2019.02.11,

Քննադատ

Վերնագիր, որից հետո դատարկություն է

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան

Լրագրող

Լուրերի, հոդվածների վերնագրերը տարբեր ուղերձներ ունեն՝ համառոտ տեղեկացնել բովանդակության մասին, ինտրիգ ստեղծել, որպեսզի դիտումների թիվն ավելանա, հարցազրույցի ամենակարևոր միտքը դարձնել վերնագիր և այլն, և այլն:  Շատ դեպքերում հենց վերնագրից է կախված՝ հրապարակումը կընթերցվի՞, թե՞ ոչ:

Միտումը, որը նկատել եմ վերջերս (գուցե առաջ էլ կար, ուշադիր չեմ եղել)   հրապարակման ողջ ուղերձը, ասելիքը բացառապես վերնագրում ամփոփելն է:

Այսինքն՝ հրապարակման միակ խնդիրը վերնագրով ընթերցողին մանիպուլացնելն է: Այն, ինչ հաջորդում է վերնագրին, վերնագիրը օրինակացնող, բովանդակությունից զուրկ տեքստ է:

Որոշ կայքեր հրապարակումները ներկայացնում են բացառապես վերնագրերի համար: Վերնագիրն անում է իր գործը՝ անգամ եթե ընթերցողը հետաքրքրված չէ կարդալ այն, ինչ հաջորդում է վերնագրին:

Blog.168.am կայքը լուր է հրապարակել՝ «Հայկ Մարությանը մեկնել է Ամերիկա բարբիքյու գովազդում նկարահանվելու համար»:

Ընթերցողը կարդում է վերնագիրն ու անմիջապես պատկերացնում, որ քաղաքապետ Հայկ Մարությանը թողել է բանուգործն ու մեկնել ԱՄՆ՝ գովազդում նկարահանվելու:

«Սրա՞ համար էինք փողոց դուրս եկել»,- անմիջապես կարձագանքի սրտացավ ընթերցողը և կփորձի կարդալ տեքստը: Բայց վերնագրից հետո տեքստ չկա: Գովազդի տեսանյութ է՝ Հայկ Մարությանը բարբիքյու է գովազդում:  

Սա մանիպուլյացիա՞ է, թե՞ պրոֆեսիոնալ լրատվություն:

Սա ակնհայտ մանիպուլյացիա է. հակառակ դեպքում լրագրողը կամ լրատվամիջոցը ընթերցողին կհարգեին և կգրեին, թե երբ է Հայկ Մարությանը մեկնել ԱՄՆ՝ գովազդում նկարահանվելու, կնշեին ժամկետները, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լիներ՝ իր հարկերով վարձատրվող պաշտոնյան ինչ գործ է անում աշխատանքի հաշվին մեկնելով ԱՄՆ:

Ոչ մի պարզաբանող ինֆորմացիա չկա: Այն դեպքում, երբ լրատվամիջոցը պարզապես կարող էր պարզաբանում խնդրել քաղաքապետից և ընթերցողին ամբողջական, գրագետ նյութ մատուցեր:  

Մեկ այլ թիրախային վերնագիր, որին հաջորդող տեքստը հավելյալ շռայլություն է՝ «Փաշինյանի նշանակած հերթական աթեիստ պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին ու քրիստոնեությունը»:

Վերնագրում թիրախային բառեր են, արտահայտություններ, որոնք հստակ մանիպուլյացիայի նպատակ ունեն՝ «Փաշինյան», «հերթական կադր», «ծաղրել Քրիստոսին ու քրիստոնեությունը»:

Այս վերնագրին հաջորդում է օգտատիրոջ ֆեյսբուքյան պատից վերցված հումորային դիտարկումը, որից հեղինակը (լուրը, ի դեպ, անստորագիր էր) ենթադրյալ մի պատմություն է հյուսել, հետևություններ արել:

Տեքստն էպիզոդիկ է, գլխավոր դերում վերնագիրն է:  

Shamshyan.com կայքը լուր է հրապարակում՝ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

Այս կայքի լուրն ու վերնագիրը որպես լրատվության անհաջող օրինակ, չէի հրապարակի, եթե նույն վերնագրով այն չարտատպեին այլ ԶԼՄ-ներ (Tert.am , 168.am/blog)՝ տիրաժավորելով ակնհայտ մանիպուլացնող վերնագրով հրապարակումը:

Hraparak.am կայքը ևս պահել է ինտրիգը՝ «Արսեն Թորոսյանի մտերիմի հանդեպ քրգործ է հարուցվել. կասկածվում է խարդախության մեջ»:

Այս լուրը՝ որպես թիրախ, դիտարկում է առողջապահության նախարարին, այսինքն՝ հրապարակումը կարևորում է ոչ թե կոնկրետ անձի կատարած ենթադրյալ խարդախությունը, այլ հստակ թիրախավորում է առողջապահության նախարարին՝ հանցանքն անուղղակիորեն կապելով նրա անվան հետ:

Ավելի ուշ նույն կայքերը տպագրեցին ԱՆ խոսնակի պարզաբանումը, բայց վերնագիրն արդեն ստեղծել էր բացասական տպավորություն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի դեմ Hraparak.am կայքի՝ լրագրության, էթիկայի կանոններին հակասող հոդվածը՝ «Կարգին Հայկոյի «դվայնիկը»» վերնագրով, միակը չէր. մասնագիտական էթիկայի խախտումով այլ հրապարակումներ ևս հայտնվեցին՝ թիրախային վերնագրերով՝ «Թագուհի Ղազարյանի տեքստերը Վահրամ Սահակյա՞նն է գրում»:

Վերնագիրը և իբրև թե հումորային հոլովակը այս դեպքում ևս վերնագիրը օրինակացնող ֆոն են:  

«Եղունգերին գունավոր լաք քսող երիտասարդը, պատգամավորի ամուսինը. «Հայաստան» հիմնադրամի նոր տնօրենի կադրերը»

Սա էլ մանիպուլացնող վերնագիր է՝ միտված վարկաբեկելու «Հայաստան» հիմնադրամի նոր տնօրենին: Եթե կան հստակ փաստեր, որոնք վկայում են տնօրենի կադրերի անարդյունավետ, օրենքին հակասող գործողությունների մասին, եթե որևէ նշանակում կատարվել է ոչ թե պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով, այլ նախապատվությունը ազգակցական կապերին տալով, պետք է հստակ գրվի այդ մասին:

Հակառակ դեպքում, վերոնշյալ վերնագրերով հրապարակումները  նշանակում են չհարգել ընթերցողներին, նրանց կերակրել անորակ տեղեկատվությամբ, մանիպուլյացիաներով:

Լրագրողական դաշտում միակ խնդիրը, իմ կարծիքով, պրոֆեսիոնալիզմն է, մասնագիտական բարեխճությունը: Ֆինանսական, օրենսդրական, այլ խնդիրներ ևս կան: Պարզապես դրանք պրոֆեսիոնալիզմին կարող են օգնել, բայց ոչ երբեք փոխարինել:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Վերնագիր, որից հետո դատարկություն է”
  1. Արմինե Օհանյան says:

    Սիրելի Լիլիթ, այսպես օբյեկտիվ
    Սիրելի Լիլիթ, այսպես օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ լրագրողական հոդված տպագրելիս արժե երբեմն քո սեփական հոդվածներն էլ նման անաչառությամբ զննես ու գանահատկաններ տաս։ Շատ հպանցիկ նայեցի եւ համացանցում բերված քո առաջին իսկ հոդվածում մի նախադասություն հայտնաբերեցի, որը շատ հեռու է քո նշած սկզբունքներից։ Ընդամենը մեջբերեմ այն ․< Քոչարյանի հետ ուղղակի առնչություններ ունեցող ԲՀԿ նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, այն դեպքում, երբ տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած «բարեգործության» անվան տակ քողարկելու, բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը>: Եթե այս օրինակը բավարար չէ, հազարավոր այլ օրինակներ էլ կարելի է գտնել․․․
    Դատավոր լինելը շատ հեշտ է, մաքրամաքուր պրոֆեսիոնալիզմի ու խստիվ օրինականության պահանջները պահպանելն է բարդ։ Եւ թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *