2015.02.06,

Քննադատ

Տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պարտադրող վճիռը՝ ՀՀ իրավական համակարգի ֆիասկո

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան

Կոչումով` արձակագիր

Հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2014 թ.-ի տարեկան զեկույցը: Այդ զեկույցից, համենայն դեպս ես, մի շատ մտահոգիչ միտում եմ արձանագրել, այն է՝ 2014-ին հետեւողականորեն փորձ է արվել «օրենսդրորեն» նեղել մի քանի լրատվամիջոցների՝ մյուսների աչքը վախեցնելու համար:

Համենայն դեպս, այդպես ու միայն այդպես կարելի է բնութագրել այն վիճակը, որ ստեղծվել է ՀՀ դատախազության «հովանավորությամբ», ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությամբ եւ երեք ատյանների դատարանների վճիռներով:

Խոսքը «Հրապարակ» թերթին եւ «Իլուր» լրատվական կայքին տեղեկատվության աղբյուրի բացահայտում պարտադրելու վճռի մասին է: Սա, իսկապես, աննախադեպ իրավիճակ է, եւ դրա նպատակը, ըստ մեդիա փորձագետների եւ լրագրողական հանրության, մեկն է՝ վախեցնել լրատվամիջոցներին, որոնք հասարակական նշանակության տեղեկություններ ստանալու համար օգտագործում են անանուն աղբյուրներ, եւ վախեցնել այդ անանուն աղբյուրներին, որ նրանք այլեւս չհամարձակվեն իրենց շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել լրատվամիջոցներին:

Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու վերջինիս եղբոր միջեւ միջադեպի առիթով սկզբում կարճված, ապա նորից հարուցված քրեական գործին:

Հատկանշական է, որ այս միջադեպի առիթով քրեական գործ հարուցվեց միայն ՀՀ դատախազության՝ մայիսի 22-ի տխրահռչակ հայտարարությունից հետո, որով դատախազությունը «հաթաթա» էր տալիս լրագրողներին, թե նախնական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների կամ ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ հրապարակումների յուրաքանչյուր դեպքում ձեռնարկվելու են օրենքով սահմանված քրեադատավարական ներգործության միջոցներ՝ ապահովելու այդ տվյալները լրատվամիջոցին հայտնի դառնալու աղբյուրի, հանգամանքների պարզումը:

Ընդ որում՝ վերոհիշյալ քրեական գործը նորից է հարուցվել, այն էլ ծանր հանցագործության հոդվածով, միայն նրա համար, որ լրատվամիջոցներին պարտադրվի բացահայտելու իրենց տեղեկատվության աղբյուրը: Այլապես ինչպես անցյալ տարվա իմ մի հրապարակման մեջ արդեն ասել եմ՝ հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճելուց հետո Վարդան Նադարյանը պարզապես կարող էր հերքում պահանջել, ծայրահեղ դեպքում կարող էր քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ զրպարտության հիմքով:

Բայց չարեց, որովհետեւ նրան ու ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին (որը մեր կարծիքով` այս ամենի «հոգեւոր հայրն» է) դա պետք չէր: Նրանց անպայման պետք է աղբյուրը, պետք է իմանան, թե էդ ո՞վ է համարձակվել իրենց՝ ամեն կերպ կոծկվող միջադեպի մասին տեղեկությունը հասցնել լրատվամիջոցներին: Բայց եթե, ենթադրաբար, Նադարյանին դա՛ կարող է հետաքրքրել միայն, ապա ՀՀ դատախազությանը եւ հատկապես նրա ղեկավար գլխավոր դատախազին, հաստատ, միայն լրատվամիջոցներին վախեցնելու նպատակն է առաջնորդում:

Իսկ ՀՀ դատարաներն էլ հանգիստ ծառայեցին այդ նպատակին: Անգամ վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց վճիռը այն դեպքում, երբ հարմար առիթ էր քննելու եւ իսկապես ժողովրդավարական երկրին հարիր նախադեպային որոշում կայացնելու: Չարեց:

Այս դատական նախադեպն է, որ մեզ մտահոգության տեղիք է տալիս: Այս նախադեպն ազատեց քննիչների եւ դատարանների ձեռքերը. սա է, որ մենք համարում են 2014-ի՝ ընդդեմ մամուլի արշավի ամենավտանգավոր միտումների մեկը:

Եվ, այսուհանդերձ, չեմ կարծում, թե «Հրապարակը» եւ «Իլուրը» կամ մյուս լրատվամիջոցներն առանձնապես վախեցան Կոստանյանական անհաջող այս տրյուկից: Ավելին՝ համոզված եմ, որ հիշյալ լրատվամիջոցները չեն բացահայտելու իրենց տեղեկատվության աղբյուրը:

Այդ դեպքում ի՞նչ են անելու դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը. ԴԱՀԿ-ի տեսուչնե՞ր են ուղարկելու: Որ ի՞նչ անեն. լրագրողների ուղեղներից շաղափեն-հանե՞ն տեղեկատվության աղբյուրը: Ո՞նց…

Ահա այստեղ է լինելու դատախազության եւ հատուկ քննչական ծառայության ֆիասկոն, ու անգամ դատարաններն էլ չեն փրկելու նրանց այդ խայտառակ պարտությունից: Ավելին՝ հենց կայացված վճիռն է մամուլի դեմ պայքարում ՀՀ իրավական համակարգի ֆիասկոն:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *