2019.01.30,

Նյուսրում

«Գովազդի մասին» օրենքը՝ հանուն հանրային առողջության

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել «Գովազդի մասին» օրենքում։

Նախարարությունն առաջարկում է, որպեսզի առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված սոցիալական գովազդները զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով, այն է՝ հեռուստատեսություն և ռադիո, եթեր հեռարձակվեն ժամը 16:00-ից մինչև 23:00-ը ընկած ժամանակահատվածում։ Այս նպատակով լրացումներ կարվի «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածում։

Նախարարությունը ակնկալում է, որ սոցիալական գովազդների ցուցադրությունը «փրայմ թայմում»՝ կբերի ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացության ու հիվանդացության նվազեցման:

Դատելով օրենքի նախագծից, նման առաջարկ ստացվել է տարբեր հանրային քննարկումների ժամանակ։ «Ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը: Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել առողջ ապրելակերպի արմատավորման ուղղությամբ` սոցիալական բնույթի հոլովակներով անհրաժեշտ տեղեկատվությունը բնակչության լայն զանգվածներին հասցնելու համար»,- սա մեջբերում է նախագծից:

Նաև նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ են սահմանվել բնակչության առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումը: Ներկայում, ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25 տոկոսը։ Մահացության, հիվանդացության և հաշմանդամության բարձր մակարդակների համար պատասխանատու հիվանդությունների (սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ, մահվան արտաքին պատճառներ, շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններ) զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի և վնասակար վարքագծային սովորությունների հետ:

Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված են ոչ վարակիչ հիվանդությունները և կազմում են գրանցվող բոլոր մահերի մոտ 80 տոկոսը։  

Օրենքում կատարվող լրացումը, ըստ Առողջապահության նախարարության, օժանդակելու է առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը և հասարակության լայն զանգվածների շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդմանը:

Հեռուստատեսությունը բիզնես է, որն ունի իր կանոնները։ Ինչպե՞ս կանդրադառնա Առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը բիզնեսի վրա։ «Շանթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Լաերտ Սողոյանն այն կարծիքին է, որ եթե սոցիալական գովազդի ժամը պարտադրվի, ապա արդյունքում գովազդային բլոկից դուրս կգան վճարովիները, ինչը բիզնես տեսանկյունից շահավետ չէ։

««Գովազդի մասին» օրենքում սպասվող լրացումներից կտուժի հեռուստաընկերությունը, թե ոչ՝ կախված է որոշ նրբություններից. մասնավորապես՝ արդյո՞ք սոցգովազդին հատկացվող ժամանակը ներառվելու է հեռուստաընկերության համար գովազդի թույլատրելի տևողության մեջ: Եթե այո, և եթե սոցգովազդները տեղադրվելու են մյուս գովազդների հաշվին, ապա հեռուստաընկերությունն այս դեպքում կտուժի: Եթե պարտադրվի կոնկրետ ժամի կոնկրետ տևողությամբ սոցգովազդ ցուցադրել, արդյունքում պետք է դուրս գան այլ գովազդներ, ինչը, բնական է, բիզնես տեսանկյունից շահավետ չէ»,-ասում է «Շանթի» գործադիր տնօրենը:

Նա ցանկալի է համարում, որ օրենքում արվող լրացումները ենթադրեն ճկունություն, և սոզիալական գովազդները տեղադրվեն ազատ բլոկներում:

Նախագիծը հանրային քննարկման փուլն անցել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին։ Այն տեղադրված է եղել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում։ Կայքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։ Ըստ ամենայնի, օրենքի նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի առաջիկա նիստերին։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *