2018.10.16,

Նյուսրում

Խմբագրական քաղաքականություն․ լրագրողների ցանցային ազատությունը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Սոցիալական ցանցերում լրագրողների ակտիվությունը խոշորացույցի տակ է: Նրանցից շատերը, որպես կանոն, շատ հետևորդներ և կայուն լսարան ունեն: Լրագրողների ֆեյսբուքյան գրառումները կարող են դառնալ խմբագրական ժողովների քննարկման թեմա։ Սոցիալական ցանցում լրագրողի կատարած գրառման համար դատական հայցի նախադեպ Հայաստանում չէր եղել։ Առաջինը  1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ News.am լրատվական կայքի դատական հայցն է, որը առիթ դարձավ խոսելու սոցիակական ցանցերում լրագրողների ազատության մասին:

Դավիթ Ալավերդյան, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր

Մեդիամաքսն ունի սոցիալական ցանցերի քաղաքականություն, բայց մեր լրագրողները և մյուս աշխատակիցները դրա մաս չեն կազմում։ Մեդիամաքսը պատասխանատու է միայն իր պաշտոնական էջերում հրապարակված տեղեկատվության համար։ Լրատվամիջոցի անունից կարծիք, տեսակետ կարող են հայտնել միայն տնօրենն ու գլխավոր խմբագիրը, առանձին դեպքերում՝ հատուկ լիազորված անձինք։

Մեր լրագրողները ազատ են իրենց անձնական էջերում արտահայտել կարծիքներ, որոնք չեն համընկնում Մեդիամաքսի պաշտոնական տեսակետի հետ։

Մենք նաև չենք պարտադրում մեր աշխատակիցներին տարածել սոցցանցերում մեր նյութերը։ Ունենք լրագրողներ, որոնք նույնիսկ սեփական հեղինակային նյութերը չեն տեղադրում ֆեյսբուքյան իրենց էջերում։

Փոխարենը մենք որևէ պատասխանատվություն չենք կրում նրանց անձնական կարծիքի համար, և, օգտվելով առիթից, ուզում եմ խնդրել ընթերցողներին չնույնացնել մեր աշխատակիցների արտահայտած մտքերը Մեդիամաքսի պաշտոնական տեսակետի հետ։

Սոցիալական ցանցերում կատարած գրառումների համար դատի տալուն նորմալ եմ վերաբերվում, եթե այդ գրառումը պարունակում է վիրավորանք կամ զրպարտություն։

Համացանցը և հատկապես սոցցանցերը վերածվել են ատելության խոսքի դրսևորման հարթակի, որտեղ, հաճախ թաքնվելով կեղծ օգտատերերի դիմակի տակ, շատերը խոսքի ազատության չարաշահումներ են թույլ տալիս՝ համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ։

Լինի դա լրագրող, թե պարզապես օգտատեր, պետք է գիտակցի խոսքի արժեքը։ Հակառակ դեպքում խոսքի ազատությունը կվերածվի խոսքի անարխիայի։

Վահագն Թևոսյան, Հանրային հեռուստաընկերություն լրատվական ծառայության տնօրեն

Մենք, որպես այդպիսին, սոցիալական ցանցերի հատուկ քաղաքականություն չունենք, բացառությամբ՝ համընդհանուր լրագրողական ու մարդկային էթիկայի նորմերը: Հանրային հեռուստատեսության լուրերի լրագրողն իր ամենօրյա աշխատանքում առաջնորդվում է միայն այս նորմերով:

Դեռևս չեմ նկատել, որ կարծիք ունենալու իրավունքը որոշակիորեն խիստ սուբյեկտիվ դրսևորումներ ստանա սոցիալական ցանցերում, թեև չնչին բացառություններ հանդիպել են: Նման դեպքերում ես զրուցում եմ աշխատակիցների հետ, որպեսզի կարողանամ բացատրել այդ երկու երևույթների տարբերությունը:

Հեղափոխական շրջանում դա ավելի ներելի երևույթ էր, նկատի ունենալով նաև անձի հոգեբանական վիճակը, սակայն ընդհանրապես պետք է պատասխանատու լինել խոսքի համար:

Աննա Իսրայելյան, Aravot.am-ի գլխավոր խմբագիր

Մենք ունենք ընդհանուր էթիկայի վարքականոն, որը կարգավորվում է մեր լրագրողների սոցիալական ցանցերի և Առավոտի հարաբերությունները:

Առավոտի լրագրողները պետք է ձեռնպահ մնան սոցիալական ցանցերում հանդես գալ այնպիսի գրառումներով, որոնք կարող են ընկալվել որպես կողմնակալության և նախապատվության արտացոլում:

Առավոտի լրագրողները պետք է գիտակցեն նաև, որ սոցիալական ցանցերում նրանց հետ կապված ցանկացած բովանդակություն համարժեք է նրան, ինչը հայտնվում է թերթում կամ կայքում այդ լրագրողների հեղինակությամբ:

Լուսինե Բարսեղյան, Armtimes.com-ի խմբագիր

Հայկական ժամանակը սոցիալական ցանցերի առանձնահատուկ քաղաքականություն չունի: Մենք կարգավորել ենք լրագրողների աշխատանքը միայն կայքում և թերթում, ինչը ենթադրում է, որ նրանց արգելված է հայհոյանք, վիրավորանք ու ապատեղեկատվություն, չճշտված ինֆորմացիայի հրապարակումը մեր լրատվամիջոցում:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նրանց ազատությանը, պետք է ասեմ, որ դա նրանց անձնական տարածքն է, իսկ Սոնա Հարությունյանի դեմ դատական գործն աբսուրդ է:

Չնայած՝ մեր լրագրողներին ես միշտ ասում եմ, որ չմոռանան՝ որտեղ են աշխատում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *