2018.05.14,

vox populi

Թավիշը երգերում

Եկեք պայմանավորվենք. եթե երգը հրատապ է, ինքնաբուխ ստեղծվել է որևէ շարժման զուգընթած (ընդ որում՝ որքան արագ, այնքան լավ), արդեն իսկ գովելի է։ Դա երևույթ է, դիրքորոշում՝ անկախ երգի որակից։

Եվ ուրեմն, թավշյա և համերաշխության հեղափոխության համար և հեղափոխությունից ներշնչված երգերի մասին՝ ըստ իրենց հայտնվելու ժամանակագրության։

«Իմ քայլը  Քաղաքացու երգը», Հայկ Ստվեր
Երաժշտություն՝ Հայկ Ստվերի, խոսք՝ Նիկոլ Փաշինյանի

Այս երգն առաջին անգամ հրապարակվեց մարտի 30-ին, իսկ անմիջապես հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վերածննդի հրապարակից սկսեց իր քայլարշավը ճիշտ այնպես, ինչպես հենց ինքն էր կոդավորել երգի տեքստի մեջ․

Սա հույսի առկայծող ճանապարհ է,
Սա գրվող պատմություն է մի նոր
Ես քայլում եմ, քայլում եմ, քայլում եմ․․․

Բաց ձեռքերի հեղափոխությունը, ինչպես շեշտվում է երգի մեջ, բերեց ժպիտ, հույս, հպարտության զգացում, իսկ կատարող երգչին՝ ճանաչում (որպես բոնուս)։

Ըստ հեղինակների՝ երգը ալտերնատիվ ռոք ժանրի է, բայց այն իրականում այդքան էլ ալտերնատիվ չէ, ավելի շուտ հարում է բարդային արտ-ռոքին: Սակային ի՞նչ տարբերություն… Երգը սիրվեց ու դարձավ շարժման սիմվոլ։

Ի վերջո, բոլոր քայլերգերի ու օրհներգերի (Բեթհովենից մինչև Մարսելյեզ) հիմքը այն գաղափարն է, որ ես մենակ չեմ, և երբ դա գիտակցենք, անպայման հաղթելու ենք։

«Հայաստան, բարև՛», Թաթա

Ապրիլի 26-ին համացանց լայվ ռեժիմով տեղադրվեց Թաթա Սիմոնյանի երգից մի հատված։

Ռոքից շրջադարձ կատարվեց դեպի 6/8 ռիթմաչափ և դրանով իսկ հեղափոխական լսարանի դիապազոնը աննախադեպ ընդլայնվեց։

ՀՀ քաղաքացի Ալբերտ Սիմոնյանը, նույն ինքը Թաթան, շարժման սկզբնական փուլից հայտնում էր երիտասարդների դեմ ուժ կիրառելու իր մտահոգությունը (ասում եմ որպես ականատես)։

Սա նրա կողմից քաղաքացիական քայլ էր, քանի որ Թաթայի երգացանկում սիրային, հայրենասիրական, հումորային, ֆիդայական, զինվորական թեմաներից բացի հայտնվեց առաջին ագիտացիոն երգը։  

Երգը լսարանին հասավ այն ժամանակ, երբ հեղափոխության արդյունքը անորոշ էր, իսկ քաղաքական իրավիճակը՝ բարդ։

Հեղինակ կատարողը թավշյա հեղափոխությունը նույնացրեց  երջանկության և հայերի համար նվիրական արժեքների հետ, օգտագործելով երեք խոսք-բանալիներ՝ փշալար, հայր-մայր, Աստված։

«Դուխով», Հրագ Սիմոնյան

Ռոքին, այնուհետև պարային 6/8-ին, հաջորդեց Հրագ Սիմոնյանի «Դուխով» երգը։ Ռեփի և էթնո հիփ-հոփի արանքում գտնվող այս երգի բառերն ու շեշտադրումներն, իհարկե, վիճահարույց են («դուխով» բառը թեև թրենդ է, բայց ամեն դեպքում ոչ հայերեն, իսկ դրա կողքին որպես հանգավորվում «նյուխով» բառի հայտնվելն արդեն ավելորդություն է)։

Երգը լույս տեսավ մայիսի 4-ին, երբ համայն հայությունը դիտել ու դատապարտել էր Հանրապետական կուսակցության պատգամավորների ելույթները, պահվածքն ու ագրեսիան ուղիղ հեռարձակվող նիստի ժամանակ։

Ստացվեց այնպես, որը երգի մեջ  նաև ԱԺ վարչապետի ընտրությունը տեղավորվեց (առաջին անհաջող փորձը)։

55 հոգի, ուշադիր լսիր,
Ցույց ես տվել, որ եղել ես բարի,
Ուզել ես հայի արևը մարի․․․

Երիտասարդ հեղինակը փորձ կատարեց խոսել հեղափոխության կարևորագույն շերտի՝ երիտասարդների դիրքից։ Թերևս, այսքանը։

«Ուռաա-Ուռաա», Հայկ Դուրգարյան

Ու հենց այդ գիշեր երեք տղամարդ՝ Հայկ Դուրգարյանը (կատարող), Ռիչարդ Մադլենյանը (երաժշտություն) և Գրիգոր Կյոկչյանը (տեքստ) արթուն մնացին, որպեսզի հաջորդ օրը համացանց բաց թողնեն երգ-աղավնի արդեն փոփ ժանրում։

Մեկ գիշերում գրած ու ձայնագրած դիսկո երգը կոչվեց «Ուռաա-Ուռաա»։ Նախաձեռնությունը երգչինն էր, որը ժամանակին բենզինի, արագաչափերի ու խցանման մասին էր երգել ու սրտանց ու հեգնանքով հայտնել, որ «Երևանից լավ տղա չկա»։

Այս ոտքից գլուխ հայկական փոփ ժանրի երգը լսելով, հասկանում ես, որ հեղինակները կամ առնվազն գոնե մեկը, եղել են ցույցերի ակտիվ մասնակիցներ, ու ցանկության դեպքում՝ երգի բառերում կարող ես տեսնել շարժման ողջ ընթացքն ու սիմվոլներ դարձած կերպարների։ Օրինակ, առեղծվածային Իռային և Չալո շանը։

Մայիսի 8-ին, նոր վարչապետի նշանակման օրը այս ուրախ երգն ավելի քան տեղին էր։

Ուռա, երջանկությունից թռա
Ուռա, տուն գնալ չկա, Իռա։

Եվս Հայկ, այս անգամ Հայկ Պետրոսյան։ «Քայլ արա, Մերժիր Սերժին»  նախաձեռնության ակտիվ մասնակցող դերասանը պատրաստում է երգ-սկեթչերից պոպուրի, և դրանցից մեկը հիշվող բառախաղի վրա կառուցած «Մերժիր մեր ժիր Սերժին» է։ Մի քիչ ռեգգի, մի քիչ բլյուզ, մի քիչ էլ հումոր։

Իհարկե, կարելի է անդրադառնալ Էդո Բառնաուլսկու հեղինակած «Նիկոլ Փաշինյան» երգին, բայց ես ի վիճակի չեմ երգը մինչև վերջ լսել, ուստի «աստված բալեքին պահապան» (մեջբերում երգից)։

Հիշենք նաև Ռադիո Վանի նախաձեռնած «Հպարտ քաղաքացու հիմնի» մասին, որը դիտարկեք որպես քաղաքացիական համամասնակցության քայլ։

Չիլիի աշխատավորների միության օրհներգի «Մենք անպարտ ենք, երբ միասին ենք» Սերխիո Օրտեգայի գրած սիրունագույն մեղեդիի վրա Իննա Մկրտչյանը գրեց հայերենով խտացված տեքստ, որն էլ ձայնագրվեց ապրիլի 30-ին և հաջորդ օրը հնչեց Հանրապետության հրապարակում։

Ընթացքում եղան էլի երգեր՝ ռաբիսից մինչև էլեկտրոնային։ Որոշ երգերի տեքստերն առնչություն չունեին թավշյա հեղափախության հետ, բայց կատարողների կողմից սրտանց ձոնվեցին (հուսով եմ, որ այդպես է) թավշյա հեղափոխությանը, ոչ թե  «car u naxand» լեզուների ասած՝ հետագայում լսարան չկորցնելու հաշվարկով։

Եվ մի բան էլ։ Այս օրերին հնչում էր և շարունակում է հնչել հարց՝ հայտնիության ու շնորհքի տարբեր աստիճան ունեցող երգիչները, որոնք մինչ հեղափոխությունը երդվում էին ժողովրդի անունով, դիմում էին ժողովրդին, հիանում էին ժողովրդով, պարտավորված չէին արդյո՞ք պատմության դրամատիկ կիզակետում լինելին ժողովուրդ-հանդիսատեսի կողքին։

Պատասխան՝ ոչ։ Որովհետև եթե մի բան պիտի անես բռնանալով սեփական կամքիդ ու ցանկությանդ հակառակ, ավելի լավ է չանես։

Դա հակասում է թավշյա հեղափոխության, ներդաշնակության ու համերաշխության փիլիսոփայությանը։

Գրկում եմ բոլորիդ։

Անիտա Հախվերդյան
ՀՀ հպարտ քաղաքացի, հաղորդավար

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *