2018.07.14,

Քննադատ

«Այլադավան» պաշտոնյան՝ ֆեյսբուքահայության խոշորացույցի տակ

author_posts/hakob-karapetyan
Հակոբ Կարապետյան
twiterfacebook

Լրագրող

Հայաստանյան ֆեյսբուքը մարդկանց կայծակնային արագությամբ քննարկման կիզակետ բերելու և նույն արագությամբ մոռացության գիրկը նետելու հրաշալի հատկություն ունի: Կարող է, ասենք, ցանցում հայտնված ժամկետանց տեսանյութը նորովի բացել բազմիցս ծեծված թեման, կարող է, հակառակը, երկու օր առաջ ամենաքննարկվող  ու դեռևս լուծում չստացած հարցը միանգամից մոռացվել՝ նոր թեմայի ի հայտ գալու բերումով:

Այս առանձնահատկությունը վտանգավոր ծուղակ է անփորձ հանրային դեմքերի, և միևնույն ժամանակ՝ իսկական նվեր այն մարդկանց համար, որոնք տեղեկատվական հոսքերի կառավարմամբ զբաղվում են պրոֆեսիոնալ մակարդակում:

Օրերս ակամա ֆեյսբուքյան «աստղ» դարձավ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք չգիտեին անգամ,  որ կառավարությունում գործերի կառավարչի հաստիք կա, այժմ գիտեն ոչ միայն այն զբաղեցնող երիտասարդի անունը, այլև տեղեկացված են նրա կյանքի որոշ մանրամասների մասին:

Առիթը BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանի պատրաստած մի տեսանյութն էր: Այստեղ Տեր-Նակալյանն ասում է, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը (բնագրում՝ աղանդը) ամենագործուն աջակցությունն է ցուցաբերել Թավշյա հեղափոխությանը: Եվ, ըստ Տեր-Նակալյանի, պատահական չէ, որ կառավարությունում տեղ են գտել այդ կազմակերպության ներկայացուցիչները և որպես օրինակ, նշում է Գևորգ Աճեմյանի անունը: Այս հայտարարությունը, «168 ժամ»-ի ֆեյսբուքյան էջում վերարտադրվելու միջոցով բավական լայն տարածում ստացավ, դիտումները թերևս ավելի շատ էին, քան «Բլոգնյուզի» խմբագրի յություբյան էջում:

Նախ, պետք է նշել, որ Կառավարության անդամներ են համարվում փոխվարչապետերը, նախարարները, երբեմն՝ նրանց տեղակալները, որոշ կառավարական գերատեսչությունների ղեկավարներ, բայց ոչ երբեք աշխատակազմի պաշտոնյաները: Այսպիսով, որքան էլ Բլոգնյուզի հարգարժան խմբագիրը փորձի իր խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար բարձրացնել «թիրախի» կարգավիճակը, այնուամենայնիվ, կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչը ամենևին կառավարության անդամ չէ:

Այնուհանդերձ, «բացահայտումը», որ կառավարությունում «այլադավան» մարդ կա, ֆեյսբուքում բուռն արձագանք առաջացրեց, հասկանալիորեն՝ մեծամասամբ բացասական:

Մեկնաբանողների ավելի փոքր զանգվածը փորձում էր պաշտպանել պետական պաշտոնյայի խղճի ազատության իրավունքը: Ընդ որում, շատերը հիշեցնում էին «նախկինների» կրոնական նախասիրությունները:

Ավելի հայտնի մի քանի օգտատերեր, ինչպես, օրինակ, Տիգրան Քոչարյանը (հայտնի է որպես «Փիղ») հաջողացրին կառավարության կառավարչի կրոնական համոզմունքները կապել այս օրերին ընթացող՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի հետ՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ կազմակերպված դավադրություն տեսնելով: Իսկ ոմանք նույնիսկ հետևություն արեցին, որ «աղանդավոր» պաշտոնյաները ճանապարհ են հարթում կառավարությունում սեռական փոքրամասնությունների համար:

Ուշագրավ է, որ նույն Գևորգ Աճեմյանը, դատելով իր էջում արած մի քանի գրառումներից, այնքան էլ, մեղմ ասած, կողմնակից չէ գենդերային հավասարության գաղափարին, հակառակը՝ ժամանակ առ ժամանակ ընդգծված հոմոֆոբիկ գրառումներ է անում:  

Պաշտոնյայի անձի շուրջ առաջացած հետաքրքրությունը շուտով նաև նոր փաստեր ի հայտ բերեց նրա մասին: Հետաքրքրասերները պարզեցին, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Աճեմյանը, ֆեյսբուքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին վիրավորական արտահայտություն է թույլ տվել՝ ծաղրելով նրա ֆիզիկական արատը: «Այս մարդը ոչ միայն ֆիզիկապես է «քոռ», այլ նաև քաղաքական հեռատեսությամբ», – մայիսի 10-ին գրել է նա՝ կիսվելով առաջին նախագահի հոդվածներից մեկով: Ընդ որում, հետաքրքիր է, որ այդ հոդվածով Տեր-Պետրոսյանը փաստացի աջակցություն էր հայտնել նոր կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Այս փաստը նոր ալիք հաղորդեց Կառավարության գործերի կառավարչի անձի շուրջ քննարկմանը, թեև վիրավորական գրառումը նա արել էր մինչև պաշտոնին նշանակվելը: Քննադատները պնդում էին, որ ֆիզիկական արատը հիշեցնելը անթույլատրելի է ցանկացած պարագայում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ Աճեմյանի կուսակից ու հավատակից ընկերները սկսեցին դավադրություն փնտրել «նրա դեմ սկսած արշավի» մեջ, և այս նոր քննարկումը կապեցին նախորդ՝ կրոնական պատկանելության մասին թեմայի հետ: Հատկապես, որ կայքերից մեկը  թեմային վերաբերող լուրի վերնագրում շեշտել էր «Կյանքի խոսք»-ին Աճեմյանի պատկանելությունը:

Ի պատիվ իրեն, Գևորգ Աճեմյանը շատ շուտով ներողամտություն հայցեց Տեր-Պետրոսյանի մասին իր գրառման համար՝ ափսոսալով, որ «չի կարողացել զսպել էմոցիաները», բայց ավելի ուշ ավելացրած հետգրությամբ շեշտելով, որ գրառումն անելու պահին պաշտոն չի զբաղեցրել: 

Բառացիորեն նույն օրը կայքերից մեկը Աճեմյանին վերաբերող ևս մեկ չճշտված տեղեկություն հաղորդեց, այս անգամ ևս չգիտես ինչու շեշտը դնելով «Կյանքի խոսք» կազմակերպության հետ նրա կապի վրա, թեև բուն նյութի հետ կրոնական պատկանելությունը ոչ մի առնչություն չուներ:

***

Որքան էլ որ այս երեք թեմաները անկարևոր թվան, դրանք օգնեցին հերթական անգամ բացահայտել մեր հասարակության խոցելիությունը տարատեսակ մանիպուլյացիաների հանդեպ և կրկին վեր հանեցին անհանդուրժողականության հսկայական ծավալը: Ի վերջո, թեև, ըստ տարբեր տվյալների, Հայաստանի բնակչության ավելի քան 90 տոկոսը քրիստոնյա հավատացյալներ են, իսկ նրանց մեծ մասը՝ Առաքելական եկեղեցու հետևորդներ, բայց (որքան էլ որ պարզունակ ճշմարտություն է) պետք չէ մոռանալ, որ Հայաստանը աշխարհիկ, ժողովրդավարական պետություն է, որտեղ, ըստ Սահմանադրության 41 հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք, և Հանրապետությունում գրանցված բոլոր կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ:  Սա նշանակում է, որ ցանկացած ոք, անկախ նրանից, թե որ կրոնական ուղղության հետևորդ է, քրիստոնյա է, այլադավան, թե աթեիստ, իրավունք ունի զբաղեցնել օրենքով իրեն թույլատրված ցանկացած պաշտոն:

Մյուս կողմից, սա հերթական անգամ հնարավորություն տվեց քննել մեր պաշտոնյաների (այս անգամ՝ նորանշանակ) հանրության հետ շփվելու կարողություններն ու մեդիագրագիտության մակարդակը:

Այս առումով, երիտասարդ (27-ամյա) պաշտոնյայի էջի զննությունը, ի շարս այլոց բացահայտեց նաև, որ նա երբեմն ոչ այնքան վստահելի աղբյուրների վրա հիմնված դատողություններ է անում, կամ շփոթում է առերևույթ իրար նման անվանումներով մի լրատվամիջոցը մեկ ուրիշի հետ:

Օրինակ, կիսվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ամերիկյան Time ամսագրի նյութով, Աճեմյանը թյուրիմացաբար նշել է, որ հոդվածը լույս է տեսել Times –ում:

Սա գուցե աննշան վրիպում լիներ «շարքային» քաղաքացու համար, բայց ցանկալի կլիներ, որ պետական պաշտոնյան, թեկուզ՝ ոչ ամենաբարձրաստիճան, կարողանար ընկալել այս նրբությունը: Որովհետև «Թայմ»-ը «Թայմս»-ից տարբերվում է գրեթե այնքան, որքան «բանան»-ը «Բանանց»-ից, «թուր»-ը՝ «թուրք»-ից, և վերջապես «թութ»-ը՝ «թութք»-ից:

Հակոբ Կարապետյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *