2012.03.27,

Նյուսրում

Օմբուդսմենը քննադատում է ՀՌԱՀ-ի աշխատանքը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում նկատված թերություններին եւ հանդես եկել առաջարկություններով:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ստորագրած առաջին զեկույց-հաշվետվությունը (հեռուստատեսային անդրադարձը) աչքի է ընկում բավականին խիստ ու ըստ մասնագետների՝ հակասական ձեւակերպումներով: Օմբուդսմենը վերլուծել է Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) աշխատանքը, այն գնահատելով որպես «անարդյունավետ» եւ «անբավարար»: Շեշտվում է, որ ՀՌԱՀ-ը որոշ դեպքերում «անգործություն է ցուցաբերել» եւ «նույնիսկ չի տիրապետել չափազանց կարեւոր տեղեկատվությանը»:

ՄԻՊ զեկույցը մի փաստաթուղթ է, որը նորմատիվ, իրավական ակտի կարգավիճակ չունի եւ այդ պատճառով էլ փաստաթղթի հետագա կիրառման մեխանիզմները բացակայում են: Այն ընդամենը ընդունվում է ի գիտություն, չի կաշկանդում ու չի պարտավորեցնում պետական ու հանրային այն կառույցներին, որոնց գործունեությունը դիտարկվում է հանրային շահի տեսակետից: Սակայն այդ զեկույցում բարձրաձայնած խնդիրներին արձագանքելը պետական մարմինների ու կառույցների հեղինակության հարց է: Եվ պետք է սպասել, որ մոտ ժամանակներս ՀՌԱՀ-ը (Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ) կմեկնաբանի այն:

ՄԻՊ զեկույցում որպես թերացումներ նշվում են գովազդի, լեզվի մասին օրենքների խախտումները, էթիկայի նորմերն ու հեռարձակվող շուկայի մենաշնորհացումը չվերահսկելը, թվայնացման գործընթացի ապահովվամ «ոչ բավարար ու պատշաճ կատարումը», մշտադիտարկումների անբավարար արդյունքներն ու բազմակարծության պակասը:

Դրական արձանագրություններից են գովազդի ծավալի սահմանափակումները, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Գովազդի մասին» օրենքներում արված լրացումները, օրենքի խախտման երկու դեպքերին արձագանքնելը:

Կարելի է իհարկե հարցնել. արդյո՞ք զեկույցում մատնանշվել են այն  առաջնային խնդիրները, որոնք մտահոգում են հայաստանցիներին: Եվ եթե կան խնդիրներ, ապա արդյոք ՄԻՊ-ի նշած առաջարկությունները դրանք հարթելո՞ւ են:

Մեդիա ոլորտի խնդիրներով զբաղվող իրավաբան Մովսես Հակոբյանը նկատում է.

«Ընդհանուր առմամբ զեկույցը ճիշտ է արտացոլում պատկերը: Մի կողմից այն մեղմ է, մյուս կողմից՝ կոպիտ: Այդ հակասությունը թերեւս զեկույցում տեղ գտած պարզաբանումների, օրինակների, նաեւ խորքային հարցադրումների պակասից է: Եթե օրինակ նշվում է, որ եթերում բազմակարծության պակաս կա, ապա հետաքրքիր է իմանալ՝ իսկ ինչո՞ւ: Չէ՞ որ դա համակարգային խնդիր է, ինչպես նաեւ մենաշնորհային քաղաքականության վերացումը»:

ՄԻՊ-ը շեշտում է, որ ՀՌԱՀ-ը պետք է բարձրացնի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման որակը եւ բարձրացնում է բազմակարծության աստիճանը: Ըստ Մովսես Հակոբյանի՝ այդ հորդորը անորոշ եւ դեկլարատաիվ բնույթ է կրում, որը կարելի է ցանկացած ԵԽ բանաձեւում հանդիպել. «Եթե խնդիր ես բարձրացնում ու առաջարկություն ես անում, ցանկալի է ներկայացնել պատճառներն ու դրանց լուծման առաջարկները՝ խուսափելով ընդհանրական ձեւակերպումներից»:

ՄԻՊ տարեկան զեկույցում  ՀՌԱՀ-ի գործուենության մեջ նկատած թերությունների եւ խնդիրների հետ ամբողջությամբ համաձայն է Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը. «Համաձայն եմ, քանի որ դա նաեւ մեր կողմից բարձրացված հարցերի էին»: Սակայն արձանագրված դրական զարգացումներ, ի տարբերություն ՄԻՊ-ի, մամուլի ակումբի նախագահը  տեսնում է միայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված լրացման եւ փոփոխության մեջ:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսպես մեկնաբանեց զեկույցը.

«Զեկույցը կարդալիս ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ ՀՌԱՀ-ը վերահսկող կառույցից վերածվել է հեռարձակման լիցենզիա տվող կամ չտվող գործիքի:  ՀՌԱՀ-ը չի կատարում իր գործառույթները, այլ ընդամենը գործիք է իշխանության ձեռքում: ԱԺ-ի լսումների ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ անիմաստ է պետական բյուջեից գումար տալ այդ կառույցին, որը գումարները փոշիացնում է: Եվ ՄԻՊ զեկույցը շատ համահունչ է իմ կարիծիքին»:

Լիլիթ Գալստայնը նշեց, որ վերջերս պաշտոնապես դիմել է ՀՌԱՀ-ին՝ հորդորելով կասեցնել «Լեզվի մասին» օրենքի ոտնահարումը ռուսալեզու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստախաղի ընթացքում, սակայն ՀՌԱՀ-ը պատասխանել է, որ այդ հաղորդումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: «Եթե վարչական պատասխանատվության նախադեպերը շատանան, մեր հեռուստաընկերությունն ավելի զգոն ու պատասխանատու կաշխատի: Մեր հեռուստաընեկերությունները, ինչպես նաեւ իր լիազորությունները չկատարող ՀՌԱՀ-ը հոգեւոր աղետի տարածողներն են»,- ասում է Լիլիթ Գալստյանը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *