2019.02.01,

Տեսակետ

«Բանալին լրագրողի ձեռքում է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մեդիայի կողմից արագորեն արժանացավ տարբեր կարծրատիպային բնութագրումների:

Նա երիտասարդ է, շատերին անհայտ ու թվում է՝ նրան հեշտ է շփոթեցնել ու հուզել: Համենայնդեպս, համացանցում նրա անունը որոնելիս, հիմնականում հանդիպում ես հուզմունքից արտասվող մարդու կադրերին, որոնք էլ ամենահաճախն են հանդիպում լրատվականներում որպես պատգամավորին ներկայացնելու միջոց:

Իրական ու մեդիայի ուժերով հնարված կերպարների մասին Սոնան իր մեկնաբանությունն ունի՝ վստահ լինելով, որ հանրության համար անօգուտ ու անբովանդակ լուրերը միակողմանի են դարձնում մեդիա դաշտը, և լուրերը սպառողին ոչինչ չեն տալիս:

Դիմակայման ներքին ուժ ու լարում պահանջող աշխատանքը 25-ամյա պատգամավորի համար այլևս առօրյա է (ընդ որում՝ նրան թյուրիմացաբար համարում են ամենաերիտասարդ պատգամավորը, մինչդեռ դա այդպես չէ):

Լինելով «Մերժիր Սերժին» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը՝ Սոնա Ղազարյանը գիտի, որ դիմադրության մկանի կոփումը ոչ պակաս կարևոր է, քան գիտելիքներն ու ամբողջական տեղեկության տիրապետումը:

Թերևս այդ պատճառով էլ այս ժամանակահատվածում նա շատ է կարևորում լրագրողի դերը, որը կամուրջներ կառուցող է ու թեմաների օրակարգ ստեղծող:

Հիմա նոր իշխանությունները խոշորացույցի տակ են, նրանց քայլերը, խոսելաոճը, մտքերը քննարկում են բոլորը: Եվ կա տագնապ (անգամ վախ), որ հանրային կարևորության նոր դեմքերը մեդիայի ուշադրությանը պատասխանում են ոչ համարժեք: Որ կարող են  ինքնապաշտպանվելիս՝ երբեմն մեծ դժգոհություն առաջացնել:

Բնական է, որ իշխանության մեջ հայտնված նոր մարդիկ հասարակությանը լավ ծանոթ չեն:

Ձեր կողմից նշված վախը գալիս է, քանի որ շատերին չեն ճանաչում: Այսինքն, կարող ենք և՛ ծայրահեղ լավը թվալ, և՛ ծայրահեղ վատը: Բայց եթե ուզում ենք լինել, այլ ոչ թե թվալ, և հասնել արդյունքի, մեր և հասարակության միջև պիտի կառուցենք ավելի ամուր վստահության կամուրջ:

Որքանո՞վ է «Իմ քայլի» թիմն ուշադրություն դարձնում մեդիայում ներկայանալուն: Կա՞ ներքին քաղաքականություն, թե ինչպես շփվել լրագրողների կամ օգտատերերի հետ:

Մեդիայի հետ աշխատելու հատուկ քաղաքականություն չենք մշակել՝ որոշելով, թե ով և ինչպես կարող է դա ավելի լավ անել: Իհարկե, պարբերաբար քննարկում ենք ու միմյանց տեղյակ ենք պահում, թե այս կամ այն հարցի շուրջ ինչպիսի հանրային դիսկուրս կա:

Ինձ թվում է, որ թիմային աշխատանքի ամենալավ ապացույցն այն է, որ պարտականությունն իր վրա է վերցնում յուրաքանչյուրը: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ եթե մեզնից որևէ մեկը լավ է խոսում, դա օգուտ է ողջ թիմին, իսկ եթե վատ է ներկայանում, նույնչափ վնաս է պատճառում:

Իրականում, շատ ազատ ենք ասելու այն, ինչ ուզում ենք: Իսկ թիմի մնացած անդամները ազատ են չհամաձայնել մյուսների հետ:

Կարծում եմ՝ կարևոր է, որ հենց մեդիան է բացում թեմաների օրակարգը:

Պարգևավճարների թեման շատ լավ օրինակ էր, թե ինչպես է աշխատում մեդիա-իշխանություն կապը, և ինչպես է մեդիան ակտիվացնում եղած խնդիրների քննարկումները: Ի վերջո, չորրորդ իշխանությունը շատ լուրջ զսպող և վերահսկող մեխանիզմ է: Այդպես եղել է և այդպես պիտի լինի:

Լրագրողները հաճախ կատարում են երկրորդական դեր, քանի որ լրատվականի օրակարգը ձևավորվում է՝ ելնելով սեփականատերերի շահերից (նաև քաղաքական): Համարու՞մ եք արդիական մեդիայի իրական ֆինանսավորողների բացահայտումը:

Թեև այդ մասին շատ ենք խոսում, կարծում եմ, որ այս հարցը կարող է լուծվել միայն համագործակցությամբ ու հանրային քննարկումների արդյունքում, որպեսզի այն չդիտվի որպես խոսքի ազատության ճնշման փորձ:

Փաստ է, որ մեր հանրապետությունը ստանձնել է մի շարք միջազգային պարատավորություններ ու հենց այդ համատեքստում պարտադիր պայման է ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը:

Երբ մի քանի տարի առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամներով լրատվամիջոցների մոնիթորինգ էինք անում, կարևորում էինք ոչ միայն քանակական չափանիշները, այլև երանգավորումը: Առանց ֆինանսավորման աղբյուրն իմանալու, միայն երանգավորմամբ կարելի էր ասել, թե որ հեռուստաալիքը ում է պատկանում և ինչ նպատակներ է հետապնդում:

Հիմա մենք անգամ չենք հասցնում հետևել, թե ինչպես են նոր լրատվականներ ձևավորվում կամ փոխում իրենց սեփականատերերին թե՛ եթերում, թե՛ օնլայնում:

Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ ոք իրավունք չունի ազդելու և ճնշում գործադրելու մամուլի բովանդակության վրա: Դա անընդունելի է:

Դա երևի ոչ թե բովանդակության, այլ պատասխանատվության հարց է: Նույն բովանդակությունը կարելի է երկու հակադիր կառուցվածքներով ներկայացնել ու լսարանին մանիպուլացնել:

Լրատվականները գրում են այն, ինչ ուզում են, բայց պետք է ընդունենք, որ կա ընկալում՝ լուրերի օրակարգը ձևավորվում է ինչ-որ պայմանական ուժի ազդեցության տակ, երբեմն նաև՝ միջնորդավորված:

Եթե լինի օրենսդրական փոփոխությունների հանրային պահանջ, այն անպայման պետք է ուղղորդվի հանրային քննարկումներով՝ գլխավոր խմբագիրների, մեդիա սեփականատերերի, հանրային գործիչների մասնակցությամբ:

Արձագանքելու ենք նման պահանջին միայն բաց և թափանցիկ քննարկումների միջոցով, և որևէ օրենսդրական փոփոխություն չի կարող սահմանափակել խոսքի ազատությունը: Եվ սա սկզբունքային մոտեցում է:

Ամեն դեպքում, հիմա ունենք մի ԱԺ, որը շատ նախաձեռնող է: Այսինքն, օրենքների նախագծերը միակողմանի կերպով չեն գալիս կառավարությունից, այլ լուրջ քննարկման փուլ են անցնում:

Լսարանը հաճախ տեսնում է, որ նոր պաշտոնյաները լավ չեն բացատրում, լավ չեն խոսում, երբեմն նաև չեն տիրապետում թեմային: Իսկ վստահության նվազումը ճակատագրական կլինի բոլորիս համար:

Իհարկե, կա այդ մտավախությունը: Նաև, այո, ոմանք անփորձ են հարցազրույց տալու հարցում և տեսախցիկների դիմաց հաճախ ազատ չենք խոսում: Բայց դա կանխելու միակ ճանապարհը աշխատելն է: Այսինքն, քիչ խոսելն ու շատ աշխատելը:

Կարծում եմ, հիմա պրոակտիվ լինելու ժամանակն է. ամեն քայլ պետք է ներկայացվի արագ ու հստակ: Եվ շատ ուրախ եմ, որ սոցցանցերում փորձում ենք մեր քայլերը վերծանել ու դարձնել ավելի հանրամատչելի՝ բացատրելով, թե ինչ խնդիր ունենք, ինչ ենք անում ու ինչ ենք դրանով լուծելու:

Բայց թեև սոցցանցերը լավ հարթակ են տարբեր օրինագծերի վերաբերյալ առնվազն լսարանի մի հատվածի արձագանքը իմանալու համար, դա բավարար չէ:

Լայվերն ու ստատուսները սովորաբար հարցի պատասխանի տեսք են ունենում, բայց ոչ միշտ են բացահայտում քաղաքական գործչին և կարող են լինել միակողմանի, քանի չի ստացվում բնական, կենդանի շփման էֆեկտ:

Հաղորդակցության պակասը  թույլ չի տալիս հայտնել նաև այն լավ նախաձեռնությունների մասին, որոնք անում ենք: Եվ պետք չի, որ լավ բաների մասին մարդիկ իմանան միայն մեղադրանքին պատասխանի ձևով:

Իսկ ինչու՞ չի արվում:

Դա ավելի շուտ աշխատաոճի խնդիր է, որը պետք է շտկվի: Ինձ թվում է դա նաև նախորդ իշխանությունների մոտ էր նկատվում, երբ խնդրի մասին չէր խոսվում, մեկ էլ հանկարծ ընդունվում էր օրենք, որը ծագել էր հենց այդ խնդրից: Այդպես էր, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որն իրականում պատասխան էր ոլորտում եղած խնդիրներին:

Իհարկե, լրագրողի դերը բոլոր իրավիճակներում էլ նույնն է, բայց հիմա կարծես ավելացել է մեկ այլ հավելյալ գործառույթ՝ ծանոթացնել հանրությանը անհայտ ու նոր քաղաքական գործիչներին:

Պարզ է, որ լրագրողի ձեռքում ստեղնաշարը դառնում է նաև խոշորացույց, որով նա որոշում է, թե որքան խորը և որ անկյունից բացահայտի քաղաքական գործչին:

Բոլորս էլ ուզում ենք մեր կապը պահպանել հասարակության հետ, և դա անելու միակ իրական հնարավորությունը լրագրողների հարցադրումներն են:

Մենք եկել ենք իշխանության, որովհետև կտրված չենք իրականությունից: Եթե կտրվենք, մեզ սպասում է այն, ինչ տեղի ունեցավ հանրապետականների հետ:

Եկեք անկեղծ լինենք, հասարակության ու քաղաքական գործիչների հաղորդակցությունը վարում է մեդիան: Նրա ձեռքում է բանալին: Համենայնդեպս, ես այդպես եմ տեսնում: Լրագրողն է մոտենում ու հարց տալիս, նա է թեմաների շրջանակ գծում:

Նկատի ունե՞ք խորհրդարանի միջանցքներում, արագ ու հպանցիկ հարց տալու ու սկանդալային պատասխան ստանալու փորձը:

Ինձ թվում է, որ անգամ, երբ հանրապետությունում իրողություն է փոխվել, լրագրողների հարցադրումներում կարծես ոչինչ չի փոխվել:

Շատ կուզեի, որ մեդիա դաշտն ինքը թելադրի թեմաների օրակարգն ու ինքը փոխի որակը: Ի վերջո, հարցադրումներից է կախված այդ օրվա հոդվածի որակը:

Երբ, օրինակ, լրագրողը հարցնում է, թե արդյոք պատգամավոր եմ դարձել, որովհետև արտասվել եմ, նա պիտի սպասի, որ այդ պարզունակ հարցը ստանալու է նույնքան պարզունակ պատասխան:

Նման ուշադրությանը թերևս պետք է պատրաստ լինել ու չզարմանալ:

Հասկանալի է, որ կարող ենք արժանանալ քննադատության, բայց դա պետք է լինի իրական մարդու, այլ ոչ թե հորինված ու շինծու կերպարի քննադատություն:

Հաճախ եմ տեսնում, որ լրագրողը հորինում է մի թեզ, զարգացնում է այն ու մոտենում է քաղաքական գործչին՝ ցանկանալով, որ նա պատասխանի հարցերին, հակադրվելով լրագրողի ստեղծած կերպարին:

Բայց դա չի կարող համարվել իրական ծանոթություն: Օրինակ, գրվեց որ ես գնել եմ իմ դիպլոմը: Ես չարձագանքեցի այդ անհեթեթությանը, քանի որ կարծում եմ, որ եթե բացասական հոսանքը մնա միակողմանի, այն ինչ-որ պահի ինքն իրեն կսպառի:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *