2017.01.31,

Քննադատ

Հայաստանյան հետճշմարտություն՝ ադրբեջանական ծագման մանկական կաթնախառնուրդը Հայաստանում

author_posts/lusine-grigoryann
Լուսինե Գրիգորյան

Մեդիագրագիտության մասնագետ, լրագրող

«Մամաներ ջան, զգույշ եղեք» ձևակերպմամբ հերթական խուճապահար գրառման պատճառը ֆեյսբուքյան ծնողավարական խմբերում հունվարի 30-ին լրատվական կայքերի տարածած տեղեկությունն էր, թե

Ա) դեղատներում վաճառում են ադրբեջանական ծագման մանկական կաթնախառնուրդ
Բ) այդ կաթնախառնուրդից երեխա է թունավորվել, սրտխառնոց է ունեցել:

Shamshyan.com-ի պնդմամբ՝ այս բողոքով իրենց են զանգել քաղաքացիներ, որոնք ցանկանում են անհայտ մնալ: Նույն հոդվածը տեղեկացնում է. «Ստուգումներից հետո հայտնել են, որ նրա սրտխառնոցների պատճառը ամենևին էլ կաթի փոշուց չէ»: Դրան հակառակ, հոդվածը վերնագրված է «Ինչպես է կասկածելի մանկական կաթի փոշին, որով երեխա է թունավորվել, հայտնվել Հայաստանում, իսկ նրա վրա առկա է ադրբեջանական ֆեյսբուքյան էջի հասցե. Ֆոտոռեպորտաժ»:

Նյութի վերջում կայքը շեշտում է, որ «երբ պոկում ենք ներկրող ընկերության պիտակը, նոր հասկանում ենք, որ այն արտադրված է Ադրբեջանում»: «Ֆոտոռեպորտաժում», որը կաթնախառնուրդի տարայի լուսանկարների շարքն է, երևում է, որ հայերեն մակնշման պիտակի տակ գրված է արտադրող ընկերության ադրբեջանական կայքի ու ֆեյսբուքյան էջի հասցեն, հեռախոսահամարը: Այս հղումներն ամենևին չեն փաստում, թե ապրանքն արտադրված է Ադրբեջանում:

Հոդվածի հեղինակը նաև պարզել է, որ կաթնախառնուրդը Հայաստան է ներմուծում ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, ինչն էլ հենց շատ այլ լրատվականների համար հոդվածների առիթ դարձավ:

«Դերժավայի Արկադիկը վաճառում է ադրբեջանական կաթի փոշի» կամ «ԱԺ պատգամավորը Հայաստան է ներմուծում ադրբեջանական մանկական կաթի փոշի՞, որից արդեն երեխա է թունավորվել (լուսանկար) Shamshyan.com» վերնագրերը տարածվեցին նաև սոցցանցերում՝ առաջացնելով մարդկանց վրդովմունքը, ովքեր պատգամավորին պիտակեցին «անաստված», «անթասիբ», «դավաճան» և «գենետիկորեն թուրք»:

Հունվարի 31-ին Սննդի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) իր ֆեյսբուքյան էջում պարզաբանեց իրավիճակը. «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում»:

Այս պարզաբանումը ակտիվորեն տարածվեց ֆեյսբուքյան թեժ քննարկումների մեկնաբանություններում: Չնայած դրան, մնացին լրատվամիջոցներ ու սոցցանցերի օգտատերեր, որոնք շարունակում էին տարածել չճշտված, անհայտ, ընդամենը ահազանգողի ենթադրությունների վրա հիմնված ու արդեն իսկ պաշտոնապես հերքված տեղեկությունները:

Օրինակ՝ Asekose.am-ը ՍԱՊԾ բացատրությունը հրապարակեց հետևալ վերնագրով՝ «ՍԱՊԾ-ն` ԱԺ պատգամավորի` Հայաստան ադրբեջանական մանկական կաթի փոշի ներմուծելու լուրի մասին», նախ հաստատելով կեղծ լուրը, ապա հոդվածի մեջ հերքելով այն:

Իսկ Lurer.com-ը, մեկ այլ թյուրիմացության մեջ գցեց ընթերցողին՝ գրելով՝ «Կասեցվել է «Nutrilon ProNutra» մանկական կերի վաճառքը». կայքը շփոթել էր ՍԱՊԾ-ի այսօրվա պարզաբանումն ու կաթնախառնուրդի նույն ապրանքանիշի վերաբերյալ ամիսներ առաջ եղած հայտարարությունը:

Հայաստանյան Ֆեյսբուքում ու մեդիայում նմանատիպ խուճապային իրավիճակ առաջին անգամ չէր ստեղծվում: Օրինակ, 2015թվականի ապրիլին, երբ ցանցերն ու լրատվականներից մի քանիսը գրեցին, թե Հայաստան է բերվել ՁԻԱՀ-ով վարակված նարնջի խմբաքանակ, գրեթե նույն պատկերն էր:

Այսպիսի հոդվածների ազդեցության գրավականը մարդկանց ազգային ու ծնողական զգացմունքների շահարկումն է, դավադրությունների լեգենդի խաղարկումն ու էմոցիոնալ դաշտի ստեղծումը, որտեղ վախն ու զայրույթը («հայի գենի» պահպանման թեման ակտուալ է) թույլ չեն տալիս ըմբռնել փաստերը:

«Համոզիչ» կեղծիքի հաղթանակը իրական փաստերի նկատմամբ մեդիա մասնագետները բնորոշում են «հետճշմարտության» ժամանակաշրջանով, երբ ազդեցիկ է այն լուրը, որը, թեկուզ կեղծ է, բայց հուզում է, թեև հիմնված չէ ճշտված փաստերի վրա, բայց մարդկանց թաքնված մտահոգությունների, ցանկությունների ու վախերի արտահայտումն է: Հետճշմարտությունը, անգլերեն՝ post-truth 2016-ին ներառվեց Օքսֆորդի բառարանում:

«Նոր բառի կիրառությունը գագաթնակետին հասավ 2016-ի hունիսին՝ Բրեքսիթի շուրջ աղմուկի և Դոնալդ Թրամփի առաջադրման համատեքստում: Կիրառության հաճախությունը չի նվազում և ես չեմ զարմանա, որ հետճշմարտությունը դառնա մեր ժամանակների բնորոշիչ բառերից մեկը»,- բացատրել էր «Օքսֆորդի բառարաններ» ընկերության նախագահ Կասպեր Գրաթուոլը:

ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրությունից հետո մասնագետներն ու մեդիան ավելի շատ են խոսում կեղծ լուրերի տարածման վտանգավոր միտումների ու հնարավոր լուծումների մասին, որոնցից հիմնականը համարում են ավելի մեդիագրագետ ու քննադատական մտածողության հմտություններով լսարան ունենալը: The New York Times—ը վերլուծական և ուսումնական նյութեր է առաջարկում՝ սովորեցնելով տեղեկությունների մեջ չխճճվել հետճշմարտության օրերում:

Լուսինե Գրիգորյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *