2011.05.25,

Քննադատ

Ցանցային լրատվամիջոցներում սկսվել է «Գրիլի էֆեկտը»

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Խոսում էինք, թե Հայաստանում հեռուստաալիքների թիվը չափից ավելի է, քաղաքակիրթ երկրներում, սովորաբար, այդքան շատ հեռուստաալիք չի լինում: Եթերում հեռուստատեսային աիքների թիվը նվազեց: Բայց դե մեկ է` խնդիրը չլուծվեց: Ալիքների առատության մասին չէինք խոսում իրականում, այլ քանակ/որակ գործակցի, որն առանձնապես չփոխվեց:

Հիմա ավելի աղետալի փուլ ենք մտնում` ցանցում կատարվող իրադարձությունների պատճառով: Հեռուստատեսությունը մի լավ կողմ ունի` եթե հեռակառավարման վահանակը ձեռքումդ է, հեշտությամբ կարող ես ալիքը փոխել, կամ նույնիսկ անջատել հեռուստացույցը: Խոցելի վայրերը միայն սրճարաններն են, բայց այստեղ էլ ավանդույթ է` մի բան միացնում են էկրանին, ուրիշ բան` լսում: Այնպես որ, վատագույն դեպքում Fashion TV կնայեք այլանդակ ռաբիս երաժշտության տակ:

Ցանցում ամեն ինչ այդպես երփներանգ չէ: Սոցիալական ցանցերում մենք ալիքը փոխելու հնարավորություն չունենք: Հին բարի օրերին, երբ դեռ չկար Facebook-ն ու Odnoklassnik-ը, ինքներս էինք ընտրում, թե ինչ կարդալ, երբ կարդալ: Հայկական լրատվական կայքերը քիչ էին, եւ մենք անընդհատ դրանից դժգոհում էինք: Բողոքում էինք, որ մարդիկ ստիպված կարդում են ադրբեջանական օն-լայն մամուլը, քանի որ սեփականը տկար է, քիչ է, անհետաքրքիր է…

Բայց եկավ այն օրը, երբ Facebook-ը թակեց մեր դուռը: Իսկ հետո եղավ ավելի անդառնալի բան` հայերը սկսեցին օն-լայն տեղեկատվական դաշտը գրավել: Գործեց հանրահայտ «Գրիլի էֆեկտը»*. բոլորը սկսեցին բացել իրենց սեփական տեղեկատվական, արդիական, էքսկլյուզիվ, օպերատիվ պորտալները: Ըստ իմ հաշվարկների, վերջին ամիսներին շաբաթական բացվում է 2-5 լրատվական նոր կայք:

Ինչը, իրականում շատ լավ է: Ստեղծվել է մրցակցային դաշտ, ամենաարդիական տեղեկատվությունը օպերատիվ տարածվում է ցանցով: Այնպես որ, տեղեկատվական սովից չենք մեռնի, երեւի թե:

Սակայն մի քանի դժվար մարսվող հանգամանք կա այս ամենում.

1. Խելքը գլխին լրագրողների թիվը ՀՀ-ում խիստ սահմանափակ է, նրանց թվի աճի գրաֆիկը չի հասցնում օն-լայ ԶԼՄ-ների գրաֆիկի աննախադեպ եւ մրցունակ աճին:

2. Խելքը գլխին խմբագրերի շուկան է՛լ ավելի ծանր վիճակում է, եւ երբեւ է չի հասցնի այս տեմպերին:

3. Լրատվական կայքերի աճին զուգահեռ աճում է անգրագետ ցանցային սոցիալական մարքետինգը: Այս երկուսի աճման գրաֆիկները գրեթե համընկնում են եւ դրա ոչ-մաթեմատիկական հետեւանքները մենք զգում ենք մեր սեփական կաշվի վրա. օր ու գիշեր սոցիալական ցանցերում մեզ եւ մեր ուղեղները գրոհում են պահանջելով կարդալ եւ «լայքել» այս կամ այն նորաբաց լրատվական կայքը:

4. Այդ կայքերի մեծ մասը անդեմ են եւ իրարից չեն տարբերվում եւ հիշվում են
միայն Facebook-ում ինքնագովազդի ագրեսիվության չափով:

Ամենավատն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ շուտով Հայաստանում ընտրություններ են: Խաղաղ պայմաններում այս կայքերի մեծ մասը էվոլյուցիոն տրամաբանությունից ելնելով կվախճանվեին ողջամիտ ժամկետներում: Հիմա մեծ է հավանականությունը, որ դրանց մեծ մասը հովանավորներ կգտնի, իսկ մեր ուղեղների վրա ճնշումը համազգային թափ կառնի:

 


* «Գրիլի էֆեկտ»` արձանագրվել է ՀՀ-ում նորանկախ տարիներին:
Հիմնական դրսեւորումներ. հայերի մեծ զանգվածներ սկսում են զբաղվել միատեսակ բիզնեսով, եթե ինչ-որ մեկը տեսանելի հաջողակ է լինում – մի ոլորտում:
Հիմնական արձանագրված դրսեւորումներ. գրիլի ապարատներ, համբուրգերանոցներ, դախլաներ, բենզալցակայաններ, դեղատներ, օն-լայն տեղեկատվական կայքեր եւ այլն:
Հիմնական դրսեւորման տարածքը` Հայաստանի Հանրապետություն:

 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *