ բովանդակությունից (բայց չհրաժարվել այդ բովանդակությունից):

Այդ տենդենցը թույլ է տալիս հանուն ընթերցողների քլիքերի մղվող մրցավազքին մասնակցել, եւ միաժամանակ ինքնամաքրվող ու ավելի ճկուն ինֆորմացիոն կամպանիայի իմիջ ստեղծել: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ինքնամաքրման պրոցեսը նույնպես նման է մրցավազքի՝ բայց արդեն բոլորովին այլ կանոններով:

Ենթադոմեյներում թրաֆիկ ավելացնելու համար չեն խորշում ասեկոսեներ, ակնհայտ «դեղին» ինֆորմացիա, նաեւ բացահայտ ապատեղեկություն հրապարակելուց: «Ունիկալ», «էքսկլյուզիվ», «շտապ» բառերով ուղեկցվող լուրերն ու տեսաշարերը մեծամասամբ կարծես հենց օդից են բուսնում, եւ թվում է, որ «դեղին» լուրերի աղբյուրների ու հղումների մեխանիզմները նույնպես «դեղնում են»:

Լեդի Գագայի մերկանալու մասին լուրն, օրինակ, հեղինակություն ունեցող հայաստանյան լրատվամիջոցներից մեկի՝ 1in.am-ի ենթադոմեյնը ներկայացվում է որպես մեկ այլ հայաստանյան կայքի՝ lurer.com-ի բովանդակություն: Երկրորդ կայքը ոչ մի հղում չի էլ անում: Եվ ստեղծվում է տպավորություն, որ մեր այս մեծ աշխարհում ամերիկյան փոփ-երգչուհուն մերկ լուսանկարահանել հաջողվել հենց հայաստանցի լրագրողին, որն էլ ցանկացել է անանուն մնալ:
 
Կամ առաջարկվում է  հավատալ, որ Անջելինա Ջոլին ուզում է ԱՄՆ նախագահ դառնալ: Որպես այս լուրի աղբյուր live.mediamall.am-ը նշում է (օ~, զարմանք) operative.am-ը, որն էլ իր հերթին ոչ մի աղբյուրի հղում չի տալիս: Այսինքն, ստացվում է, որ սա հայկական փոքր կայքի էքսկլյուզիվ գտածո լուր է, որի մասին դերասանուհին ինքն է հայտնել:

Լրատվամիջոցների life, blog, style հատվածներում չեն գործում հեղինակային, տնտեսական, ոչ էլ տրամաբանական օրենքները: Օրինակ, անհայտ է, արդյոք ամենաընթերցվող կայքերի առաջատարներից մեկը՝ news.am-ը «Playboy»-ի մերկ աղջիկներով օրացույցի լուսանկարները վերատպելու իրավունքը գնե՞լ է, թե՞ ոչ:

Ինֆորմացիայով գերհագեցած մեր կյանքում առաջնային է դառնում մակերեսային, հպանցիկ հայացքը, արագ քլիքը, կիսաբաց աչքով ընթերցումը: Եվ ոչ թե մենք ենք փնտրում ինֆորմացիա, այլ ինֆորմացիան է փնտրում մեզ: Անգամ հետապնդում է:

Եվ հասկանալի է, որ այս պայմաններում լրատվամիջոցները ստիպված են մանեւրել դեպի պարզը, զանգվածայինը, հիշվողը, հնարովին:

Այդ դերը լավագույնս կատարում են «դեղին» լուրերը, որոնք հասցեագրված են ոչ թե մարդու գիտակցությանը, այլ բնազդներին: Եվ ինչպես նշում էր հոգեվերլուծաբանության հայրը՝ այդ հիմնական բնազդները երկուսն են. սեքսն ու մահը: Եվ հիմնականում դրանց շուրջն էլ պտտվում է լրահոսը՝ կազմվելով էրոտիկ բնույթի պատկերներով ու մահվան սարսափազդու մանրամասների ներկայացմամբ:

Կարելի է, օրինակ, գտնել սուպերմարգինալ մի անձի, ով սեքսուալ մարաթոն է հայտարարել կամ մեկ ուրիշի, ով ուսումնասիրում է իր սեռական օրգանները: Կարելի է սպանությունների դետալների ու ոստիկանության արձանագրությունների հիման վրա լուր կառուցել:

Ամեն դեպքում՝ լուրերի տարանջատման այս նոր միտումը մեր մեդիա դաշտում փաստում է, որ լրատվամիջոցները փորձում են ինֆորմացիայի կարեւորության հիերարխիան պահպանել: Եվ լրահոսը կառուցում են մի կողմից սեփական քաղաքական գծի համաձայն, իսկ մյուս կողմից՝ բավականին անփույթ տաբլոիդներ ստեղծում, որտեղ այստեղից-այնտեղից հավաքագրում են նորությունները, միմյանց հղում են անում եւ հանրային հնչեղություն չունեցող ինֆորմացիան միահամուռ ուժերով դարձնում են զանգվածային:

Ենթադոմեյններում մեր լրատվամիջոցներն իրոք նույն գործն են անում եւ նույն նպատակներն ունեն` հեշտ ու էժան ձեւով այցելուներ են հավաքում եւ փորձում ցանկալի դառնալ պոտենցիալ գովազդատուների համար:

Բայց միեւնույն ժամանակ չեն ուզում նույնանալ սեփական դուստր-ձեռնարկությունների հետ՝ մասնակիորեն խուսափելով «դեղին դուստրերի» համար պատասխանատվություն կրելուց:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *