2011.10.31,

Քննադատ

Ֆեյսբուքյան գրառումներն ու հեղինակային իրավունքը

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան

Կոչումով` արձակագիր

Մի քանի օր առաջ ուսանողուհիներիցս մեկը հարցրեց, թե էթիկական կամ օրենսդրական խնդիր չե՞մ տեսնում այն բանում, որ Ֆեյսբուքի ստատուսներն ինչ-որ մարդիկ կամ կայքեր վերցնում են եւ հրապարակում:

Դրանից մեկ, թե երկու օր առաջ էլ կայքերից մեկի աշխատակիցը նույն Ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել, թե ցանկանում են հետաքրքիր ստաստուսների օրական ծաղկաքաղ անել եւ դնել իրենց մոտ, ով չի ցանկանում, որ իր ստաստուսներն օգտագործվեն, թող նախապես ասի:

Չգիտեմ՝ պատահական զուգադիպությո՞ւն էր կայքի այդ հայտարարությունն ու ուսանողուհուս հարցը, այսուհանդերձ, իսկապես մտածելու եւ քննարկելու առիթ կա:

Ի՞նչ են Ֆեյսբուքի եւ այլ սոցիալական ցանցերի գրառումներն ընդհանրապես, արդյո՞ք դրանցում եղած հրապարակումները հեղինակային իրավունքի օբյեկտ են եւ պաշտպանված համապատասխան օրենսդրությամբ: Եթե այո, ապա ո՞ր երկրի օրենսդրությամբ՝ որում ստեղծվում է տվյալ բովանդակությո՞ւնը, թե՞ որտեղ գտնվում է Ցուկերբերգի գրասենյակը…  

2006 թվականին ընդունված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում ես չգտա իմ հարցի պատասխանը: Ըստ այդ օրենքի 1-ին հոդվածի՝ «Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ  արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձեւով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից»:

Անկեղծ ասած չգիտեմ, թե «ես հեռանում եմ քեզանից», «կյանքը տխուր, է, ախ, տխուր», «էսօր շունս դառավ երեք տարեկան», «վաաաաաաաաաայյյյյյյյյյյյ, շնորհավոր մեր պուպուշիկի առաջին ատամը»,  «բարի գիշեր, ֆեյսբուքահայեր» եւ նման տիպի ստատուս-գրառումները որքանով են գրական ստեղծագործություն եւ ընդհանրապես ստեղծագործություն, որպեսզի պաշտպանված լինեն հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ: Կարծում եմ այս հարցը պարզաբանման կարիք ունի, եւ իրավաբանները պիտի որ մեկնաբանեն այն:

Նույն կայքերում, ինչպես նաեւ բլոգներում գրառված նոթերը, հոդվածները, կարծում եմ, ամեն դեպքում հեղինակային իրավունքի օբյեկտ են, որովհետեւ դրանք ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք են:

Սակայն նորից դառնամ հենց ստատուսները օգտագործելու խնդրին, բայց միայն էթիկական տեսակետից: Էթիկայի տեսանկյունից ընդունելի՞ է, արդյոք, դրանց տարածումը այլոց կողմից:

Ասեմ հետեւյալ կերպ. եթե հղում է կատարվում հեղինակին, ապա այստեղ կարծես թե էթիկական խնդիրներ չեն առաջանում: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ գրառումները բաց են եւ հրապարակային: Դա նույնն է, որ դու հազարավոր մարդկանց առջեւ ելույթ ունենաս, բայց արգելես, որ որեւէ մեկը մեջբերումներ անի այդ ելույթից կամ հիշատակի այն:

Չէ՞ որ այն, ինչ գրել ես, հասանելի է անսահմանափակ թվով մարդկանց համար, եթե իհարկե, չես օգտվել Ֆեյսբուքի ընձեռած հնարավորությունից եւ քո գրառումների մատչելիությունը չես սահմանափակել: Ընդսմին, նույնիսկ այս դեպքում ապահովագրված չես նրանից, որ դրանց հասու ընկերներիցդ մեկը չի օգտագործի ու տարածի այն:

Այս առումով է, որ ես էթիկական խնդիր չեմ տեսնում, կրկնեմ՝ պայմանով, եթե գրառումդ օգտագործելով հիշատակել են հեղինակին եւ (կամ) հղում են կատարել համապատասխան ռեսուրսին, որտեղ տեղադրված է այդ գրառումը: Ու, ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր, որ երբ իմ ասած կայքի ներկայացուցիչը հայտարարեց, թե ցանկանում են ֆեյսբուքյան հետաքրքիր ստատուսների ծաղկաքաղ անել, եղան ֆեյսբուքահայեր, որոնք հայտարարեցին, թե առանց իրենց համաձայնության արգելում են օգտագործել:

Ես դեռ չեմ քննարկում այն դեպքը, երբ մարդկանց դուր է գալիս որեւէ մեկի ստատուսը եւ այն տարածում են (share) հենց նույն Ֆեյսբուքում: Այս դեպքում եւ՛ հեղինակն է երեւում, եւ՛ տարածողը, ու կարծես ոչ մեկը չի դժգոհում: Արդ, ինչո՞ւ են ոմանք դժգոհում, եթե նույնը տարածվում է այլ կայքերում եւ այլ լրատվամիջոցներում. Հայաստանում արդեն կան թերթեր ու հեռուստաընկերություններ, որոնք անդրադառնում են հետաքրքիր ստատուսներին:

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս տարածելու հասարակական անհրաժեշտության կամ պահանջարկի խնդիրը: Չեմ կարծում, թե որեւէ մեկին հետաքրքիր է (եւ, ըստ այդմ էլ, որեւէ մեկը իր լրատվամիջոցում երբեւէ կտարածի) այն ստատուսը, որը պատմում է, թե շնիկը զբոսանքի ժամանակ ինչպես էր ցատկոտում, կամ թե որ ծառի տակ միզեց, կամ՝ առավոտյան լվացքը փռելիս ով ինչ տեսավ, կամ ինչ տրամադրությամբ է արթնացել երեկվա հարսանիքից հետո…. Սրանք հետաքրքրում են այդ օգտատիրոջ նեղ շրջանակի ընկերներին:

Սակայն եթե ստաստուսներն ինչ-որ հասարակական խնդիր են բարձրացնում, գուցե արժե՞, որ այլ կայքերում եւս կարդան, չէ՞ որ դա լրացուցիչ խթան է հենց այդ օգտատիրոջ այլ գրառումներին եւս ծանոթանալու:

Ինչպես տեսաք, ես բոլոր հարցերի պատասխանները չտվեցի եւ ինքս էլ կասկածներ ունեմ, ուստի ինձ համար էլ շատ հետաքրքիր կլինի իմանալ այլոց եւ մանավանդ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կարծիքը:

 Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *