2016.06.14,

Մեդիագլոբ

Լուրերը վերածվում են «շոուի»՝ մեղադրեք լուսանկարներին. EJO – Մատտեո Սթոկկետտի

Թվային դարաշրջանում մեդիան ավելի ու ավելի է ապավինում տեքստին կցված տեսողական պատկերներին, ինչը լուրերը վերածում է «ժամանցային շոուի» (բնագրում՝ entertainment ). պնդումը Ֆինլանդիայի Կիրառական գիտությունների Արկադա համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Մատտեո Սթոկկետտիինն է: Այս մասին նա խոսել է Եվրոպական լրագրության դիտարանին (European Journalism Observatory: EJO) տված հարցազրույցում:

Պրոֆեսորի փոխանցմամբ՝ պատկերներն ավելի շատ ազդում են դիտողի զգայականի, քան տրամաբանականի վրա, ինչը հաճախ պարարտ հող է դառնում քարոզչության համար:

Քանի որ լրատվության դաշտում ավելի ու ավելի են տարածվում պատկերային «ուղեկիցները», մեդիա են ներթափանցում ավելի շատ թատերային և զգայական տարրեր, քան ռացիոնալ տեղեկություններ պարունակող նյութեր: Սա բթացնում է լուրը սպառողի քննադատական մոտեցումը, ինչը մտահոգիչ է համարում Մատտեո Սթոկկետտին:

Նա վտանգավոր է համարում նաև այն, որ լուրը պատկերով ավելի գրավիչ դարձնելու համար մեդիան, վերջին հաշվով, երբեմն չի խուսափում իրականությունն առնվազն «լղոզելուց»:

«Տեսողական պատկերը զգայական արձագանքի ազդակ է: Եվ այժմ նույնիսկ խիստ քաղաքական թեմաների մատուցման մեջ շատ կայուն միտում է նկատվում՝ դրանք ներկայացնելու ոչ այնքան որպես քաղաքական հարցեր, որքան «ժամանցային» (…) Քարոզչության այս տեսակը խթանում է մարդկանց հույզերը և փորձում արգելափակել միտքը: Եվ տեղեկությունը վերածվում է, այսպես ասած, լրաժամանցի»:

(Բնագրում՝ infotainment. կազմված է information՝ տեղեկություն, և entertainment՝ ժամանցային բառերից,-Ռ.Խ.):

Պրոֆեսորի կարծիքով՝ զգայական ընկալումը հաջորդիվ այլ շարունակություն ունի. ասենք՝ մարդը տեսնում է աղքատ երեխայի լուսանկարը, նրա մեջ խղճահարություն է առաջանում, սակայն (անմիջապես) հաջորդում են մարզական լուրեր:

«Ավելի ուշ սրանից որևէ հետք չի մնում, ոչ մի խորը հետք: Զգայական արձագանքի էությունն այն է, որ այն խորապես համակող է, բայց հպանցիկ՝ կարճ տևողություն ունի»:

Սակայն՝ դրան հակառակ, որոշակի ժամանակի ընթացքում մարդը կարծիք է ձևավորում՝ հիշողությունից ջնջելով, թե ինչից սկսվեց ամենը:

«Դա պարարտ հող է ապատեղեկատվություն տարածելու, մոլորեցնելու համար: Եվ սա դեմագոգների առջև մեծ հնարավորություններ է բացում: Մոլորեցնելը (մանիպուլյացիան) քարոզչության տեսակ է, որում միտումնավոր տարածվող գաղափարները հիմնված են ոչ թե իրական պատճառների, այլ զգացումների վրա. սովորաբար՝ վախի, անհանգստության, ատելության…»:

Մատտեո Սթոկկետտին նշում է, որ այս մեթոդին դիմելու պատճառը հաճախ ոչ թե քարոզչությունն է, այլ այն, որ «մեդիայի ֆինանսավորումը, ցավոք, կախված է դիտող անձանց «քլիքների» քանակից»:

Իսկ ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ պաշտպանել՝ տեսողական պատկերի մոլորեցմանը տուրք չտալու համար. հարցնում է EJO-ի զրուցավարը.

«Պատասխանն է՝ կրթությունը: Այսինքն՝ մարդկանց պետք է սովորեցնել, թե որն է տեղեկությունը ճիշտ գործածելու ձևը, ինչպես լուրին պետք է «մոտենալ մոլորեցնող էֆեկտների» արանքով: Եվ պետք է մարդկանց սովորեցնել քննադատաբար մտածել, որպեսզի կարողանան համեմատել, իրար կողք դնել տեղեկությունները, մտածել սեփական գլխով, ունենալ բարոյական արժեքներ»:

Ֆինլանդիայի Կիրառական գիտությունների Արկադա համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Մատտեո Սթոկկետտին հարցազրույցի վերջում ասում է, որ չպետք է հրաժարվենք ժողովրդավարության գաղափարներից, քանի որ դրանից ավելի լավ գաղափարներ դեռևս չենք ստեղծել՝ չնայած հիմա կարծես թե արհամարհում ենք դրանք.

«Եվ սա կրթության պատասխանատուների համար մարտահրավեր է: Ճակատամարտն առայժմ տանուլ չի տրված»:

Այստեղ հետգրություն կա՝ հարցազրույցին կցված լուսանկարը զգայական արձագանք արթնացնող գերազանց օրինակ է: Աղբյուրը՝ Flickr Creative Commons, հեղ՝ Սիրիո. «Զգացմունքի խճանկար»:

Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *