2014.09.01,

Տեսակետ

«Խուճապի հիմնական պատճառը սխալ տեղեկատվությունն էր»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն իր ղեկավարած գերատեսչության ձեռքբերումներից ու խնդիրներից բացի՝ կարեւորում է նաեւ լրատվական դաշտի սթափ աշխատանքը: Նախկինում լրագրող Նարինե Աղաբալյանը համարում է, որ լրատվամիջոցների ինքնակազմակերպումը պարզապես օդի պես անհրաժեշտ է, ինչի վկայությունը վերջին ամիսներին Արցախից ստացվող տեղեկատվական խառնաշփոթն էր:

Ինֆորմացիոն պատերազմներում ապատեղեկատվության առջեւ կառուցված պատնեշները կենսական անհրաժեշտություն են: Ձեր կարծիքով՝ մենք պաշտպանվա՞ծ ենք:

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ: Շատ կուզենայի, որ լրատվամիջոցներն ավելի շատ օգնողի, աջակցողի դերում լինեն, այլ ոչ թե խուճապ ստեղծողի:

Ցանկալի է հիշել, որ պատահմամբ, անզգուշորեն օգտագործած կամ թեթեւակի աղավաղված մեկ բառն անգամ լրիվ փոխում է պատկերն ու ապատեղեկտվության տարածման սկիզբ դնում: 

Այդ խնդիրը տեսնում եմ մեր լրատվամիջոցներում, մեծ մասամբ Հայաստանի հանրապետության լրատվամիջոցներում: Վերջերս ինքս էլ առնչվեցի այդ խնդրի հետ: Երբ տեսա, թե ինչպես լրատվամիջոցները վերարտադրեցին իմ ասած խոսքերը, պարզապես ապշեցի: Գիտեմ, որ հստակ միտք եմ ձեւակերպել, բայց տպագրված տարբերակում բոլորովին այլ բան եմ կարդում:

Շատ եմ ցավում ստեղծված իրավիճակի համար: Իհարկե, պրոֆեսիոնալիզմը բոլոր ոլորտներում է կարեւոր, բայց լրագրության մեջ այն առավել կարեւոր է:

Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակում լրատվամիջոցներին մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ անկախ ֆինանսավորմամբ լրատվամիջոց գրեթե չկա: Իսկ պատվիրատուներին հետաքրքրում է ոչ թե ինֆորմացիայի որակը, այլ թիրախային պատվերը:

Բայց այդ նույն լրատվամիջոցները, որոնք պատվեր են կատարում, մեծ պաթոսով են խոսում հայրենիքի, պետականության ամրապնդման, վեհ գաղափարների մասին, եւ պետք է հասկանան, որ այդ բոլոր գործընթացների հաջողությունը նաեւ իրենցից է կախված:

Արցախի լրատվական դաշտը գոհացնու՞մ է ձեզ:

Իհարկե, չի գոհացնում եւ չի կարող գոհացնել: Բայց Արցախի լրատվամիջոցները (նաեւ ընդհանրապես ժողովուրդը) աչքի են ընկնում ինքնազսպվածությամբ: Այսինքն՝ կան սահմաններ, որոնցից այն կողմ ոչ ոք չի անցնում: Առաջնահերթ է չվնասելու ցանկությունը: Եվ հենց այդ չվնասելու գործոնը ավելի է կարեւորվում, քան շահերը, վարկանիշներն ու լսարանի ծավալը:

Արցախի հեռուստատեսությունը եթեր է հեռարձակվում ամբողջովին տեղական թողարկումներով եւ հաղորդումներով: Հնարավորություն կա դիտելու նաեւ հայաստանյան ու միջազգային հեռուստահաղորդումները: Բայց ամեն դեպքում մեր իրականության մեջ տեղեկատվական բաց կա, որից օգտվում են մեր հարեւանները:

Գիտակցելով այդ բացը՝ մի կողմից մենք ենք ապատեղեկատվություն տարածում, իսկ մյուս կողմից մեր հարեւաններն են զեղծարարությամբ զբաղվում: Եվ ստացվում է, որ ինֆորմացիոն ոլորտում մենք անհավասար պայքարի մեջ ենք: Ունենք ճակատ, գիտենք, տեսնում ենք մեր թշնամուն, որը ապատեղեկատվության, խեղաթյուրման նպատակային քաղաքականություն է իրականացնում, եւ դրան դիմակայելու ու հակազդելու փոխարեն մենք ինքներս ենք սխալ ինֆորմացիա տարածում ու, ինչպես ասում են, հակառակորդի ջրաղացի վրա ջուր ենք լցնում:

Այս ամառվա ամիսներին Արցախից ստացվող տեղեկատվությունը շատ հակասական էր:

Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ու Արցախում առաջացած խուճապի հիմնական պատճառը հենց սխալ տեղեկատվությունն էր: Եվ շատ լավ է, որ մենք չկորցրեցինք մեր ամենաթանկ հատկանիշը` ինքնակազմակերպվելու ունակությունը, եւ կարողացանք այդ վտանգավոր իրավիճակից արագ դուրս գալ:

Բայց մեզ համար իրոք անթույլատրելի է մեկ օր, անգամ մեկ ժամ նման պահվածք ցուցաբերելը: Ի վերջո, մեկ ադրբեջանցու հայտնվելը Արցախում չի կարող խուճապ ստեղծել մի ամբողջ ժողովրդի, պետության համար: Եվ դա այն դեպքում, երբ, անհավասար պատերազմ մղելով, այդ նույն հակառակորդի նկատմամբ փայլուն հաղթանակներ ենք տարել:

Պատերազմը, որը տեղի է ունենում ինֆորմացիոն ոլորտում, նույնպես ներուժի կարիք ունի: Չկա՞ նպատակ հենց Արցախում ակտիվ լրատվական կայք ստեղծելու ու առաջին ձեռքից լուրեր տարածելու:

Կարծում եմ` մեկ կայք ստեղծելով՝ ինֆորմացիոն դաշտում չես հաղթի: Այս իրավիճակում, երբ յուրաքանչյուրը կարող է իր գրառումները թողնել համացանցում ու մեծամասնության (նաեւ լրատվամիջոցների) համար ինֆորմացիայի աղբյուր դառնալ, շատ դժվար է մեկ կայքով դիմակայել:

Ամեն դեպքում ընտրում ես այն լրատվամիջոցի լուրերը, որին վստահում ես, եւ որը հեղինակություն ունի:

Բայց լսարանի շատ փոքր տոկոսն է այդպես մտածում: Վերջին իրադարձությունները վկայեցին հենց այն մասին, որ որոշիչը ոչ թե ինֆորմացիոն աղբյուրի գիտակցական ընտրությունն ու սթափ կողմնորոշումն էր, այլ տարերային, զանգվածային տարածումը:

Կարծում եմ` այս իրավիճակն  ուղղելու համար պետք է բոլորիս մտածելակերպը, վերաբերմունքը փոխվի:

Ուզում եմ մեր լրատվամիջոցներին սթափության կոչ անել, քանի որ ստացվում է, որ ինքներս մեզ ինքնակործանման ենք տանում: Ցույց ենք տալիս, որ իբրեւ թե վեհ գաղափարներ ենք մեր առջեւ դնում ու դրանց ծառայում, բայց շատ լավ երեւում է, որ այսօր լրատվությամբ զբաղվողների 60-70%-ը (եթե ոչ ավելին) լրագրության հետ ընդհանրապես կապ չունի ու չի հասկանում իր ֆունկցիան:

Եվ նման իրավիճակում բարդ է ճիշտ, օբյեկտիվ, ամբողջական ինֆորմացիա ակնկալել:

Մենք միշտ կարողացել ենք կրիտիկական պահերին ինքնակազմակերպվել, երեւի, հիմա հասունացել է նաեւ ինֆորմացիոն ոլորտում ինքնակարգավորման կարիքը, քանի որ տպավորություն է, թե հասել ենք սահմանագծին:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *