2018.02.05,

Նյուսրում

Լրագրողի հասցեին սպառնալիքը դեռ չունի իրավական կարգավիճակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հունվարի 28-ին՝ Հայոց Բանակի օրը, «Մեդիալաբ»-ում ծաղրանկարի հրապարակումից հետո կայքի գլխավոր խմբագիրը սկսել է գրավոր սպառնալիքներ ստանալ:

Սկզբում Ֆեյսբուքում տեղադրված ծաղրանկարի (որի թեման պաշտպանության նախարարն ու 7 մլն դրամ արժեցող ծաղիկների պետական գնումն էր) մեկնաբանությունում, հետո անձնական նամակներով Մարիաննա Գրիգորյանը ստացել է սպառնալիքներ:

Օգտատերը հիշեցրել է Մարիաննային ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի», հետ պատահածը, երբ ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել էին խմբագրության 12 աշխատակիցներ։

«Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք….  Դու չգիտես՝ ում դեմ ես դուրս գալիս, քո ժամանակը գնում է, ավազի ժամացույց ուղարկեց… Ես հակառակորդին այն աշխարհ ուղարկողն եմ»,- այսպիսի տեքստերով մեկնաբանություններ և նամակներ է ստացել Մարիաննա Գրիգորյանը:

Սպառնալիքներում հիշատակել են նաև երեխային, ինչն այնքան է անհանգստացրել խմբագրին, որ արդեն մի քանի օր է երեխային դպրոց չի ուղարկում:

Մարիաննան այս խնդրով դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, տրամադրվել է փաստաբան, նյութեր են պատրաստվել և ուղարկվել ոստիկանություն:

«Ոստիկանությունը չի կարող այս փուլում հոգալ Մարիաննայի անվտանգությունը, նախ պետք է վերջինս տուժող ճանաչվի, այնուհետև քննչական կոմիտեն կարող է միջոցներ ձեռնարկել ապահովելու նրա անվտանգությունը: Օրենքը գործը կարճելու, մերժելու կամ ընթացք տալու համար սահմանում է 10-օրյա ժամկետ»,- ասում է  գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը համոզված չէ, որ ոստիկանական և քննչական մարմինները օպերատիվություն կցուցաբերեն, սակայն հաշվի առնելով, որ սպառնացողն իրական օգտատեր է, պետք է, որ իրավապահների համար հեշտ լինի նրան գտնելը:

Կայքի խմբագրին սպառնացողը ցանցի իրական օգտատեր է, որը բարձրացված աղմուկից հետո իր էջից հեռացրել է զինվորական համազգեստով լուսանկարները: Սակայն, ըստ Սաքունցի, իրենք հասցրել են պատճենել են այդ լուսանկարները և կցել նախապատրաստված նյութերին:

«Մարիաննայի գործի հետ կապված հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվել են, տարածվել է հայտարարություն, նյութերն ուղարկվել են ոստիկանություն, գործը հրապարակայնացվել է: Մնում է սպասել, որ գործին իրավական կարգավիճակ տրվի, որպեսզի սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, միջնորդություն ներկայացվի»,- մեկնաբանում է Սաքունցը:

Թվիթերի իր պաշտոնական էջում այս միջադեպի մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորում են ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող մամուլի ազատության դեմ:

“Attacks on the media, such as those advocating harm to the director of @MediaLab recently, are an anathema to a free press that is vital to democracy.”

— US Embassy, Armenia (@usembarmenia) February 5, 2018

«Մեդիալաբի» խմբագրությանն ուղղված սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես են եկել լրագրողական  կազմակերպությունները:

Կազմակերպությունները պահանջում են իրավապահ մարմիններից քայլեր ձեռնարկել՝ սպառնալիքների հեղինակին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Սա լրագրողին սպառանիքներով վախեցնելու առաջին դեպքը չէ, նման միջապես եղավ, օրինակ, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանի հետ, որին զանգահարել էին և սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլև իր ընտանիքի անդամների համար շատ վատ է լինելու:

Ստեղծված իրավիճակը վկայում է, որ երբ տարբեր տեսակետ արտահայտող մեդիա հարթակներ կամ լրագրողներ են հայտնվում, նրանք որակավորվում են որպես «հակառակորդներ» ու ենթարկվում են ճնշման:

Ռազմականացված ու ագրեսիվ մթնոլորտում ազատ արտահայտվելու իրավունքը առաջինն է տուժում:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *