2018.07.20,

vox populi

Ինտերնետային գովազդը Հայաստանում. հատվածներ հետազոտությունից

Հայաստանյան շուկայում ինտերնետային գովազդը համեմատաբար նոր տերմին է։ Այն շուկայում միանգամից բավական լայն տարածում գտավ, սակայն դրա խորը ուսումնասիրությունը դեռևս չի կատարվել։ Այս պատճառով էլ որոշեցի կատարել թեմայի հետազոտություն՝ փորձագիտական հարցազրույցներ վարելով մարքեթինգային ծառայություններ մատուցող և այդ ծառայություններից օգտվող կազմակերպությունների հետ։

Միջազգային և հայկական շուկայում բավական տարբերվում են օգտագործվող և թրենդային ինտերնետային գովազդի տեսակները։ Եթե միջազգային շուկայում ինտերնետային գովազդի տեսակների սահմանափակումներ չկան, ապա հայկական շուկայում դեռևս որպես թոփ տեսակ մնում է սոցիալական մեդիա հարթակներով իրականացվող գովազդը։

Սոցցանցերից ամենաարդյունավետը Հայաստանում կարելի է համարել Ֆեյսբուքը (ներառյալ Messenger Engagement տեսակի գովազդը), քանի որ այն հնարավորություն ընձեռեց փոքր բիզնեսներին մինիմալ ծախսերով դառնալ ճանաչված իրենց ոլորտում։ Երկրորդ ամենաթրենդային գովազդատեսակը փորձագետները համարում են «ազդեցիկ մարդկանց գովազդը» (Influencer Marketing). մարդիկ ավելի քիչ են սկսում վստահել լրահոսում հայտնվող գովազդին, փոխարենը վստահում են մարդկանց, որոնք իրենց ոգեշնչում են։

Թեպետ միջազգային շուկայում բաններային գովազդը և դեսքթոփ ֆոնային գովազդը (Background Ad) աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը, Հայաստանում դրանք դեռևս պահանջված տեսակների ցանկում են։ Այս տեսակի գովազդները սովորաբար տեղադրում են հայկական լրատվական և ժամանցային կայքերում։

Որոշ փորձագետներ թրենդային գովազդների շարքին են դասում նաև բնական գովազդը (Native Advertising), որը հնարավոր չէ տարբերել բովանդակությունից։ Սա համակարգ է, որը հնարավորություն է տալիս մի քանի կայքերում զուգահեռ ցուցադրություններ կատարել և վճարել ոչ թե ցուցադրման ժամանակահատվածի, այլ, օրինակ, այցելությունների համար։

Գովազդի որոշ տեսակների զարգացման հետ մեկտեղ նաև որոշ տեսակներ էլ հետ են մղվում շուկայից։ Օրինակ, փոփափ գովազդները, մեծ չափերի «լողացող գովազդները» Գուգլը արգելփակում է՝ համարելով, որ սրանք խանգարում և ընդհատում են օգտատիրոջ գործողությունները։

Հայաստանում օգտագործվում է նաև գովազդը Գուգլ հարթակում՝ մասնավորապես Google Adwords ծառայության միջոցով։ Վերջինս աշխատում է բանալի բառերի գովազդային առաջխաղացմամբ, սակայն, քանի որ լատինատառ հայերենը դեռ շարունակում է մնալ որոնումներ կատարելու հիմնական տարբերակներից մեկը, որոնողական համակարգերի օպտիմալացումը (SEO), ինչպես նաև վճարովի AdWords գովազդը դեռ լիարժեք արդյունավետ չեն Հայաստանում։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում նաև լայն տարածում ունի կարճ հաղորդագրությունների՝ SMS-ի և Viber հարթակի միջոցով իրականացվող գովազդը, որից  առավել հաճախ օգտվում են հագուստի և տեխնիկայի խանութները։

Եթե դասավորենք ինտերնետային գովազդի վրա ամենամեծ բյուջե ծախսող ոլորտների եռյակը, ապա կստանանք հետևյալ արդյունքները․

  1. օնլայն կազինոներ, տոտալիզատորներ, խաղադրույքային ընկերություններ,

  2. բանկային/վարկային կազմակերպություններ կամ բջջային օպերատորներ,

  3. ընթացիկ ծառայություններ մատուցող ընկերություններ (ռեստորաններ, խանութներ և այլն):

Պատճառը, որ օնլայն կազինոներն ամենաշատ գումարներ ծախսող ընկերություններն են, այն է, որ վերջիններիս վրա շատ հարթակներ (օրինակ՝ Գուգլը և Ֆեյսբուքը) արգելքներ են դնում, և որպեսզի ստանան լավ արդյունքներ, ստիպված են լինում ծախսել ահռելի մեծ բյուջեներ։

Խաղադրույքային ընկերությունները, բանկային, վարկային կազմակերպությունները և բջջային օպերատորները ինտերնետային գովազդի հետ մեկտեղ օգտվում են նաև ավանդական գովազդային միջոցներից։ Նույնը վերաբերում է նաև որոշ ընթացիկ ծառայություններ մատուցող ընկերությունների, օրինակ՝ շինանյութի, տեխնիկայի կամ քաղցրավենիքի խանութներ, դեղամիջոցներ։

Իսկ ՏՏ, Saas (ծրագրային ապահովման ծառայություններ), e-Commerce (էլեկտրոնային առևտուր) ընկերությունները, ռեստորանները, սրճարանները, և որոշ խանութներ հիմնականում օգտվում են թվային գովազդի ծառայություններից։

 

Աննա Խաչատրյան
Թվային մարքեթինգի և բիզնեսի զարգացման մասնագետ

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *