2019.02.28,

Ստուգված է

Ինչ լուրեր շրջանառվեցին ու հերքվեցին փետրվարին

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ֆեյքերն ու կեղծ լուրերը ամենուր են ու ոչ միայն Հայաստանում։ Դրանց մասին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, այսօր մենք գործ ունենք ոչ թե մամուլի խոսքը սահմանափակելու, այլ կեղծ լուրերի դեմ պայքարելու հետ»։

Media.am-ը պարզել է, թե ինչ լուրեր են շրջանառվել ու հերքվել հայկական մեդիա դաշտում փետրվար ամսին։

Ասում էին, թե հրաժարականներ կան

Փետրվարի 7-ին մի շարք կայքեր տարածեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին հերքման լուրը: Նախարարի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «…հրաժարականի մասին տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Իր ազատման մասին լուրը հերքեց Զարուհի Մեջլումյանը` Պետական վերահսկողական ծառայություն Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետը:

Դե իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաժարականի/ աշխատանքից ազատվելու լուրը շրջանառվում էր դեռ 2018-ի վերջում: Փետրվարին կրկին շրջանառության մեջ դրված լուրը հերքեց ՊԵԿ-ի  հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետը, ապա նաև Դավիթ Անանյանը` Ազատություն TV-ի փետրվարի 25-ի Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ (12:33 րոպե):

Փետրվարի վերջին հրաժարականի մտադրության մասին լուրն էլ Երևանի քաղաքապետինն էր։ Սրա մասին փետրվարի 27-ին գրել էր 168.am կայքը՝ հղում անելով իր «հավաստի աղբյուրներ»-ին։ Սակայն կայքը Երևանի քաղաքապետի խոսնակից ստացել էր լուրի կեղծ լինելու մասին տեղեկությունը, բայց այնքան էլ չէր հավատացրել և հիշեցրել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքը, երբ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հրաժարականի լուրը սկզբում հերքում էր։

Թեև լուրը պաշտոնապես հերքվել էր, բայց news.am կայքը այն արտատպեց՝ վերնագրելով «Հայկ Մարությանը ցանկացել է հրաժարական տալ. 168.am»։

Վարչապետի գնած գրքերի խմբագրված ցանկը

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 9-ին հրապարակեց իր գնած «հետաքրքիր գրքեր»-ի լուսանկարը` «Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում» գրառմամբ:

Վարչապետի գրքերի ընտրությունը քննարկման նյութ դարձավ: Արթուր Խաչատրյան անունով հանդես եկող ֆեյսբուքյան օգտատերն էլ հրապարակեց Փաշինյանի հրապարակման սքրինշոթը` գրքերի խմբագրված ցանկով։ Կեղծ նկարը պատրաստված էր Նիկոլ Փաշինյանի պրոֆայլի օրինակուվ և ընդգրկում էր դիտումների ու տարածումների մասին տեղեկատվությունը։

ԱԺ նախագահի կնոջ թանկարժեք պայուսակը

Արարատ Միրզոյանի կնոջ` Գոհար Աբաջյանի փետրվարի 9-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում արված լուսանկարները ևս քննարկման նյութ դարձան:

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը այս նկարների հիման վրա հրապարակում արեց, նշելով թե կնոջ ձեռքի պայուսակը Hermes բրենդից է և արժե $130.000։

Անդրադառնալով այս քննարկումներին՝ ԱԺ Նախագահի կինը պատմեց, որ պայուսակը $130.000 փոխարեն արժե $100-250։ Այն ոչ թե Hermes, այլ Longchamp Roseau-ից է։ Ավելին, պայուսակը իրենն էլ չէ․ քրոջից է փոխ առել:

Նույն մեկնաբանության մեջ նա նաև նշեց, որ 1.5 մլն-ի փոխարեն իր վերարկուն արժե 140.000 դրամ, որը զեղչով 72․000 դրամով է գնել: Ասաց նաև, որ անվտանգության աշխատակից չունի, «զոնտիկ պահող» ևս, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն է հայտնել անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար:

Սովետական կրթությունը (չ)հասավ Մեծ Բրիտանիա

168.am կայքում փետրվարի 25-ին լուր հրապարակվեց, թե «Մեծ Բրիտանիայում անցել են ԽՍՀՄ կրթական համակարգին»: Սակայն, ավելի ուշ նյութը հեռացվեց կայքից։

Լուրին անդրադարձավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը․

«Այս նյութը ապատեղեկատվություն է! Սա հայտնվել է համացանցում նոյեմբերի 23-ին, հղում կատարելով վրացալեզու մի կայքի, որն իր հերթին հղում է կատարել BBC-ի հաղորդմանը, որտեղ ՄԹ կրթության նախարարն իբրև նման բան է ասել: Նմանատիպ հաղորդում BBC-ի կայքում չկա!!!»:

Հետգրության մեջ էլ գրում է, որ նախարար Ջասթին Գրինինգը, որին հղում են անում լուրում, դեռ 2018թ. հունվարի 8-ին հրաժարական է տվել: Հետևաբար նա չէր կարող որպես Անգլիայի կրթության նախարար նման հայտարարություն տարածել 2018թ. նոյեմբերին:

Այս լուրի կեղծ լինելը հաստատեց նաև փաստերի ստուգմամբ զբաղվող fip.am-ը: Իսկ 168․am-ում այժմ հոդվածի հղումով այլ հոդված է տեղադրված, բայց Google Cache-ում հասանելի է հեռացված կեղծ բովանդակությունը:

Թմրադեղերով կոնֆետների լուրը նոր չէ ու հայաստանյան չէ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ու մի քանի կայքերում փետրվարի 25-ին գրառումներ էին տարածվել, թե փողոցում երեխաներին թմրանյութ պարունակող կոնֆետներ են բաժանում:

Լուրի հետքերով գնալով, media.am-ը պարզեց, որ այս խուճապ առաջացնող ու չճշտված լուրը «թափառում» է աշխարհով մեկ` Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան: Ամերիկյան snopes.com կայքի հրապարակման համաձայն նման լուրեր ԱՄՆ արևմտյան նահանգներում սկսել է շրջանառվել 2007-ից։ Կայքը հաստատում է, որ ոստիկանությունը հայտնաբերում է կոնֆետի նմանությամբ  թմրադեղ պարունակող նման կրիստալներ, բայց համոզիչ փաստարկներ չկան, որ դրանց կոնֆետի տեսք է տրվել երեխաներին գայթակղելու համար:

Ի դեպ, ՀՀ Ոստիկանությունից հայտարարեցին, որ նման ահազանգեր չեն ստացել։

Արշալույս Բարսեղյան
Պատկերի համար օգտագործվել է Frederick Burr Opper-ի՝ 1894թ․ հեղինակած նկարազարդումը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *