2015.10.29,

Քննադատ

Թանգարաններ-ավանդական մեդիա. չկայացած սեր

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Թանգարանները տասնամյակների, նույնիսկ դարերի ընթացքում դարձել են պահպանողականության, քարացածության հոմանիշ։ Եվ ինչքան գրավիչ են եղել կերպարվեստի, պատմության, հայտնի անձանց թանգարանների հավաքածուները, նույնքան վանող՝ արգելքների «Ձեռք մի´ տուր», «Մի´ նստիր», «Մի´ խոսիր», «Չնկարե´լ» շարքը, որ այցելուի մտապատկերում կարող էր առաջացնել «թանգարան» բառը։ Երեւի պատահական չէ, որ թանգարաններին նվիրված մեդիա անդրադարձները, հաղորդաշարերն էլ մեծ լսարան չեն նվաճել։

Մեր օրերում, սակայն, թանգարանները մեծ փոփոխությունների են ենթարկվում` բաց ու հասանելի դառնալով վիրտուալ տարածքում, այցելուին սնապարծորեն չդիտարկելով որպես ազդեցության, «ճնշման» թիրախ, այլ մասնակից, գործող անձ, հերոս։ Նոր մոտեցումները պայմանավորված են այսպես կոչված millennial-ների՝ 2000-ականներին հասունացած սերնդի հոգեբանությամբ եւ հասցեագրված են նրան՝ ապագա տասնամյակների այցելուին։

Երեւանում հոկտեմբերի 24-28-ը տեղի ունեցավ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Մարքեթինգի եւ հանրահռչակման միջազգային կոմիտեի տարեկան գիտաժողովը, որի թեմաների առանցքում հենց այս սկզբունքներն էին՝ արդիական նաեւ ամբողջ մեդիադաշտի համար։

Տեխնոլոգիաներ՝ ճկուն համագործակցություն. ի՞նչը այցելուին կվերածի երկրպագուի, ինչպե՞ս առանձնանալ բազմությունից եւ հաղթել լսարանի ամենաթանկարժեք ապրանքի՝ ժամանակի համար պայքարում:

Նոր  այցելուների  ներգրավում. «միլենիալները» առաջին թվային սերունդն են, նրանք մեծացել են էլեկտրոնիկայով լի, առավելապես առցանց,  համացանցային միջավայրում։ Լավատեսորեն տրամադրված աշխարհի հանդեպ եւ գիտակից՝ նրանք պահանջում են փաստերի ակնթարթային իրականացում ու փորձի ակնթարթային փոխանակում, ներկայացնում են նոր հարացույց թանգարանների համար:

Հակասություններին առնչվելով. կա նոր թանգարաններ եւ հիշատակի վայրեր ստեղծելու համաշխարհային միտում, որն ընդհանուր առմամբ կոչված է ծառայելու կրթական, մշակութային եւ նույնիսկ քաղաքական նպատակների: Դրան զուգահեռ, բոլոր, այդ թվում՝ նաեւ հիշատակի թանգարանները, բախվում են նաեւ մեկ այլ՝ առեւտրայնացման կամ պարզապես թանգարանը բիզնես գործունեության վերածելու մարտահրավերին: Արդյոք հնարավո՞ր է առեւտրայնացման հետ կապել, դիցուք, Հոլոքոստի, ցեղասպանության եւ պատերազմական թանգարանները:

Հիմնական ելույթների բովանդակության այս համառոտ վերաշարադրանքը միայն համեստ պատկերացում կարող է տալ գիտաժողովի մասին, որի հյուրերի թվում էին PR-ի՝ հանրահռչակման փայլուն մասնագետներ, ինչպիսիք Նիք Հանիսեթն է (Nik Honeysett) եւ Սեսիլիա Մարտինը (Cecilia Martin)։

«Լրատուն» մեդիա թանգարանը

Նիք Հանիսեթը ներկայացրեց հանրային ոլորտի փակից դեպի բաց, կայունից՝ շարժուն, սպառումից՝ տարածում, ապրանքից՝ ծառայություն, հեռարձակումից՝ հաղորդակցություն, պասիվից՝ ակտիվ, ընդհանուրից դեպի անձնական փոփոխության 20-ամյա ընթացքը՝ կապելով այն թանգարանների՝ որպես մեդիայի բարեփոխման հրամայականի հետ։ Նա հատուկ ուշադրություն դարձրեց նաեւ նոր մեդիայի՝ համացանցի զարգացման պատմությանը, խաղերի, գիտելիքի «խաղայնացման» տարածմանը։ Նրա բանախոսության տեսողական մասը նոր տեխնոլոգիաների օգտագործման հիանալի նմուշ էր։

Սեսիլիա Մարտինի զեկուցման առանցքը հազարամյակի սերունդն էր։ «Միլենիալների»՝ բանախոսի իմացությունը (եւ այդ սերնդի հանդեպ սերը, վստահությունը) այնքան խորն էր, որ թվում էր, թե նրանցից մեկն է ելույթ ունենում։ Ըստ Սեսիլիայի հետազոտության՝ թանգարանում սմարթֆոնի մեջ «քիթը մտցրած» պատանիների 47 տոկոսն ընկերներին պատմում է նոր տեսած նկարի/ցուցանմուշի մասին, 40 տոկոսը լուսանկարում ու տարածում է այն սոցցանցերում՝ նպաստելով ցուցանմուշների հանրահռչակմանը։ Ինչը թանգարանների համար ավանդական մեդիայից ավելի նախընտրելի են դարձնում նոր բջջային հավելվածները՝ «միլենիալների» սիրելի հարթակները։ Սեսիլիայի Մարտինի հայացքների, նրա գործունեության ընդգրկման մասին կարելի է դատել՝ այցելելով այս կայքը։

Գիտաժողովի հայ բանախոսների ելույթներում եւս ներկայացվեցին նորագույն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառության օրինակներ։ Այդպիսիք էին Հովհաննես Թումանյանի եռաչափ պատկերը, անցյալ դարասկզբի թիֆլիսյան փողոցի համակարգչային շարժապատկերը, որոնց առանձնահատուկ դերը կարեւորեց գրողի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

Ամբողջովին նոր տեխնոլոգիաների վրա է հիմնված Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» թանգարանը, որը գիտաժողովին ներկայացրեց տողերիս հեղինակը։ Վերջին քառորդ դարի հայաստանյան լրագրության պատմությանը նվիրված թանգարանը խախտում է ավանդական արգելքները՝ կոչ անելով այցելուներին՝ «Ձեռք տու՛ր» հպէկրաններին եւ ծանոթացիր լրագրողների ու նրանց հերոսների մասին պատմություններին, «Նկարի´ր», ինչը քեզ հետաքրքիր է, լրագրողի դերում «Նկարվի´ր» որեւէ թեժ կետի, տեսարժան վայրի կամ մարզական իրադարձության ֆոնին ձեւօրինակման սենյակում եւ «Վերցրու՛ քեզ հետ» տեսանյութը։ Խաղա´ եւ ստուգի´ր մեդիայի վերաբերյալ գիտելիքներդ։

Վերջին չորս տարում Թանգարանների միջազգային խորհուրդն արդեն երկրորդ անգամ է գիտաժողով անցկացնում Երեւանում։ Դա մեծ հաջողություն է Հայաստանի համար, որը ձեռք է բերվել ICOM-ի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի, երիտասարդ եռանդուն անդամներ Հայկ Մկրտչյանի, Անի Ավագյանի ջանքերով, որոնք իրենց այլ գործընկերների, հովանավորների ու կամավորների հետ մեկտեղ ապահովեցին նաեւ այս գիտաժողովի անխափան ու արդյունավետ ընթացքը։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *