2019.03.05,

Նյուսրում

Ինչպես պատմել երեխաների մասին․ ՄԻՊ-ը ձեռնարկ է հրապարակել

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հաշմանդամության, աուտիզմի իրազեկման համաշխարհային և այլ թեմատիկ օրերին լրատվամիջոցներում ավելանում են երեխաների մասին հրապարակումները, որոնցում շատ հաճախ խախտվում են նրանց իրավունքները։

Այս խնդիրը հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հետ համագործակցությամբ լրագրողների համար ձեռնարկ է հրատարակել՝ երեխաներին վերաբերող հարցերի լուսաբանման մասին։

Ձեռնարկի ստեղծողները ուզում են օգնել լրագրողներին, որպեսզի     երեխաների մասին պատմություններ ստեղծելիս նրանք  առավելագույնս  արժևորեն երեխայի իրավունքները։ Գիրքն ամրապնդում է լրագրողների պատկերացումները երեխայի իրավունքների մասին, ներկայացնում է, թե որոնք են երեխայի հետ աշխատանքի և հրապարակման հիմնական կանոններն ու սկզբունքները։

ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյան ասում է, որ հատկապես օնլայն հրապարակումներում հաճախակի են խախտվում երեխայի իրավունքները։

«Շատ ենք հանդիպում նյութեր, որտեղ օրինակ բռնության ենթարկված երեխայի են ցույց տալիս, հրապարակում նրա անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայր և այլն։ Կամ ինչ-որ ահասարսուռ վերնագրեր են դնում՝ հատուկ ընդգծելով երեխաներին»,- ասում է Էդուարդ Իսրայելյանը։

ՄԻՊ-ում, ուսումնասիրելով նմանատիպ  հարյուրավոր հրապարակումները, որոշեցին ձեռնարկը հրապարակել։

«Հուսով ենք, որ լրագրողները կօգտվեն դրանից ու հետագայում երեխաներին վերաբերող տեղեկատությունը ներկայացնելիս կպաշտպանեն նրանց իրավունքներն ու շահը»,- ասում է Իսրայելյանը։

Ձեռնարկը մշակվել է UNICEF-ի նմանատիպ հրապարակման հիման։ Այն  մշակելու ընթացքում հանդիպումներ ու քննարկումներ են եղել լրագրողների հետ։ ՄԻՊ ներկայացուցիչն ասում է, որ իրենց հաջորդ քայլը նույն թեմայով լրագրողների վերապատրաստումն է լինելու։

«Սոված, մրսած, անտուն թրաֆիքինգի զոհ դարձած ու վատ վիճակում գտնվող երեխաների մասին լուսաբանումները միշտ էլ բարձր դիտում ու ընթերցելիություն են ունենում, սակայն դրանք պատրաստելիս միշտ չէ, որ լրագրողներն առաջնորդվում են երեխաների իրավունքների պաշտպանության չափորոշիչներով»,- ասում է երեխաներին վերաբերող խնդիրների մասին հաճախակի գրող, «Առավոտ»-ի թղթակից Լուսինե Բուդաղյանը։

«Խախտումներն, իհարկե կանխամտածված չեն, և հիմնականում պայմանավորված են մասնագիտական գիտելիքների բացակայությամբ կամ ոչ լիարժեք տիրապետմամբ: Ուստի, նման ձեռնարկներն ուղեցույց են՝ ինչպես լուսաբանել երեխաներին առնչվող հարցերը»:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ըստ լրագրողի, շատ դեպքերում ծնողները չեն առաջնորդվում երեխայի լավագույն շահով և, երեխային օգտագործելով, փորձում են լուծել իրենց այս կամ այն սոցիալական խնդիրը․ «Մասնավորապես՝ դրդում են, որ երեխան լաց լինելով, խղճահարություն առաջացնելով նկարահանվի ռեպորտաժում, պատմի իր ընտանեկան վիճակի մասին, ինչն, իմ կարծիքով, նվաստացնում է երեխայի արժանապատվությունը»:

Խնամքի հատուկ հաստատություններում նույնպես չեն պահպանվում այդ չափորոշիչները: Երեխաների համար պատասխանատու անձանց թույլտվությամբ այնտեղ խնամվող երեխաները շատ հաճախ, անկախ իրենց կամքից, տհաճ իրավիճակներում են հայտնվում: Հաստատություններում խնամվող երեխաները մեծանում են, ամուսնանում, ընտանիք կազմում, սակայն այդ նյութերը դեռ համացանցում պտտվում  են, պատմում է լրագրողը։

UNICEF-ի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանն ասում է, որ ՄԻՊ աշխատակազմի հետ համագործակցությունն ամրապնդվեց 2015 թվականին, երբ ՄԻՊ աշխատակազմում ստեղծվեց երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը։

«Սկսեցինք համագործակցել տարբեր հարցերի շուրջ, որոնցից մեկը հենց էթիկական լուսաբանումն էր, որովհետև երկու կառույցներն էլ ոլորտում տարբեր տեսակի խնդիրներ էինք տեսնում՝ ամենահեշտ լուծվողներից, ինչպիսին տերմինաբանության օգտագործումն է, մինչև խորքային էթիկական հարցեր»,- պատմում է Զառա Սարգսյանը։

Ըստ նրա, վերջերս հրապարակված ձեռնարկը ոչ թե կանոնագիրք է, թե ինչպես պետք է պատրաստել նյութը, այլ ձեռնարկում կան թեմատիկ առաջարկեր, մանավանդ սկսնակ լրագրողներին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն, որոնք են ամենախոցելի խնդիրները, ինչպես պետք է հարցազրույց վարել երեխայի հետ կամ եթե թեման խոցելի ու առանձնահատուկ է, ինչպես ճիշտ նյութը ստեղծել՝ չվնասելով երեխային։

Զառա Սարգսյանն ասում է, որ ձեռնարկը վերջնական չեն համարում և գտնում են, որ այն տարիների ընթացքում պետք է թարմացվի։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *