2018.12.12,

vox populi

Սարգիս Սարուխանյան. Ուղիղ միացում դեպքի վայրից

Ողջույն: Դեպքի վայրից ուղիղ միացմամբ առաջիկա էջերում կաշխատեմ ես:

(Մեծ գործ եմ բռնել: Պիտի աշխատեմ մի ոլորտում, որտեղ չիմացածս անսահման է: Բայց կապ չունի. նորեկները միշտ հաջողակ են: Ես էլ իմ՝ երաժշտի զգացողությամբ, տակտով (տես՝ սըլուխով) կփորձեմ… գրել մի բան, որն ինձ նույնքան դուր կգա, որքան Բրամսի ալտի առաջին սոնատը):

«Դեպքի վայր» կոչվածը Ազատության հրապարակը չէ, այլ աշխարհից կտրված մի գյուղ՝ փոշու մեջ կորած փողոցներով, տների անսվաղ պատերով: Այստեղ տարվա ամենապոպուլյար եղանակն ամառն է՝ կիզիչ, շոգ ամառը:

Մի հետաքրքիր բան էլ. այստեղ միշտ լույսերը տանում են: Բայց դրանից առաջ հ2-ի Լրաբերը սենց երկար-բարակ չի զգուշացնում հովհարային անջատումների մասին: Երևի մեր գյուղինը հովհարային անջատումներ չեն. մերը ուղղակի լույսերը տանում են (թե տանողն ո՞վ է, ու՞ր է տանում, ամենակարևորը՝ ե՞րբ կբերի՝ պարզ չի):

Մի առեղծված էլ կա դեպքի վայրում. ոչ մեկը չգիտի, թե ինչու մեր գյուղում ժամը 3-ի գնացքը կանգառ չի անում: Պատկերացրի՞ք: Բոլոր գյուղերում անում է, մեր գյուղն անցնում ու հեռվում (կողքի քաղաքում) կանգնում:

Դե ինչ, իջա կողքի քաղաքում: Եկեք այս ընթացքում ընդմիջեմ: Հասնեմ գյուղ՝ նորից միացնեմ ուղիղ եթերը:

Ես չգիտեմ՝ օրհնվի՞ էն սհաթը, որ Ցուկերբերգի հանճարը շատ շնորհքով ներխուժեց մեր անլիս գյուղը: Ֆեյսբուքը տարածվում է աննախադեպ արագությամբ: Եթե նախկինում մենք ստույգ, օբյեկտիվ տեղեկություն չէինք ստանում հեռուստացույցից, հիմա կա նորին մեծություն ֆբ-ն:

Բայց պարզվում է՝ այստեղ էլ, կոմնորոշվելու համար միայն կարդալը բավարար չէ: Քանի որ ինֆորմացիայի հոսքն ահռելի է, օբյեկտիվություն ու ստույգություն գտնելու համար էլ համապատասխան վերլուծական հմտությունների անհրաժեշտությունը կա:

Ֆբ-ի նորությունների քննարկումը դարձել է հանրության հաղորդակցման գլխավոր թեմա: Հավաքույթների ժամանակ, սուրճի սեղանի շուրջ, հեռախոսային զրույցների ընթացքում մարդիկ տարածում են լսածն ու կարդացածը: Մի բնորոշ բան կա այս ամենում. ոչ ոք չի հիշում, թե ինչը որտեղ է կարդացել, չի կարող նշել ո՛չ նյութի աղբյուրը, ո՛չ հեղինակին, ո՛չ ամսաթիվը՝ «չգիտեմ ՝ ե՞րբ, չգիտեմ՝ ո՞նց, չգիտեմ՝ ի՞նչ» տրամաբանությամբ:

Հենց նոր, ընկերոջից լսած նորությամբ հետաքրքրված անձի մտքով չի անցնում հարցնել ինֆոյի աղբյուրի և ամսաթվի մասին: Նա վստահ է, որ նույն տեղեկությունը (լավագույն դեպքում՝ փոփոխված վիճակում) կգտնի իր նյուզֆիդի նորություններում կամ այլ կայքերում:

Սա վկայում է ժամանցային նյութեր տեղադրող կայքերում սեփական ձեռագրի և անհատականության դեֆիցիտի մասին: Մեր գյուղի դպրոցի մասին էլ շուտով կարդացինք այդ նորություններում. դպրոցում կեղծ աշխատողներ էին ձևակերպել և գրպանել 10 միլիոն դրամ: Բացի այդ էլ դպրոցի՝ աճպարարական տաղանդով օժտված տնօրենը մի հնարքով դպրոցից հոսանք էր քաշել իր տուն 5 տարի առաջ:

Գնացքի գծից այն կողմ մի ավերված ճանապարհ է, որը տանում է դեպի գերեզմանատուն ու գյուղացիների դաշտերը: Այս քանդված ճանապարհով ենք տեղափոխում բերքը ու այցելում մեր հարազատների շիրիմներին: Այստեղ մի քանի սերունդ մեքենա քշել է ուզել սովորել, բայց սովորել է ավտոն «լադոկներից փախցնել»:

Շատ հուշեր են կապված այս ճանապարհի հետ: Փոքր ժամանակ հենց այստեղ էինք  ընկերներով գալիս վազելու-մարզվելու: Կողքի դաշտերում հաճախ ձիեր էին արածում: Գյուղի տղերքից մեկը՝ ազգությամբ եզդի, մեզ առանց թամբի ձի հեծնելու վարպետության դասեր էր տալիս:

Մի առավոտ էլ, ճանապարհին՝ դաշտի սկզբում, մի ցուցանակ հայտնվեց: Գրված էր՝ «Այս է տապանը՝ աղբը թափողների սրբավայրը», տակն էլ գրված էր՝ «հարգողներից»: Մենք, իհարկե, մի քանի անգամ կարդալուց հետո էլ ոչինչ չհասկացանք գրվածից: Ինչ-որ բիբլիական շունչ կար դեպքերի այսպիսի զարգացման մեջ:

Հետո պարզվեց գրվածքի իմաստը: Գյուղի հին մտավորականներից Գիժ Գրիշան էր հեղինակը: Մարդը բարձր ոճի հայերենով հայհոյել էր իր դաշտը աղտոտողներին: Պետք է նկատել,որ  ցուցանակի հայտնվելուց հետո էլ գյուղացիները չդադարեցին այդտեղ աղբ թափել: Իմ կարծիքով խեղճերը չէին ըմբռնել, թե ինչ է ասված ցուցանակում, ինչևէ կոնկրետ իրենցից պահանջվում:

Այս ճանապարհի վրա ընդամենը մի բան է փոխվել: Սկզբի 10 մետրը այս տարի ընտրություններից առաջ ասֆալտել են: Սա դեմո տարբերակն էր: Ամբողջականի համար բոլորը գիտեին, թե ում պիտի ձայն տային: Տվեցին: Աննախադեպ շատ ձայներ հավաքեց գյուղի պատգամավորը, բայց բոլորիս գցեց (գուցե չգիտի՝ իրեն էլ հետը):

Այսպես տուժել է գյուղը քառորդ դարից ավելի: Փոփոխություն չկա, գյուղը չի զարգանում, ոչ ոք չունի զարգացման տեսլական: Թվում է, թե սպասելիքներ չենք ուզում ունենալ, որ հիասթափությունը մեծ չլինի:

Մեր առաջընթացի ճամփին մի հրեշ է բազմել: Ոչ մեկս խիզախություն չունեցանք հրեշին մեր նախկին ղեկավարների անունները տալու փոխարեն, այդ հրեշի աչքերի մեջ նայել ու ինքներս մեզ ճանաչել: Մի անգամ մի կողմ թողնել մեր ինֆանտիլ պատկերացումները ինքներս մեր մասին, ուղղակի գիտակցել, որ հրեշը ո՛չ լուսնից է իջել, ու ցավոք սրտի, ո՛չ էլ թուրք է ազգությամբ…

Մենք շատ վատ ենք վարվել մեզ բաժին հասած դեպքի վայրի ու ինքներս մեզ հետ:

Մենք մեր տանը վերաբերվել ենք ժամանակավոր կացարանի պես: Մեր հույսը արտագաղթն է եղել, ուշքն ու միտքը՝ քաղաքում: Մենք քառորդ դար պատրաստվել ենք լքելու մեր տունը ու մեր մտքով չի անցել գյուղին ծառայողներից, որոնց թվացել է, թե գյուղի տերերն են, պահանջել մի բան, որը հոմանիշ է պատասխանատվությանն ու բարեխղճությանը…

Հեղափոխության օրերին բոլորս ֆբ-ում էինք, ուղիղ եթերի առջև: Մեզնից ոչ մեկը գյուղում գոնե մի անգամ չասաց կարևոր խոսքերը, բացի դրսում խաղացող երեխեքից. «Մենք ենք տերը մեր երկրի»:

Երևի մենք չենք տերը մեր երկրի, որովհետև մենք նույնիսկ մեր գյուղի տերը չենք…

Հայրս պատմեց, որ Սերժի հրաժարականի մասին դաշտում աշխատելիս են իմացել: Չեն հավատացել սկզբում: Ձեն ձենի են տվել, բոլորով հավաքվել, արաղով ու գարեջրով նշել: Որոշել են, որ էդ օրվանից ապատիայի ու հուսալքության էջը փակվում է:

Ինձ դուր է գալիս այդ որոշումը:

Այս տարի գյուղի փողոցներում երեխեքը շատ են. շատ ավելի շատ, քան մենք էինք մեր մանկության տարիներին: Իրենց ձայնը ամենաբարձրն է ու ամենուր է: Իզուր ենք բողոքում, որ չեն թողնում երկար քնել: Գյուղն իրենցով է կենդանանում, իսկ իրենց լավատեսությունը վարակիչ է:

Սարգիս Սարուխանյան
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Այս աշխատանքը արժանացել է 2018թ. «Ես եմ մեդիան» մրցույթի խրախուսական մրցանակի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *