2019.07.02,

Քննադատ

Երբ ու ինչից սկսվեց մեմերի զարգացումը ԱրմՆեթում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այսօր հայաստանյան/հայկական ցանցը, որը կարող ենք այդպես կոչել ընդհանրացնելու և ընդլայնելու համար, հեղեղված է մեմերով։ Գրեթե ամեն օր դրանք թարմանում են և շատ արագ տեղափոխվում օֆլայն։ Արդեն քչերին է զարմացնում աթոռների գովազդը, որն ուղղորդվում է «Հանգիստ նստեք տեղներդ» գրառումով։ 

Իրականում, ԱրմՆեթում մեմերը բավականին ուշ հայտնվեցին։ 

Շատ երկար ժամանակ Հայաստանի օգտատերերը հանդիսանում էին միայն այլ ցանցի հատվածի մեմերի սպառող։ 2006-2007 թվականներին միջին հայաստանցին, որն օգտվում էր ցանցից (այսինքն, մոտավորապես, ամեն հիսուներորդը), լավ կհասկանար, թե ինչ է «Պրևեդ, Մեդվեդ»-ը, բայց կդժվարանար հիշել ներքին հայաստանյան մեմ։ 

Իհարկե, մեմեր գեներացվում էին։ Սակայն դրանք հիմնականում մեկ ուղղվածություն ունեին՝ հայ֊ադրբեջանական վիրտուալ պայքար։

Մինչֆեյսբուքյան տարիներին հայ֊ադրբեջանական շփումը համացանցում ավելի ակտիվ էր ու փոքր-ինչ ավելի քաղաքակիրթ, դեռ պարունակում էր հայհոյանքներից զուրկ բովանդակություն։ 

Դրան զուգահեռ զարգանում էր նաև հումորային ենթատեքստը, ինչն իր հերթին գեներացնում էր մեծ քանակի մեմեր, որոնց մեծ մասը հիմնվում էր Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունների վրա։ 

Ինչ֊որ պահի նույնիսկ հայտնվեց gagashev.net կայքը, որը մեմերի մի ամբողջական կծիկ էր։ Այստեղ ադրբեջանական քարոզչությունը հասցվում էր պոստմոդերնիստական գագաթի։ Կայքը ներկայացվում էր որպես «նենգ դաշնակների կայք», ինչը նույնպես մեմ էր, քանի որ ադրբեջանական վիրտուալ պատերազմի միջին վիճակագրական մասնակից կամ, ինչպես այդ ժամանակ նրանց կոչում էին «կիբեր ասքյար», համոզված էր, որ բոլոր հայերը դաշնակցական են և, բնականաբար, նաև նենգ։ 

Գագաշևում ծնվեց, օրինակ, «Արցախ ակբար» արտահայտությունը, այստեղ կարելի էր ունկնդրել տոլմայի վերաբերյալ բոլոր վիրտուալ պատերազմներին հնչեցված աբսուրդ մտքերը և այլն։ Կայքն առայսօր գործում է, չնայած, որ այսօրվա օգտատերերի մեծամասնության համար բովանդակությունը խիստ անհասկանալի կլինի։ 

Կայքի ներքևի հատվածում վաղուց տեղադրված էր Ադրբեջանի նախկին ՊՆ նախարար Սաֆար Աբիևի սպառնալիքների հաշվիչը։ Որն իր հերթին նույնպես դարձել էր մեմ, քանի որ Աբիևը հաճախ էր սիրում սպառնալ հայերին և Հայաստանին։ 

Այսօր դրա կողքին տեղադրված է արդեն Զաքիր Հասանովի սպառնալիքների հաշվիչը։ 

Հետագայում, երբ ԱրմՆեթը հետաքրքրվեց ներքին հայաստանյան հարցերով, սեփական մեմեր սկսեց գեներացնել արդեն բլոգային համայնքը։ 

Այսօր քչերը կհիշեն, առավելևս, կիմանան, որ 2012-ի դեկտեմբերին մատնաքաշը ամենաթնդացող մեմ էր։ Ամեն ինչ սկսվեց, երբ այժմ Երևանի ավագանի, իսկ այն ժամանակ բլոգեր Էդգար Բարսեղյանը ընկերներին խնդրեց մատնաքաշի լավ որակի նկար իրեն տրամադրել։ 

Իսկ այն, թե ինչ եղավ հետո, ցնցեց համացանցի մի հատվածին։ Մանրամասն մատնաքաշի մեմին կարելի է ծանոթանալ Ասլանյան Արայի բլոգում։  

Իրականում, մեմերի լուրջ տարափ սկսվեց 2013֊ին, հանրային տրանսպորտի թանկացման դեմ «Չեմ վճարելու 150 դրամ» շարժման ժամանակ։ Փաստացի, դա առաջին իսկապես հանրային մեծ շարժումն էր, որը մի կողմից ստեղծվեց ցանցում, մյուս կողմից՝ ներգրավեց հանրության գրեթե բոլոր շերտերին։  

Հենց սրանից հետո սկսվեց մեմերի տարափը։ Երևի թե հիմա դժվար է ներկայացնել մեմերի տարածման փուլերը, քանի որ գործ ունենք անընդհատ զարգացող գործընթացի հետ։ Մի շարք հին մեմերի կարելի է ծանոթանալ այստեղ, զուտ վերհիշելու համար։ 

Եվ, անկասկած, ամենակայուն մեմը շարունակում է մնալ նախկին պատգամավորի լուսանկարը, որն արդեն հինգ տարի հայտնվում է գրեթե բոլոր թեմաներում։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *