2012.03.07,

Քննադատ

Կանայք, տուն եկեք ու նվեր ստացեք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մարտի 8-ն իր ամուր ու շատ երկար արմատները տարածել է մեր շուրջբոլորը: Տոնը, գարունը, գեղեցկությունը, նվերները, նաեւ ժպիտների (կանացի) ու երջանկության (նույնպես կանացի) խոստումները թափահարվում են օդում՝ վերածվելով ծաղկեփնջի ու զենքի հիբրիդի: 

Փունջը փաթեթավորվում է ցելոֆանով, իսկ զենքը կիրառվում է հիմնականում էկրանից երեւացող լուրերի, հատուկ թողարկումների, անվճար ու վճարովի դեմո ակցիաների մեջ:

Իրականում ցանկացած ծաղկեփունջ զենք է (առնվազն բիոլոգիական), իսկ ավելի լայն կիրառման դեպքում (ասենք՝ օրական մի 10 փունջ) ծաղիկ նվիրելու կուլտուրան վերածվում է տեխնոլոգիայի: Եվ այդ սեռական կողմնորոշում ունեցող ու բավականին երկիմաստ տեխնոլոգիական հնարքը մի բոլ գործի է դնում իշխանահաճո մեր հեռուստատեսությունը:

Վաղը բոլոր ալիքներից հորդելու են խոսքերը, բաժանվելու են նվերներն ու հնչելու են մտքի գոհարները: Հիմնական դերակատարները լինելու են քաղաքական գործիչները, գործարար-բարերաները, բարձր, միջին ու ցածր ծառայողական դիրք ունեցող չինովնիկները: Բոլորը «մեծարելու» են կանանց ու պաշտոնական մթնոլորտում եւ հրապարակային կերպով (եթերից) հանձնելու են ծաղկեփնջեր՝ դեկորացված պոլիէթիլենային ծածկույթով ու սինթետիկ ժապավեններով:

Հատուկ այդ օրը բացվելու են կին նկարիչների ցուցահանդեսները, ուսուցչուհիների բանակը (հանդիսավոր սանրվածքով ու տոնական շպարով) նվեր ստանալու համար այցելելու է որեւէ միջոցառման սրահ (ասենք, քաղաքապետարանի դահլիճը), հետո կին նախարարները (նրանք երկուսն են) խոսելու են կին լինելու առաքելության մասին, նրանց խոսքը շարունակելու են կին պատգամավորները: Եվ այսպես կանայք զինակից են դառնալու մարտի 8-ը հավուր պատշաճի ուշադրության կենտրոնում պահելու գործում: Բոլոր ալիքների տաղավարներում փոքրիկ ծաղկեփնջիկներ են հայտնվելու, որոնք դառնալու են տոնի խորհրդանիշը:

Մարտի 8-ը կանանց ինտերնացիոնալ պայքարի օրն է, համենայնդեպս, այդպես են այն աշխարհին ներկայացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները (ընդ որում՝ ոչ միայն կանայք): Հետագայում պայքարելու մեթոդները փոխվեցին, եւ շատ պետություններ հրաժարվեցին այդ օրը նշել որպես օրացույցային տոն: Հայաստանի հանրապետությունը նույնպես հրաժարվեց, սակայն հետո հասկացավ, որ նման շանս բաց թողնելն աններելի վրիպում է: Չէ՞ որ տոնը նշանակում է նվեր, իսկ երբ խոսում ես նվերի մասին, տեղեկացնում ես, որ նվերի հանձնումը էմոցիանալ գործ է: Եվ ուրեմն, բանականությունը կողպեք ու լարեք հույզերը: Ցանկալի է նաեւ հույզերը վերածել ժպիտների, գեղեցիկ հագուկապի, տոնական տրամադրության (մի խոսքով՝ զենքի):

Համաձայնեք, որ նվերն ու պայքարը հակադիր բաներ են: Հո՞ չես պայքարի ավելի շատ, լավ, որակյալ նվեր ստանալու համար: Ոչ, նվերը հնազանդ կընդունես ու, եթե այն պետք չէ, մի կողմ կդնես՝ չմոռանալով ասել «շնորհակալություն»:

Նվերների հանձնման-ընդունման պրակտիկան (այն էլ զանգվածային բնույթ կրող) դանդաղորեն ընտելացնում է մեզ այն մտքի հետ, որ նվերը կարող է լինել ոչ միայն օծանելիքի, կոնֆետի, փնջի, այլեւ այգու, քանդակի, ներկայացման, աշխատանքի, պարենային զամբյուղի տեսքով: Նվեր ստացողի հոգեբանությունը շատ տարբեր է վաստակողի հոգեբանությունից: Եվ հենց այդ տարբերությունն էլ անընդհատ ի ցույց են դնում մեր իշխանավորները, որոնք, նվեր տալով, դառնում են իշխան, իսկ վաստակելու հնարավորություն ստեղծելով՝ ծառայող:

Նկատելի է, որ ծառայող չի ուզում մնալ նաեւ ՀՀ Կրթության նախարարը, ով փառահեղ նվեր է անում Հայաստանին: Նվերի անունը «Անահիտ, տուն արի» է: Համենայնդեպս, հենց նման պաստառներով ու ծաղեփնջերով է նրա գլխավորած պատվիրակությունը գնացել Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ՝ ցանկանալով տուն բերել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու դիմաքանդակը:

Նվերը լավ բան է, սակայն այն ի սկզբանե (ասենք պաշտոնապես նվերների տոն համարվելու դեպքում) արժեզրկում է նվիրվող իրի իմաստը: Այեւս չես կարող ասել, որ այն անարժեք, ժամանակավրեպ կամ իմաստազուրկ մի բան էր: Նվերը իսկապես զենք է: Շատ դիպուկ զենք, որը մարտի 8-ին օգտագործվում է կանանց դեմ:

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Հայաստանում մի զարմանալի երիտասարդ կին կա, ում մասին բոլորը գիտեն: Դա Մարիամ Սուխուդյանն է, ով սոցցանցում այսպիսի գրառում է արել. «Մենք միամիտ երեխաներ չենք, որ ձմեռ պապիկներից խնդրում ենք իրականացնել մեր երազանքը, ոչ էլ քմահաճ կանայք, որ տղամարդկանցից ակնկալում ենք այգին մեզ նվեր տալ, այլ ինքնորոշված ՀՀ քաղաքացիներ, ովքեր պահանջում են պատկան մարմիններից հարգել ՀՀ օրենքը եւ կամայականություն չդրսեւորել օրենքով ամրագրված մեր իրավունքների նկատմամբ»:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *