2018.11.06,

Քննադատ

Անվանական վայրէջք «Զվարթնոց» օդանավակայանում

author_posts/karen-avetisyan
Կարեն Ավետիսյան

Lրագրող, կինոքննադատ

Թերևս ամենաթարմ անեկդոտում նապաստակը անտառով քայլելով մի պահ հայացքը վեր է բարձրացնում ու տեսնում է արծվին, որը թռչում է մեջքի վրա:

Նապաստակն ասում է.

– Արծիվ, այ արծիվ, ո՞նց ես կարողանում էդպես թարս թռչել:

Արծիվը հպարտությամբ ու քմծիծաղով պատասխանում է.

– Իրավիճակ է փոխվել:

Նապաստակը ոգևորվում է ու մտածում, որ եթե էդպես է, ինքն էլ հետ-հետ կքայլի: Էդպես հետ-հետ քայլելով գալիս հասնում է գայլի երախին ու հուսահատված բղավում.

– Բայց ախր չէ՞ որ իրավիճակ ա փոխվել:

Գայլն էլ ուտելուց առաջ ասում է.

– Էդ վերևում է իրավիճակ փոխվել, էստեղ ներքևում ամեն ինչ նույնն է:

Ու որքան էլ հակահակահեղափոխական լինենք, միևնույն է հասկանում ենք, որ այս անեկդոտի վրա ծիծաղում կամ մտորում են ոչ միայն հակահեղափոխականները, քանի որ հստակ է որ «նոր իրավիճակի» խոցելի կողմը հենց մակերեսայնությունն է և ամեն անկյունից չարչրկվող, բայց դրանից արդիականությւոնը չկորցնող պոպուլիստական, ասել է թե՝ կոսմետիկ կողմը:

Ու քանի որ պոպուլիստական դիսկուրսը փոխադարձ ձեռնտու է, «ժողովուրդը» այդ հարցում բնավ հետ չի մնում իշխանություններից:

Իշխանությունները կարող են սոցիալական մեդիա նետել մի թեմա, որը ակտիվ ու հուզականորեն կքննարկվի ու կստեղծվի այնպիսի իրավիճակ (ոչ նոր), երբ հուզականությունը կփոխարինի իմաստը:

Ամենաթարմ օրինակը սոցիալական մեդիայում պարբերաբար շրջանառվող «Զվարթնոց» օդանավակայանի անվանափոխման հորդորն է:

Վերջին օրերին բոլորը սոցցանցերում խոսեցին ու քննարկեցին օդանավակայանի անունը: Սա այն եզակի դեպքերից էր, որ իրոք բոլորը:

Ու չնայած ՀՀ մշակույթի նախարարությունը, ի ուրախություն շատերիս՝ տվել է բացասական կարծիք, միևնույն է հանրային քննարկումները շարունակվում են ու հավանաբար գնդակը ուշ թե շուտ նորից կհայտնվի կառավարական դաշտում:

Եվ ի՞նչ որոշում կկայացնեն իշխանությունները, եթե հանրության գերակշիռ մասը երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած շարունակ ցանկանա, որ ինքնաթիռները վայրէջք կատարեն ոչ թե «Զվարթնոց», այլ «Շառլ Ազնավուր» օդանավակայանում: Եվ դա Ֆեյսբուքում հիմնավորի Ազնավուրի վաստակով, իսկ նախարարությունը դա ընդունի որպես հանրության գերակշիռ կարծիք:

Ինչպես և տրանսպորտի գնի սուբսիդավորման տնտեսագիտական գործընթացում, այնպես էլ մշակութաբանական ոլորտում ժողովուրդը չի կարող լինել կոմպետենտ ու ինչպես մնացած ճշգրիտ ոլորտներում, մշակութային քաղաքականության մեջ նույնպես ժողովրդի կարծիքը կարող է լինել քմահաճ, բայց ոչ փորձագիտականորեն հիմնավորված:

Որքան էլ սրտառուչ ու հարգապատիվ լինի Շառլի անունով նման մեծ ու կարևոր օբյեկտ կոչելու միտումը, միևնույն է այն, ցավոք, տեղավորվում է նույն կոսմետիկ ու մակերեսային տրամաբանության մեջ:

Հայտնի է, որ անվանումն իր մեջ սպունգի պես ներքաշում է հստակ ակումուլյատիվ էներգետիկ ու զգայական ունիկալ հոսք, որը կորչում է թեկուզև բարեհունչ անվանափոխությունից:

Այդպիսի օրինակները բազմաթիվ են ու մեկը մյուսից ակնառու:

Բարի նկատառումներով Վռամշապուհ արքայի անունը ստացած փողոցը չնայած արքայի ազգանվեր կերպարին՝ շարունակեց վերոնշված էներգետիկայից կախված մնալ, այսինքն գոյություն ունենալ որպես Բաքվի կոմիսար Արսեն Ամիրյանի անվան փողոց:

«Այրարատ» կինոթատրոնը անտեսեց հայաֆիկացման նկատառմանը և մնաց «Ռոսիա»:

Ինչպես և կենցաղային մտածողության մեջ բարեհունչ ու հայեցի «զրուցարանը» երբեք չի ստանձնի «բեսեդկայի» դերը, այնպես էլ անգամ մեծն Շառլը ի զորու չէ վերափոխել ո՛չ «Կինոմոսկվան» ո՛չ էլ «Զվարթնոցը»:

Իհարկե, կարելի է շատ երկար ու խտաբառ կերպով խոսել թե՛ «Զվարթնոց» ֆենոմենի պատմամշակութային արժանիքների և իր բրենդավորման բարելավման անհրաժեշտության մասին ու նաև կարելի է խոսել խնդրի մասին սեմիոտիկ ու սեմանտիկ լեզվաբանական համատքեստում, բայց խնդիրը շատ ավելի հողեղեն է, պարզունակ, ասել է թե՝ խոսքը հավաքական ծուլության մասին է, որը և բերում է նման կոմպրոմիսային առաջարկների:

Մենք նախընտրում ենք արդեն պատրաստի հրաշալի մի բանը իսկույն անվանափոխել Շառլի անունով ու ոտքը ոտքին գցած սրճարանում մեզանից գոհ վայելել Լա Բոհեմը կամ սոցցանցերում Շառլի հանդեպ սեր խոստավանել, այդպես էլ չգիտակցելով, որ Շառլի հանդեպ մեր իսկական հարգանքի տուրքը կլինի մի նոր բան նախաձեռնելը, նոր բան ստեղծելը, իսկ հինը՝ վերաիմաստավորելը, բայց երբեք ոչ արհեստական անվանափոխության էժանագին քծնանքին դիմելը:

Անվանափոխության դեպքում նոր անվանում ստացած կրիչը ստիպված կլինի զրոյից լիցքավորվել էներգիայով և ինֆորմացիայով ու շատ երկար ժամանակ ու «իրավիճակների փոփոխություն» կպահանջվի, որպեսզի այն դառնա ինքնության իմաստաբանական միավոր: Կարճ հեռանկարում դա գրեթե անհնար է:

Պայմանականորեն ասած՝ Էրեբունին կարող է մի օր իմաստավորված դառնալ Երևան, բայց, ասենք, «Էրեբունի» օդանավակայանը՝ ոչ:

Այսպես էլ հիմա՝ անկախ արդիականության կամ պահի թելադրանքից Զվարթնոց օդանավակայանը չի կարող դառնալ «Շառլ Ազնավուր», ինչպես և ինքը Ազնավուրը անգամ ամենամեծ ցանկության դեպքում իր երկար տարիների էներգետիկ արժեքը ստանալուց հետո էլ չէր կարող դառնալ Ազնավուրյան:

 

Կարեն Ավետիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *