2015.07.03,

Քննադատ

Կիսելյովի վերջին խորամանկությունը

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Բաղրամյան պողոտայի առումից սկսած ռուսական TV-ները 3 օր շարունակ պաշտպանում էին հայ խաղաղ ոստիկաններին՝ ընդդեմ հայկական «գազազած ամբոխի», ուկրաինական դեսանտի ու «տասնյակ մարզված գրոհայինների»։

Երբ չգտնվեց էս պիտակներն արդարացնող եւ ոչ մի կադր, գնահատականներն աստիճանաբար մեղմացան։ Անցյալ երկուշաբթի ոստիկանական ջրցան մեքենայով ցուցարարներին քշելուց հետո մինչեւ շաբաթակես Բաղրամյան պողոտայում շիկացող մթնոլորտը հանդարտված վիճակում հասավ «Ռոսիա 1»-ի կիրակնօրյա «Վեստի նեդելի» ծրագիր։

Թե ինչ լուտանքներ ու սպառնալիքներ էր հնչեցնելու Կրեմլի գլխավոր խոսափող Դմիտրի Կիսելյովը «Արեւմուտքի խարդավանքների» միջոցով Ռուսաստանի դեմ ընդվզած Հայաստանի մասին, մենք էս անգամ չենք իմանա։ Բայց եթեր հեռարձակված մոտ 10 րոպեանոց մեկնաբանության մեջ նա զգուշացնում է, որ ամեն վայրկյան «կարող են կողմնակի նվագավարներ հայտնվել»։ Այնուամենայնիվ։ Այնուամենայնիվ, ընտրված էր «չարագործ» ակտիվիստ, սխալ գրված անուն-ազգանունով (Արգիշ Տիկիվիրյան), բայց տպավորիչ արխիվային տեսաշարով ուղեկցվող «դոսյեով»։

Բացահայտված էին կրեմլյան որոշ «պահեստազորայիններ». ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու «Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ» Արամ Սարգսյանը, որին, նույնպես սխալմամբ, թե անձին կշիռ տալու համար, ներկայացրել են նաեւ որպես ԱԺ պատգամավոր։ Բաբուխանյանը խոսեց շարժումը «զավթելու» եւ «ուրիշ հուն» ուղղելու պատրաստ մարդկանց մասին, Սարգսյանը տվեց «տիկին Նուլանդի» անունը (ԱՄՆ պետքարտուղարի օգնական), որին ռուսական մեդիայում գունավոր հեղափոխությունների «կնքամոր» դեր է վերապահված։  

Ավելի հետաքրքիր է, թե ինչ դեմքով ներկայացվեց «հակառուսականության» մեղադրանքից մազապուրծ շարժումը, որի գլխավոր՝ «Ոչ թալանին» կարգախոսին որեւէ անդրադարձ էդպես էլ չեղավ։

Կիսելյովի ամբողջ տաղավարով մեկ ստոպ-կադր էր, որի առաջին պլանում տարեց մարդը կանգնած է զավեշտալի դիրքով, ծամածռված դեմքով եւ ակնհայտորեն կարիք ունի ատամնաշարի պրոթեզավորման։

Dmitry_Kiselev_Vesti

Այն, որ ստոպ-կադրը պատահական չէ (եթե որեւէ մեկը կասկածում է), վկայում են ռեպորտաժի առաջին հարցազրույցները, որ անցկացվել են նույնպես տարիքով մարդկանց հետ, որոնցից մեկը բողոքում է, թե հագին դեռ սովետական տարիների կոստյումն է (ընդ որում՝ փայլուն, ահագին լավ պահպանված)։

(Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանն էսօր տխուր վիճակում չէ՝ իր 35 տոկոսանոց աղքատությամբ, բայց եթե համեմատենք երկու երկրի ռեսուրսները, Ռուսաստանն էլ իր 16,5%՝ 22,5 միլիոն աղքատներով առանձնապես խոսելու տեղ չունի)։  

Ովքեր էս օրերին գոնե մեկ անգամ եղել են Բաղրամյան պողոտայում կամ թեկուզ հեռուստատեսությամբ են հետեւել իրադարձություններին, գիտեն՝ շարժման բնորոշ գիծը երիտասարդականությունն է։ Ինչպես նաեւ՝ մասնակիցների հավանական վճարունակությունը՝ ի տարբերություն սովետական կոստյումներով ծերունիների։ Բայց զանգվածային բողոքի «երիտասարդ դեմքը» կարող է վարակիչ լինել հետխորհրդային բռնապետությունների համար, եւ պետք էր հնարավորին չափ սքողել։  

Դա էլ, ըստ ամենայնի, դարձել է Կիսելյովի խորամանկության պատճառը, եւ նա առաջին պլան է բերել խեղկատակային դիրքով աղքատ հայ ծերունուն, որպեսզի երիտասարդ, «անհնազանդ» Հայաստանի ենթադրյալ ուղերձը փոխարինվի «թշվառ», տրտնջացող Հայաստանով, որին կարելի է ներողամտորեն վերաբերվել։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *