2012.06.28,

Նյուսրում

Եթերային քաղաքականությունը բաց նամակի թեմա է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդին առաջարկել է քննարկումներ սկսել հեռուստաընկերությունների վարած եթերային քաղաքականության առանձին ուղղությունների վերաբերյալ։

Նախագահի հորդորը Հանրային խորհրդին սկիզբ է առել բաց նամակից, որը կազմվել է մի քանի տասնյակ հ/կ-ների, հիմնադրամների, շարժումների, խմբավորումների, ակումբների, անսամբլների ու անհատ մտավորականների կողմից։ Լրատվամիջոցներին ներկայացված նամակում ասվում է, որ հեռուստատեսային բովանդակությունը կործանիչ հետեւանքներ է թողնում, քանի որ «ագրեսիվ, քրեական ու քրեածին սերիալները» եւ «այսպես ասած՝ «հումորային» ծրագրերը» բացասական են ազդում դիտողի վրա։

Ուշագրավ է, որ այս նամակը ի տարբերություն նմանատիպ այլ նամակ-ուղերձների առանձնանում է կոնկրետ առաջարկություններով։ Սերժ Սարգսյանին դիմած կազմակերպություններն իրենց կոլեկտիվ նամակում նշում են, որ հարկ է ավելի խիստ վերահսկել եթերը, նոր չափորոշիչներ մշակել՝ գիտավերլուծական մեխանիզմներով տալով արգելվող բովանդակության սահմանումը։ Իսկ այդ չափորոշիչների չկիրառման դեպքում հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկել։ Նամակի հեղինակները առաջարկել են ՀՀ նախագահին վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:

ՀՀ նախագահն արձագանքել է այդ բաց նամակին: ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հաղորդել է լրատվամիջոցներին, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականով Հանրային խորհուրդը մոտ օրերս մի շարք հանդիպումներ կունենա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, հ/ը-ների ղեկավարների, տարբեր հասարակական կազմակերպությունների ու մտավորականների հետ։

Առաջարկություններից մեկը կարգավորող կամ խորհրդատվական նոր մի մարմնի ստեղծումն է: Ենթադրվում է, որ այն կստանձնի եթերի վերահսկման գործառույթը։ Խմբակային բաց նամակի հեղինակներն, օրինակ, առաջարկել են. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով եւ կանխատեսումներով»:

Ըստ բաց նամակի հեղինակների՝ հետազոտելու ու կանխատեսելու նպատակը  «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ առաջարկելն է: Իսկ ՀՀ նախագահի խոսնակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այժմ հեռուստատեսության ոլորտի բարեփոխումների առաջարկներ ձեւավորելու եւ այդ գործընթացին հնարավորին լայն մասնակցություն ապահովելու ժամանակն է։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *