2019.06.10,

Նյուսրում

Ռուսաստանի ուժայիններն ընդդեմ լրագրողի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանցի հետաքննող լրագրող, «Մեդուզա» ինտերնետային թերթի թղթակից Իվան Գոլունովի ձերբակալությունը մեծ արձագանք ստացավ լրագրողական և ընդհանրապես մարդու իրավունքների սահմանափակմամբ մտահոգվող կազմակերպությունների ու անհատների շրջանում:

Իվան Գոլունովը ձերբակալվել էր Մոսկվայում, հունիսի 6-ին, թմրանյութեր պահելու ու իրացնելու կասկածով: Ոստիկանության պնդմամբ՝ նրա մոտ հայտնաբերվել է մեֆեդրոն, իսկ նրա բնակարանում տեղեկայված է հոգեմետ նյութերի պատրաստման լաբորատորիա:

Լրագրողի ձերբակալությունը անցել է ընթացակարգերի կոպիտ խախտումներով՝ Գոլունովին ծեծել են, զրկել ուտելու, քնելու, ժամանակին բուժօգնություն ստանալու ու իրավաբանի հետ խոսելու հնարավորությունից: Չի կատարվել պատշաճ կերպով փորձաքննություն՝ հայտնաբերելու համար նրա շփումը հոգեմետ նյութերի հետ: Հետագայում այդ կասկածը հերքվեց:

Նաև պարզ դարձավ, որ նրա խուզարկված բնակարանում արված լուսանկարների մեծ մասը կեղծ է (փաստաբանների պնդմամբ՝ ինը լուսանկարից ութը արվել են այլ վայրում), և լուրջ կասկածներ առաջացան, որ լրագրողի ձերբակալությունը հաշվեհարդար է, ցուցադրական պատիժ, իսկ թմրանյութերը նրանը չեն:

Պարզվեց, որ Իվան Գոլունովը, որը շատ է գրել Մոսկվայի քաղաքապետարանի ու ապօրինի հարստացողների մասին և բացահայտել կոռուպցիոն սխեմաները, լրջորեն խանգարել է ոմանց, և այդ ոմանք անցել են գործի՝ կոպիտ ու նաև անփույթ ձևով խոչընդոտելով նրա աշխատանքը:

Լրագրողը անպաշտպան է ուժային մեքենայի առջև: Իսկ նրա պաշտպանությունը գրեթե ամբողջովին կապված է գործի հանրայանցման ու հնարավորինս այն զանգվածային դարձնելու ցանկությամբ:

Ինքը՝ հետաքննող լրագրողը, վարկած հայտնեց, որ իր ապօրինի ու ցուցադրական ձերբակալության պատճառը հետաքննություն է՝ անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործ քայլերի մասին: Պագոնավոր չինովնիկները վերահսկում են Ռուսաստանի սգո ծառայությունների շուկան (գրեթե մոնոպոլիա է), իսկ Գոլունովը գրել է այդ մասին՝ հարվածելով նրանց ստվերային բիզնեսին:

Մեծ հանրային ալիքի ու լրագրողական համայնքի միախմբման արդյունքում Մոսկվայում այս մի քանի օրը տեղի ունեցան բողոքի ակցիաներ «Ես Իվան Գոլունովն եմ, ես լրագրող եմ, ձերբակալեք ինձ» խորագրով: Թեև ակցիայի 20 մասնակից բերման ենթարկվեցին, սակայն մարդկանց հոսքը ստիպեց ուժայիններին հետ կանգնել ու պատասխանել այն հարցերին, որոնք ակնհայտորեն ծագել են հասարակության մեջ:

Իվան Գոլունովը՝ դատարանում, լուսանկարը՝ Մեդուզայի

Ի վերջո, ուշացումով արված փորձաքննությունը բացառեց թմրանյութերի հետ շփումը, իսկ լրագրողի խափանման միջոց սահմանվեց տնային կալանքը:

«Հաջորդը կարող ենք մենք լինել»,- այսպիսի ուղերձով տեքստերը ամենահաճախ հանդիպողն էին այս չորս օրերի ընթացքում: Սոցցանցերում բազմաթիվ հայտնի մարդիկ իրենց աջակցությունը հայտնեցին Գոլունովին, որը արագորեն դարձավ խոսքի ազատության ոտնահարման նորագույն խորհրդանիշը:

Ծեծի ենթարկված, տուժած պրոֆեսիոնալը արթնացրեց այժմ ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ է լինելու հետո, երբ հերթը հասնի մյուս պրոֆեսիոնալներին:

Երեք խոշոր մասնավոր լրատվականներ՝ Վեդոմոստի, Կոմերսանտ, РБК այսօրվա՝ հունիսի 10-ին, իրենց առաջին էջերին տեղադրել էին «Ես/մենք Իվան Գոլունովն ենք» վերնագրերը որպես համերաշխության նշան:

Սա թերևս այն եզակի դեպքերից է, երբ ռուսաստանյան մեդիա դաշտը (իր պրոֆեսիոնալ հատվածով) միախմբվեց՝ արդեն առանց վարանելու կանգնելով ոստիկանության ու քննչական աշխատանքի ամենաթողության զոհ դարձած գործընկերոջ թիկունքում:

Հունիսի 12-ին ի պաշտպանություն Իվան Գոլունովի նախատեսված է երթ, որի մասնակիցները քայլելու են՝ պահելով լրագրողի հետաքննությունների տեքստերը, շարունակվելու են նաև անհատական ցույցերը Ներքին գործերի նախարարության դիմաց:

Իսկ լրագրողներն ու մեդիա կազմակերպությունները խոստացան բացահայտել լրագրողի ձերբակալման պատվիրատուներին: Եվ արդեն անում են դա: Ուժային-ստվերային համակարգը սովորաբար նահանջում է, երբ հանրությունն անտարբեր չէ:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *