2013.02.12,

Քննադատ

Հայաստանի նախագահական ընտրություններն ու մեդիան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի անցած հինգ նախագահական ընտրություններում լրատվամիջոցները տարբեր աստիճանի դերակատարում են ունեցել:

Երկու տեղական հեռուստաընկերություն, մեկ ռադիո և մի շարք տպագիր թերթեր․ սրանք էին նախընտրական քարոզարշավի գործիքները 20 տարի առաջ: Այսօր նման հաշվարկն անհնար է: Հեռուստաընկերությունները, տպագիր մամուլը, նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետն իր բազմաթիվ գործիքներով բոլորովին փոխել են ընտրարշավի պատկերն ու ռիթմը: Ինչպիսի՞ն էր լրատվամիջոցներ-քարոզարշավ կապը նախորդ ընտրություններին:

1991թ.-ի նախագահական ընտրությունները համընկան Հայաստանում տպագիր մամուլի վերածննդի ժամանակշրջանի հետ: Այն ժամանակ թերթերն ազդեցիկ էին: «Հայաստանի Հանրապետությունը», «Ազգը», «Երկիրը», «Անդրադարձը», «Մունետիկը» եւ մյուս օրաթերթերը կարողանում էին ազդել հասարակական կարծիքի ձեւավորման վրա: Անկախ հեռուստաընկերություններ դեռ չէին ձեւավորվել:  Պետական հեռուստաընկերության եթերում լրատվական-քաղաքական հաղորդումներից առանձնանում էր «Հայլուրը»:

Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում լրատվամիջոցների աշխատանքը չի դիտարկվել ոչ միջազգային, ոչ տեղական կազմակերպությունների կողմից: Այդ շրջանում՝ համընդհանուր ոգեւորության ալիքի վրա լրատվամիջոցների դերը ընտրությունների ելքի հարցում այնքան էլ որոշիչ չէր:

1996թ.-ի  նախագահական ընտրություններն առաջինն էին, որոնց լուսաբանման համար համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողներին հավատարմագրեր էր շնորհել:

Ընտրությունները թեժ էին, լրատվամիջոցներով պայքարն էլ սուր էր: Հատկապես մեծ էր հեռուստատեսության դերը: Անվճար եթերաժամանակից բացի՝ թեկնածուները կարող էին օգտվել նաև վճարովի քաղաքական գովազդի հնարավորությունից: 1 րոպե եթերաժամի գինը սահմանվել էր 20 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Զանգվածային լրատվամիջոցների Եվրոպական ինստիտուտի եւ Երեւանի մամուլի ակումբի անցկացրած մոնիտորինգի համաձայն՝ պետական հեռուստատեսությամբ թեկնածուներին տրամադրված ժամանակի 84%-ը բաժին էր հասել գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Հեռուստատեսության «Լրաբեր» նորությունների ծրագիրն ակնհայտորեն հարում էր Տեր-Պետրոսյանին: Ընտրություններից չորս օր առաջ հեռարձակված «Լրաբերի» թողարկումներից մեկն ամբողջությամբ՝ 13  րոպե 40 վայրկյան, նվիրված էր պաշտոնավարող նախագահի գործունեությանը:

«Օրենք եւ իշխանություն» հաղորդաշարը, որն այն ժամանակ վարում էր ներկայումս Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, երկու բանավեճ է հեռարձակել նախագահի թեկնածուների կողմնակիցների մասնակցությամբ:

1996-ին պետական հեռուստատեսությունն ակտիվորեն կիրառում էր հակաքարոզչության տեխնոլոգիան: Կոմունիստական կուսակցության թեկնածու Սերգեյ Բադալյանին հիշեցնում էին Սովետական Միության բոլոր բացասական երեւույթները, Վազգեն Մանուկյանին մեղադրում էին իր վարչապետության շրջանում երկրի խնդիրները չլուծելու համար:

Տպագիր մամուլն արդեն կորցնում էր ազդեցությունը: Թերթերի միջին տպաքանակը տատանվում էր երեք հազարի շուրջը, իսկ բոլոր օրաթերթերի ընդհանուր տպաքանակը չէր գերազանցում 50 հազարը: Հատկապես մարզերում լրատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն էր: Մյուս կողմից՝ Երեւանում, որտեղ ընդդիմադիր եւ անկախ թերթերը ավելի մատչելի էին, ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը հաղթել էր գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում նաեւ հեռուստաընկերության ներուժի կիրառման արդյունք էր:

1998թ.-ի արտահերթ նախագահական ընտրությունները լուսաբանում էին ոչ միայն պետական հեռուստաընկերությունը: «Ա1+»-ը,  «ԱՐ»-ը, «Արմենիան» արդեն աշխատում էին: Այս նախագահական ընտրությունների ընթացքում առաջին անգամ  ընտրատարածքներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կազմակերպվեցին ուղիղ միացումներ դեպի հեռուստատաղավարներ, իսկ Ա1+-ը ուղիղ լրատվություն հաղորդելու համար կիրառում էր դեռևս նորույթ հանդիսացող բջջային հեռախոսներ:

Զանգվածային լրատվամիջոցների Եվրոպական ինստիտուտի մոնիտորինգի համաձայն՝ պետական հեռուստաընկերությունը բացահայտորեն աջակցում էր գործող վարչապետ Ռոբերտ Քոչարյանին: Լրատվական թողարկումներում ընտրարշավի լուսաբանման 42.15%-ը նվիրված է եղել Քոչարյանին, 16.65%-ը՝ ընդդիմադիր թեկնածու Կարեն Դեմիրճյանին:

Հեռուստատեսությամբ իշխանության թեկնածուի օգտին քարոզչությունը, ընդդիմության թեկնածուի դեմ հակաքարոզչությունը շատ ավելի էր կատարելագործվել, քան 1996-ին էր: Հեռուստատեսությունը կարողացավ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել որպես ուժեղ, մարդկային դեմքով անձնավորության, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ որպես միայն անցյալի հիշողություններ առաջարկող թեկնածուի: Այս ընտրությունները ավելի ընդգծեցին հայտնի դրույթը՝ հաղթում է այն թեկնածուն, ով ավելի ազդեցիկ լրատվամիջոցներ ունի:  Հենց պետական հեռուստաընկերության անվերապահ աջակցությունն էր, որ Ռոբերտ Քոչարյանին օգնեց հաղթել ընտրությունների երկորդ փուլում:

2003թ.-ի ընտրություններն էլ անցան երկու փուլով: Սրանք Հայաստանի պատմության ընթացքում միակ ընտրություններն են, որոնց ընթացքում երկրորդ փուլ անցած նախագահի թեկնածուների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ հեռուստատեսային բանավեճ տեղի ունեցավ:

Ընտրություններից գրեթե մեկ տարի առաջ եթերազրկվել էր «Ա1+» հեռուստաընկերությունը, ինչը գրեթե անհնար էր դարձրել եթերում ընտրությունների անկախ լուսաբանման հնարավորությունը:

Եթե ընտրությունների առաջին փուլում հեռուստաընկերությունները զբաղված էին Ռոբերտ Քոչարյանի քարոզչությամբ, ապա երկրորդ փուլում տեղի ունեցավ մարտավարության փոփոխություն: Հեռուստաընկերություններն անցան  հակաքարոզչության։ Երեւանի մամուլի ակումբի մոնիտորինգի խումբը, օրինակ, նկատել էր, որ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծրագրի մարտի 2-ի թողարկման մեջ  Ստեփան Դեմիրճյանին գրեթե երեք անգամ ավելի շատ ժամանակ էր տրամադրվել, քան Ռոբերտ Քոչարյանին։ Բայց վեց սյուժեներից եւ լրատվական նյութերից, որտեղ հիշատակվել էր Դեմիրճյանը, հինգում նրա նկատմամբ վերաբերմունքի համատեքստը բացասական էր եւ միայն մեկում էր չեզոք։

Մինչդեռ Քոչարյանի դեպքում իրավիճակը հակառակն էր. սյուժեներից հինգում համատեքստը դրական էր, իսկ մեկում՝ չեզոք։

Մոնիտորինգների համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլում Հանրային հեռուստաընկերության եթերում լրատվական եւ քաղաքական հաղորդաշարերի 69%-ը նվիրված էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Լուսաբանման  93%-ը դրական կամ չեզոք էին: Ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանը ստացել էր 31%-ի լուսաբանում, ընդ որում դրանից  67%-ը բացասական էր եղել:

2008թ.-ի նախագահական ընտրությունները աչքի ընկան այլընտրանքային մեթոդներով լուսաբանման հարուստ զինանոցով: Դրանցից առաջինն իհարկե ինտերնետի ներուժի օգտագործումն էր: Ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում ընդգրկվել էին երիտասարդ բլոգերներ, որոնք աշխատում էին ինտերնետային դեռեւս ոչ այնքան բազմամարդ, բայց ավելի ինտելեկտուալ միջավայրում:
Աճել էր նաեւ ինտերնետում ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների քանակը:

Հեռուստաընկերությունները հիմնականում գործող իշխանության ազդեցության տակ էին, այդ պատճառով ինչպես ինտերնետային լրատվամիջոցները, այնպես էլ Տեր-Պետրոսյանի թիմը սկսել էր օգտագործել YouTube-ի ընձեռած հնարավորությունները: Բացի դրանից, Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպումներն ու քարոզչանյութերն ընտրողին էին հասցվում անվերջ բազմացվող DVD սկավառակների միջոցով:

2008թ-ի ընտրությունների ընթացքում հակաքարոզչությունը կրկին մոդայիկ էր:  Մոնիտորինգների համաձայն, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագիրն ամենաշատը լուսաբանել էր ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն մեծ մասամբ՝ բացասական երանգով:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արձանագրել էր նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը պարբերաբար աղավաղում էր Տեր-Պետրոսյանի  քարոզարշավի միջոցառումների կադրերը:

2008-ի քարոզարշավը մեկ այլ առանձնահատկությունն էլ ուներ: Համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցի վարչապետ Սերժ Սարգսյանի հանրահավաքների կադրերը ցուցադրում էին մեկ օր ուշացումով եւ հեռարձակում էին նույնատիպ կադրեր:

Ընտրական տեխնոլոգիաներում լրատվամիջոցները միշտ էլ կարեւոր դեր են խաղացել: Ու թեպետ ըստ կանխատեսումների ապագան պատկանում է սոցիալական մեդիային, Հայաստանում գոնե առայժմ ամենաազդեցիկ մեդիա գործիքը մնում է հեռուստատեսային եթերը:

Գեղամ Վարդանյան, տեսանյութը՝ «Ա1+»-ի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *