2019.02.06,

Նյուսրում

Ռոսկոմնադզորն՝ ընդդեմ հայկական մամուլի

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հայկական կայքերը հերթով արգելափակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մի քանի շաբաթ է՝ ՌԴ տարածքում հնարավոր չէ բացել Aravot.am-ի ռուսական էջը։ Նախազգուշացումներ են ստացել կամ ժամանակավորապես արգելափակվել Hetq.am-ը, Regnum-ը, ArmeniaSputnik-ը, ArmRus.info-ն և այլն։

Պատճառը ռուսական դատարանի վճիռներն են, որոնք պարտավորեցնում են հայկական կայքերի խմբագրություններին՝ հեռացնել ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական Ռուբեն Թաթուլյանին վերաբերող հոդվածները։  

«Առավոտը» նախ նամակ է ստացել Ռուբեն Թաթուլյանի փաստաբաններից, որով վերջիններս պահանջել են հերքել ռուսական «Прайм Крайм»-ից վերահրապարակած լուրի համար։ Օնլայն «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանն այս պատմությունը նկարագրել է ամենայն մանրամասնությամբ։

Նյութը հայկական կայքի հեղինակային հոդվածը չէ, ինչի մասին «Առավոտ»-ը հայտնել է Թաթուլյանի փաստաբաններին։ Հունվարի 24-ին «Առավոտ»-ի խմբագրությունը Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությունից` «Ռոսկոմնադզորից», նամակ է ստացել այն մասին, որ 2017 թվականի հունվարի 17-ին Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ՝ խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը, և որ պետք է մեկ աշխատանքային օրվա ընթացքում հեռացվի Թաթուլյանի մասին հոդվածը, այլապես երեք օրվա ընթացքում կարգելափակվի կայքի մատչելիությունը Ռուսաստանի տարածքում: Անհատական տվյալներ ասելով դատարանը նկատի է ունեցել այն տվյալները, որոնք իրականում հրապարակման ենթակա են՝ անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան թիվ։ Հունվարի 29-ին «Ռոսկոմննադզորն» արգելափակել է Aravot-ru.am կայքը։

Չշրջանցենք նաև փաստը, որ ռուսական Прайм крайм կայքը, որին էլ իրենց հոդվածներում հղում են կատարել հայկական լրատվամիջոցները, բավականին մեծ թվով նյութեր է պահպանում Ռուբեն Թաթուլյանի մասին։ Բայց այնպես չէ, որ դուրս է մնացել «Ռոսկոմնադզորի» տեսադաշտից։ Կայքը հունվարի 25-ին գրել է, որ «Ռոսկոմնադզորը» պահանջել է կայքի էջերից հեռացնել Թաթուլյանի մասին պատմող 10 հոդվածներ։

Դեռ 2017 թվականից «Հետք»-ը նույնպես  նախազգուշացումներ է ստանում։ Այս տարվա հունվարին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության «Հետք» կայքը «Ռոսկոմնադզորից» 4 ծանուցում է ստացել այն մասին, որ եթե Ռուբեն Թաթուլյանի մասին հրապարակված հոդվածները չհեռացվեն կայքից 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապա կայքը կարգելափակվի Ռուսաստանի տարածքում: Իր այս պահանջը «Ռոսկոմնադզորը» նույնպես հիմնավորել է Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ։

Այս պատմությունն ամբողջությամբ շարադրված է «Հետք»-ի խմբագիր Լիանա Սայադյանի կողմից։ Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թաթուլյանն ուզում է օգտվել մոռացվելու իրավունքից:

«Մեզ համար տարակուսելի էր, թե Ռուսաստանի Դաշնության պետական մարմինը ինչ հիմքով է հայաստանյան լրատվամիջոցից պահանջում նյութը հեռացնել։ Եվ ինչու էր Թաթուլյանը դիմել այլ երկրի պետական մարմնին, երբ նման պահանջով կարող էր դիմել Հայաստանի արդարադատության նախարարության համապատասխան գործակալությանը։ (…) հրապարակված նյութերը համապատասխանում են Հայաստանում խոսքի ազատության օրենսդրությանը, հավասարակշռված են, չեն պարունակում զրպարտություն և վիրավորանք, ատելության խոսք: Բացի այդ` ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող և այդ ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական հանդիսացող Ռուբեն Թաթուլյանի գործունեությունը հանրային հետաքրքրության շրջանակում է, և մեր հոդվածներն արծարծում են դիվանագիտական անձնագիրը չարաշահելու հարցը, հետևաբար հանրային շահը գերակայում է պրն Թաթուլյանի անձնական շահին»,- գրում է Լիանա Սայադյանը:    

Սայադյանն անիմաստ է համարում Ռոսկոմնադզորի հետ որևէ քննարկում ծավալելը։ «Մենք ՌԴ պետական մարմնի դեմ ոչինչ անել չենք կարող, մանավանդ իրենց տարածքում։ Փոխարենը դիմել ենք ՀՀ արդարադատության նախարարություն, որպեսզի եթե ապօրինություն է տեղի ունեցել, իսկ ըստ մասնագետների՝ խախտվել են ընթացակարգեր, ապա նախարարությունը փորձի պետական խողովակներով հարցին լուծում տալ»։

Լիանա Սայադյանը տպավորություն ունի, որ ծագումով հայ, ՌԴ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը, որն «ազդեցիկ անձնավորություն է ՌԴ-ում և որոշ շրջանակներում հեղինակություն ունի», փորձում է նյութեր հեռացնելով «վերականգնել» իր համբավը, բայց դա անում է ոչ թե զրպարտության կամ վիրավորանքի դեմ հայց բերելով, որովհետև չի կարողանա հերքել փաստերը, այլ անձնական տվյալի պաշտպանության պատրվակով։

Sputnik Armenia-ն նույնպես խնդիր է ունեցել Թաթուլյանին առնչվող նյութերի հետ կապված։ Ահա թե մեզ ինչ հայտնեց․ «Ռոսկոմնադզորը զգուշացրել է, որ դատարանի որոշմամբ՝ նյութերից մեկը պետք է հեռացնենք կայքից։ Նախազգուշացումը ստացել ենք սահմանված ժամկետից մեկ օր առաջ, գլխավոր կայքի տեխնիկական հասցեներից մեկին։ Նամակին ծանոթացել ենք, երբ արդեն արգելափակումը տեղի էր ունեցել։ Նույն օրը կայքի որոշումն ի կատար ենք ածել, և կայքն աշխատել է»,- պատմում է Sputnik Armenia-ի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ArmRus.info կայքը նույնպես նախազգուշացում է ստացել։ ArmRus-ում նույնպես հոդված է հրապարակվել Թաթուլյանի մասին, հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։ Կայքն այլևս ակտիվ չէ, թարմացումներ չեն լինում։ Անկախ դրանից, «Ռոսկոմնադզորը» նախազգուշացրել է, որ եթե Թաթուլյանի վերաբերյալ հոդվածը չհեռացվի, ոչ միայն կայքը ՌԴ տարածքում կարգելափակվի, այլև ամբողջ սերվերը, որից սնվում են կազմակերպության այլ կայքեր ևս։

«Չգիտեմ՝ կայքն այս պահին Ռուսաստանում հասանելի է, թե ոչ, բայց սերվերը դեռ չի արգելափակվել։ Հույս կապել Ռուսաստանում ընթացակարգերի հետ՝ բացարձակապես ապարդյուն է։ Մեզ ուղղակի հետաքրքիր է, թե ինչպես Ռուսաստանը կարողացավ հասնել մեր սերվերներին։ Սա է մտահոգիչ։ Ռոսկոմնադզորը գրել է գերմանական կազմակերպությանը, որտեղ մեր կայքերն են, հայտնելով դատարանի որոշման և իբր անձնական տվյալների խախտման մասին։ Գերմանական կազմակերպությունը մեզնից պահանջում է հեռացնել նյութը, սպառնալով կասեցնել սերվերի աշխատանքը»,- պատմում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Ստեղծված իրավիճակում, նրա խոսքով, նախընտրելի է հեռացնել նյութը, քան ռիսկի դիմել և կորցնել սերվերը։

Հարցը հասել է մինչև ՌԴ-ում ՀՀ դեսպանություն։ Վերջինս հայտարարություն է տարածել այն մասին, որ մի քանի հայաստանյան լրատվամիջոցներ ՌԴ տարածքում իրենց կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ դիմել են դեսպանություն։ Նամակ-դիմումներ են ստացվել նաև որոշ մասնագիտացված կառույցներից։

«Այս առնչությամբ դեսպանությունը դիմել է «Ռոսկոմնազդոր»-ին, ինչպես նաև խորհրդակցական բնույթի զրույցներ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Այս ուղղությամբ ընթացող հանդիպումների արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ։ Հավելենք, որ որոշ կայքերի հանդեպ արգելափակումը արդեն իսկ չեղարկվել է։ Ընթանում են նաև քննարկումներ արգելափակված մյուս կայքէջերի առնչությամբ, գործընթացը կրում է նաև տեխնիկական բնույթ»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *