2016.07.04,

հայՏեսակետ

Սթեֆըն Քուրքչյան. «Լրագրողը պարզապես համառորեն շարունակում է հարցեր տալ»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Սթեֆըն Քուրքչյանը ամերիկահայ հետաքննող լրագրող է ու Պուլիցերյան մրցանակակիր: Նա եղել է «Boston Globe»-ի «Spotlight» հետաքննող թիմի հիմնադիր-անդամ և երկար տարիներ հետաքննել է կառավարությունում կոռուպցիայի դեպքերը: Այժմ զբաղվում է արվեստի հայտնի գործերի գողությունները բացահայտելով:

Քուրքչյանը կարծում է, որ հետաքննության արժանի են հատկապես այն թեմաները, որոնք մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա և կարող են փոխել այն: Նրա համոզմամբ՝ նույնիսկ այն երկրներում, որտեղ մեդիան վերահսկվում է կառավարության կողմից, գուցե ոչ անմիջապես, տևական ժամանակում, բայց հնարավոր է հասնել հաջողության. լրագրողը պարզապես պետք է չհանձնվի ու շարունակի աշխատել:

«Հետաքննող լրագրողը պետք լսելի դարձնի այն մարդկանց խնդիրները, որոնք ձայն չունեն հասարակության մեջ»,- ասում է նա:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով Քուրքչյանը Երևանում է: Նա հետաքննական ամառային դպրոցում երիտասարդ լրագրողներին սովորեցնում է լրագրողական հետաքննություններ վարելու ամբողջ գործընթացը՝ նյութի որոնումից, աղբյուրների հետ աշխատանքից մինչև վարկածների մշակում, փաստերի ստուգում, համադրում, նյութի պատրաստում:

Ո՞րն է հետաքննական լրագրության կարևորությունը այն երկրներում, որտեղ լրագրողական նյութերը հաճախ անարձագանք ու անարդյունք են մնում:

Հետաքննական լրագրությունը չպետք է չափել կառավարության կողմից արված փոփոխություններով: Հետաքաննական լրագրությունը հանրությանը տեղեկացնելու առաքելություն ունի, որպեսզի հանրությու՛նը որոշի, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ: Կառավարության՝ քննադատության հանդեպ անհանդուրժող կամ ռեպրեսիվ լինելը բարդացնում է աշխատանքը, բայց չի ժխտում հետաքննական լրագրության կարիքը: Որովհետև լրագրողի նպատակն, ի վերջո, հանրությանը տեղեկացնելն է անհրաժեշտ փոփոխությունների, չմատուցված ծառայությունների մասին, որոնց վրա փող է ծախսվում:

Եթե ցանկացած երկիր կամ կառավարություն համեմատեք ԱՄՆ-ի հետ, կասեք, որ ամերիկյան լրագրողներին ամեն ինչ հեշտ է տրվում, որովհետև Նահանգներում հանրությունը հարգում է լրագրողի աշխատանքը: 400 տարի առաջ այդպես չէր, երբ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը մի սեղանի շուրջ նստած քննարկում էին արտահայտվելու, խոսքի, կրոնի և մամուլի ազատությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության Առաջին փոփոխությունում:

Մամուլը պատասխանատու չէր, այն չէր ծառայում հանրությանը, բայց Թոմաս Ջեֆերսոնը (հիմնադիր հայրերից մեկը, ԱՄՆ երրորդ նախագահ), որը մամուլի ազատության պաշտպան էր, ասաց` «Եթե ընտրելու լինեմ կառավարության և մամուլի միջև, կընտրեմ մամուլը, քանի որ մամուլը բոլորին տալիս է այն զգացումը, թե իրենց ձայնը լսելի է»: Եթե զգացում չունենաս, որ ձայնդ ու կարծիքդ լսելի են, որ մամուլը խնդիրներդ լուսաբանելու համար է, դուրս կգաս փողոց` Սահմանադրության Երկրորդ փոփոխությամբ ամրագրված իրավունքներդ իրագործելու, որի համաձայն՝ «կարող ես զենք կրել»:

Ջեֆերսոնն ասաց` եթե չլինի մամուլի ազատություն, մարդիկ քսան տարին մեկ դուրս կգան փողոց՝ կառավարության հրաժարականը պահանջելու: Մենք նման արյունալի հանրահավաքներ երբեք չենք ունեցել: Ինչու՞: Որովհետև մամուլի ազատությունը ամրագրված էր Առաջին փոփոխության մեջ. «հնարավոր է՝ չկարողանամ փոխել կառավարությունը, բայց գոնե կարող եմ լսելի լինել»:

Կարծում եմ, հետաքննող լրագրողը դա է անում. հանրության ուշադրությունը հրավիրում է կառավարության այն ոլորտների վրա, որոնք չեն գործում այնպես, ինչպես պետք է: Վաղ թե ուշ կառավառությունը կա՛մ կփոխվի, կա՛մ կստիպեն, որ փոխվի: Այնպես որ, պետք է շարունակենք անել մեր գործը: Մամուլի պատասխանատվությունը նույնքան կարևոր է, որքան կրոնինը: Մամուլը նույնիսկ ավելի շատ է ծառայում հանրությանը:

Սթեֆըն ՔուրքչյանՀաճա՞խ եք սպառնալիքներ ստանում կամ վտանգավոր իրավիճակներում հայտնվում:

Հաճախ՝ չէ: Որոշ մարդիկ հիմար բաներ ասում են, բայց չեն հասկանում, թե մենք ինչպես ենք աշխատում: Մենք զրուցակցին անակնկալի չենք բերում: Դա ամենավատ բանն է: Պետք է ասեք, թե ինչ եք ուզում իմանալ, թե որոնք են հարցերը:

Եվ եթե նույնիսկ հեռախոսը անջատում են զրույցի պահին, հարցերը պետք է գրեք և ուղարկեք նրանց: Եթե դարձյալ չեն պատասխանում, հանրությանը տեղեկացրեք, թե որոնք են եղել հարցերը: Ոչ մեկին չպետք է անակնկալի բերել: Պետք է լինել պրոֆեսիոնալ:

Ես խորամանկություններ չեմ սիրում, թաքնված տեսախցիկներ էլ չեմ օգտագործում: Պարզապես գնում, ասում եմ` ոչ մի տեղ չեմ գնա, մինչև չպատասխանեք հարցերիս: Երբեմն նրանք ոստիկանություն են կանչում, և ոստիկանությունը ինձ դուրս է շպրտում, բայց, միևնույն է, նրանք գիտեն, որ ոչ մի տեղ չեմ գնա, մինչև հարցերիս չպատասխանեն:

Հարցերն ուղարկում եմ նրանց, խոսում եմ նրանց իրավաբանների հետ, ցույց եմ տալիս, թե կոնկրետ ինչ եմ գրելու թերթում և ասում եմ` եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ գրված է, հայտնեք ձեր տեսակետը, հարցազրույց տվեք ինձ, հարցերիս պատասխանեք: Երբեմն անում են, ավելի հաճախ` չեն անում:

Բայց երբ նյութն արդեն տպագրված տեսնում են թերթում, սովորաբար ասում են` ավելի քիչ բան ես գրել, քան կարծում էինք: Քանի որ ավելի վատ բաներ գիտեն: Բայց ինձ համար կարևոր է հիմնավոր և արդար աշխատելը:

Բայց դեպքեր կան, երբ թաքնված տեսախցիկի օգտագործումն արդարացված է, այդպես չէ՞: Ձեր մոտեցումը ո՞րն է այս հարցում:

Ճիշտ է, մենք նման մի բան անում էինք Ամերիկայում: Բայց ուզում եմ, որ իմ լրագրողները պրոֆեսիոնալ լինեն: Եթե պրոֆեսիոնալ ես, պարզապես առերեսվում ես իրավիճակին, գնում ես ու ասում` «Ես հարցեր ունեմ: Ձեր դեմ երեք բողոք կա՝ որպես ագրեսիվ ոստիկանի: Դուք իսկապե՞ս ագրեսիվ եք»: Այնուհետև գնում ես նրա ղեկավարի մոտ և ասում` «Եթե այս ոստիկանը ագրեսիվ լինելու առիթով երեք բողոք ունի, որոնք բավարարվել են, ինչպե՞ս է շարունակում աշխատել ոստիկանությունում»:

Դուք պարզապես համառորեն շարունակում եք հարցեր տալ: Որևէ մեկը չի կարող լրագրողին դուրս անել: Մենք ներկայացնում ենք հանրությունը:

Իհարկե, հեռուստատեսության պարագայում ունենում ես լավ տեսաշար կամ հետաքրքիր պատմություն, երբ թաքնված տեսախցիկ ես օգտագործում, քանի որ այդպես ապացույցն անհերքելի է: Բայց դա չափազանց թատերական է: Ես թատերականություն չեմ փնտրում, այլ ապացույց՝ դատարան ներկայացնելու, մարդկանց դատին հանձնելու համար: Մարդիկ չեն սիրում խորամանկություններ: Պետք է պրոֆեսիոնալ աշխատել:

Սթեֆըն ՔուրքչյանՁեզ երբևէ դատի տվե՞լ են:

Մեկ անգամ մի ծերանոց է դատի տվել, բայց հետո հետ է վերցրել հայցը: 40 տարի առաջ էր:

Ո՞րն է ձեր ամենահաջողված հետաքննությունը:

Շատ պատմություներ են մտքովս անցնում, բայց խոսեմ ամենակարևորի մասին: Մի հայ բժիշկ, որը 70-ականներին աշխատում էր Վետերանների գործերով ԱՄՆ դեպարտամենտում, ասաց, որ երկու տղամարդու է բուժում. երկուսն էլ արյան շատ հազվագյուտ հիվանդություն ունեն: Ասաց, որ նման հիվանդության հիմնական պատճառը կարող է լինել նրանց աշխատանքը: Այդ տղամարդիկ աշխատում էին միջուկային սուզանավային զինված ուժերում: Միջուկային սուզանավային զինված ուժերը շատ կարևոր են ԱՄՆ-ի պաշտպանության համար: Բժիշկը գնացել էր Ծովային ուժերի դեպարտամենտ և հայտնել, որ այդ մարդիկ չափից ավելի ճառագայթվել են, նրանցից երկուսը լեյկեմիա ունեն և մահանալու են: Կառավարությունն ասել էր` «վստահ ենք՝ ամեն ինչ անվտանգ է»:

Բժիշկը դիմեց մեզ: Երեք ամիս պահանջվեց երեք նահանագներում մահվան 40 000 արձանագրություններ ուսումնասիրելու համար: Մենք պարզեցինք, որ քաղցկեղից և լեյկեմիայից մահացածների թիվն ավելի մեծ էր այն մարդկանց շրջանում, որոնք աշխատել էին միջուկային սուզանավային զինված ուժերում: Կոնգրեսի հանձնաժողովը Ծովային ուժերին կանչեց բացատրություն տալու: Հիմա նրանք փոխել են ճառագայթման թույլատրելի սահմանը: Սա ընդամենը մեկ պատմություն է, բայց՝ զգալի արդյունքով:

Թերթերը պատասխանատու են, նրանք հանրությանը ծառայելու միջոց են: Եվ որքան ավելի վատ վիճակում է հանրությունը, այնքան ավելի մեծ պատասխանատվություն ունեն թերթերը:

Հայաստանում կան օլիգարխներ, հարուստ մարդիկ, ղեկավարներ, որոնք ուզում են, որ իրենց լուսաբանեն: Իսկ դուք այլ բան լուսաբանեք:

Ես փնտրում եմ աղքատներին, անբարենպաստ պայմաներում գտնվողներին, հաշմանդամություն ուենցողներին, այն մարդկանց, որոնք ձայն չունեն հասարակության մեջ: Նրանք են այն մարդիկ, որոնց համար թերթը հոգ պիտի տանի: Եվ դա է հետաքննական լրագրության գործը:

Հայաստանյան լրատվամիջոցներից շատերի՝ հետաքննությամբ չզբաղվելու արդարացումն այն է, որ իրենց նման շքեղություն թույլ տալ չեն կարող: Ժամանակ չկա, գումար չկա:

Կարծում եմ՝ նրանք թույլ չեն կարող տալ դրանով չզբաղվելու՛ շքեղությունը: Հասկանում եմ, որ հետաքննությունը երկար է տևում: Բայց միայն այն ժամանակ մարդիկ կկարդան թերթ, կբաժանորդագրվեն բլոգին, կդիտեն հեռուստահաղորդում, եթե պատմվեն պատմություններ, որոնք կարևոր են նրանց կյանքի համար: Կարևոր չէ Քլունիի ու Քարդաշյանի այցը Երևան: Կարևոր է, որ հիվանդանոցները լավ մատուցեն ծառայությունները, դպրոցները լավ կրթեն երեխաներին, որ ոստիկանները ագրեսիվ չլինեն մարդկանց նկատմամբ: Կարևոր է համոզել տեղացի ու սփյուռքահայ հարուստներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում:

Հայաստանում ներդրում կատարելը կառավարության հանդեպ վստահության ցուցանիշ է: Եվ եթե Սփյուռքը գումար ու էներգիա չի ներդնում, կառավարությունը պետք է մտածի, թե ինչպիսի վստահություն է ներշնչում հանրությանը, սփյուռքին, ընդհանրապես աշխարհին:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *