2016.04.20,

Քննադատ

Ինքնաթիռներն ընկնում են, քանի որ լրագրողներն այդ մասին գրում են

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Ապատեղեկատվություն տարածելու, այս կամ այն քաղաքական գործչի «վկա»-ն կամ «ծախված», «երկրորդ հնագույն մասնագիտության» ներկայացուցիչ լինելու համար, որպես կանոն, լրագրողներին մեղադրում են այն քաղաքական գործիչները, որոնք լրագրողների ներկայացրած փաստերին ազդեցիկ հակափաստարկ չունեն:

Թարմ օրինակը Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին: Քաղաքապետի թեկնածուներից մեկը Հրազդանի 14 տարվա քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն էր: Այս ընտրություններին ևս գործի էին դրվել վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը, ինչն արձանագրել ու հրապարակել էին լրագրողները: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, սակայն,  Հրազդանում  անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կողմնակալ են լուսաբանվել:

Այս մասին նա ասաց Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ.

«Ուզում եմ անդրադառնալ լրատվական միջոցներում տեղ գտած մի շարք ….լեզուս չի պտտվում ասել՝ տեղեկատվությունների, որովհետև դրանք մեծ մասամբ ապատեղեկատվություններ էին:

Ակնհայտ էր մեզ համար քարոզարշավի ամբողջ ընթացքում, որ ստեղծվել էր լրատվական, քաղաքական որոշակի ուժերի ու լրատվական միջոցների դաշինք, որոնց նպատակն էր ոչ թե ընտրությունների ու ընտրարշավի անաչառ լուսաբանումը, այլ նպատակաուղղված, միակողմանի և կողմնակալ և խեղված իրականության ներկայացումը (…)»: 

Այդ ձեռագիրը շարունակվեց, ցավոք, նաև ապրիլի 17-ին, երբ որոշ լրատվամիջոցներ շեշտը դրեցին ոչ թե լրահոսի բովանդակության և իրականության վրա, այլ առաջնորդվեցին ավելորդ աժիոտաժ և արհեստական լարվածություն ստեղծելու ցանկությամբ:

Սա ընտրախախտումների մասին պատմող բազմաթիվ հրապարակումներից մեկն է՝ «10 հազարս տուր». տատիկը պահանջում է իրեն «հասանելիք» գումարը»: Տեսագրության մեջ լրագրողական կանխակալություն չկա. կա շատ կոնկրետ տատիկ, որը պահանջում է իրեն խոստացված տասը հազար դրամը:

Լրագրող Ա. Աշոտյանի անաչառությունը կասկածի տակ դնելը դժվար է: Երբևէ որևէ քաղաքական գործչի հանդեպ նա իրեն թույլ չի տվել ապատեղեկատվություն, կոռեկտության խախտում: Որքան զսպվածություն ու մարդկային տարրական պարկեշտություն կար 2015-ի փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում տակավին Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի խոսքերում.«Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում։ Ուրիշ ոչ մի բան քաղաքական իմաստով տեղի չի ունենալու»: Կրկնենք. նրա նկատառումները լրագրողների անաչառության կամ կողմնակալության վերաբերյալ չափազանց արժեքավոր  են:

Հասկանալի է, որ լրագրողները և բացառապես լրագրողներն են մեղավոր քաղաքական գործիչների անսկզբունքայնության համար: ՀՀԿ վերոհիշյալ նիստից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը որոշեց այլևս չզբաղվել քաղաքականությամբ, լրագրողներից մեկը հետաքրքրվեց (28.04.2015), թե ի՞նչը հատկապես ստիպեց ԲՀԿ առաջնորդին հեռանալ քաղաքականությունից: Պատասխան.«Եթե քո պես լրագրողներ չլինեին, որ լիարժեք աշխատանքը ճիշտ գնահատեին, այդպես չէր լինի: (…) Ձեր պես լրագրողները, որ լուն դավա են սարքում և սխալ բաներ են գրում, դրա համար էլ այդպես ա լինում»:

Ի՞նչ տարբերություն՝ ով է գրողը, որ երկրի նախագահը, պաշտպանության նախարարը բանակին հատկացվելիք գումարները ոչ գրագետ ու ոչ նպատակային են տնօրինել, որ այս կամ այն նախարարը կոռումպացված է, այս կամ այն օլիգարխը՝ անազնիվ:

Եթե բացեք  Ավետարանը, այնտեղ կգտնեք պատերազմներ, կաշառակեր դատավորների, մարմնավաճառների, բժիշկների, շինարարների: Կարող ենք վերընթերցել Խորենացու «Ողբը»: Ամենահին գրառումներում ասվում է գող պաշտոնյաների, դավաճան զորավարների, կաշառակեր ու անարդար դատավորների, տգետ ու դաժան արքաների մասին: Բոլորը կան, իսկ լրագրողներ (պատմիչներ) չկան:

Աշխարհի բոլոր դժբախտությունները՝ պատերազմներ, սով, թշվառություն, անարդարությունից, նվաստացումից արտագաղթող մարդիկ, նրա՜նց մեղքով է, ո՜չ թե լրագրողների:

Հնարավոր չէ ժխտել. մամուլի հանդեպ վերաբերմունքը փոխվել է: Եթե 90-ականների վերջին՝ 2001թ. մամուլում աշխատելը մեծագույն պատիվ էր ու պատասխանատվություն, այսօր այդպես չէ: Մամուլ, առհասարակ, ԶԼՄ են թափանցել դեմքեր, որոնք գրագետ չեն, չունեն մասնագիտական պատվախնդրություն ու էթիկայից զուրկ են, կողմնակալ… Բանն այնտեղ է հասել, որ քննադատում ես մեկին, ուրեմն կատարում ես մյուսի պատվերը: Գովեստով անդրադառնում ես այս երևույթին, ուրեմն գովազդում ես կամ անձնական շահագրգռություն ունես:

Սակայն անգամ նման իրականության մեջ լրագրողներին ուղղել մեղադրանք, թե նրանք կանխակալ են լուսաբանել, դիցուք, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, արդար չէ: Վկան՝ դիտորդական առաքելություն ունեցող կազմակերպությունների գնահատականը.«Հերթական անգամ Հայաստանում հնարավոր չեղավ անցկացնել օրինական ու թափանցիկ ընտրություններ» :   

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *