2017.05.04,

Քննադատ

«Պիոներ կանչի» ազատությունը

author_posts/lusine-hovhannisyan
Լուսինե Հովհաննիսյան
facebook

Հրապարակախոս

Լինում է չի լինում «Պիոներ կանչ» թերթ է լինում: Թերթի գլխավերևում գրված են լինում մի շարք անհասկանալի բաներ. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»,  «ՀԼԿԵՄ կենտկոմի և Վ.Ի. Լենինի անվան պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան», իսկ ձախ անկյունում՝ «Պիոներ, Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության գործի պայքարին, եղիր պատրաստ»: Ու «Պիոներ կանչի» գլխատառերի վրա Սիսի ու Մասիսի գծանկարը:

Խորհրդային դպրոցներում պիոներ օծվելուց հետո, իսկ դա մոտավորապես չորրորդ դասարանն էր՝ բոլորին պարտադրում էին բաժանորդագրվել «Պիոներ կանչ»: Բաժանում էին բաժանորդագրման թերթիկները, մենք լրացնում էինք: Թերթի գինը մեկ կոպեկ էր: Բաժանորդագրվելու մեր ցանկությունը ոչ ոք չէր հարցնում:

Մեզնից ոչ ոք «Պիոներ կանչ» չէր կարդում: Ոմանք՝ ուսման առաջավորներն ու ստեղծագործողները, երբեմն-երբմեն տպագրվում էին «Պիոներ կանչում»:

Կար նաև «Պիոներ» ամսագիր: Այն ավելի թանկ էր, բայց ամսագրով հետաքրքրվում էինք, որովհետև երբեմն ձայնապնակ-ներդիրով էր տպվում:

Վերադառնանք «Պիոներ կանչին»: 1925 թ-ից լույս տեսնող ՀԼԿԵՄ Կենտկոմի այս օրգանը, չեմ կարող ասել երբ ինչպես է կարդացվել, բայց իմ պիոներության օրոք՝ 1980-1984 թվականներին (անկեղծ ասած, այդ կարգավիճակն ինձ համար ալ կարմիր վզկապի առկայությունն էր միայն, որպես աղջկական ատրիբուտ, քանի որ այն ինձ սազում էր), մեզնից ոչ ոք չէր կարդում այդ թերթը, քանի որ մեզ չէր կարող հետաքրքրել պիոներական գաղափարախոսությունը:

Այս թերթը տպվում էր ինքն իր համար, ինչպես Խորհրդային միությունում տպվող շատ ու շատ «օրգանական» թերթեր: Խորհրդային պիոներիայի մասին հոդվածներ որևէ առողջ երեխա չէր կարդում: Առավելևս, ոչ մեկի մտքով չէր անցնում կրպակից «Պիոներ կանչ» գնել:

Անցան տարիներ և սկսվեց 1988-ը: Խորհրդային երկիրը երերում, բայց դեռ չէր փլուզվում: «Պիոներ կանչը» շարունակվում էր տպվել և արդեն ընթերցվել: Օպերայի ծառերի տակ, որոնք հետո մասամբ հատվեցին, մարդիկ կախում էին թերթերում տպված համարձակ հոդվածները: Դրանք մկրատով կտրում ու կախում էին ծառերից, որ բոլորը կարդան, քանի որ «բոլորն» այդ ժամանակ Օպերայի տարածքում էին: Կախված թերթերի մեջ էր նաև «Պիոներ կանչը»:

1988-ի վերջին ամիսներին Ղարաբաղյան շարժման հզոր ալիքը փակուղի էր մտել: Դեկտեմբերի երկրաշարժից առաջ՝ նոյեմբերի 24 ին, ժողովրդի ու պատգամավորների մեծ մասի ջանքերով հրավիրվեց Հայաստանի ԳԽ արտահերթ նիստ, որտեղ որոշում ընդունվեց, որ ՀԽՍՀ-ում գործելու են միայն այն օրենքները, որոնց հավանություն կտա ՀԽՍՀ ԳԽ-ը: Սրանից անմիջապես հետո, կենտրոնը որոշումն անվանեց անօրինական և Երևանում հայտարարվեց պարետային ժամ:

Պարետային ժամն իրակացնում էր ռուսական զորքը: Շատ ճնշող իրականություն էր, մանավանդ, եթե հաշվի առնենք մինչ այդ եղած անհավանական ազատությունը:

Ազատության մեր բերկրանքն ավարտվեց հեռուստահաղորդումների ընդհատումով ու արտակարգ թողարկմամբ, և երբ էկրաններին հայտնվեց սարսափելի գեներալ Սամսոնովի կերպարն ու լսվեցին առաջին տողերը. «Я генерал-майор Самсонов, комендант города Еревана» («Ես գեներալ-մայոր Սոմսոնովն եմ, Երևան քաղաքի պարետը»), մենք միանգամից հասկացանք, որ ցույցերով հարց լուծելու ժամանակն անվերադարձ անցավ:

«Ղարաբաղ» կոմիտեն ձերբակալվեց: Դեկտեմբերին փլատակների տակ մնացին Լենինականը, Սպիտակը, գյուղեր:

Այսպիսով, վերելքն ավարտված էր, մայրաքաղաքը՝ լուռ ու ռուսական զինվորներով շրջապատված…

Գրեթե երեք տասնամյակ անց, կարգավորելով հին թղթերս, հայտնաբերեցի «Պիոներ կանչի» դեղնած, մաշված մի համար ու քմծիծաղով մտածեցի, թե ինչու եմ այն պահել: Սկսեցի կարդալ: Դեղնած համարի ազատ հատվածներում գրիչով նշումներ էի արել. «Կոմիտեն բանտում, պարետային ժամ, մասսայական ձերբակալություններ, խիստ նկատողություն ռադիոյի գլխավոր խմբ.-ին, թույլ չի տրվել «Գարունի» տասներերոդ համարը, Սիսիանի «Որոտանի»-ի խմբագրին խիստ նկատողություն»: Այս գրառումն ընդամենը մի երկու տող էր՝ տարիներ անց դաժան իրականությունը հասկանալու համար:

«Պիոներ կանչ», 30 դեկտեմբերի, 1988թ.
Միանգամից հիշեցի, թե ինչու եմ պահել «Պիոներ կանչի» այս համարը:

Որևէ հնարավորություն չունենալով մամուլի միջոցով կապ հաստատել սարսափելի ընկճված ու հուսահատ ժողովրդի հետ, օգտագործվել էր ամենաանհավանական տարբերակը՝ «Պիոներ կանչը», որն անխափան տպվում էր որպես ՀԼԿԵՄ Կենտկոմի և Վ.Ի.Լենինի անվան պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի օրգան:

1988 թ-ի դեկտեմբերի 30-ի համարն է: Ամենահզոր վերելքի ու ամենասարսափելի տարվա նախավերջին օրվա համարը:

Խմբագրի անունն ինձ ոչինչ չի ասում՝ Ա. Մկրտչյան: Աննա Իսրայելյանից ճշտում եմ,  որ Ա. Մկրտչյանը կոմերիտմիության կողմից նշանակված մարդ էր: Միգուցե սխալվում եմ, բայց ամենայն հավանականությամբ, կոմերիտմիությունը չի խառնվել համարի տպագրմանը:

Այս «Պիոներ կանչի» անձնակազմն իր հնարավորությունների սահմաններից դուրս գալով, հուսադրումի, կոչի ուղերձներ էր հղում ժողովրդին: 88-ի դեկտեմբերի 30-ի  համարի առաջաբանում գրված է. «Ու որքան էլ տարիներ անցնեն, որքան էլ սպիանա վերքը, նա մնալու է որպես արհավիրքի տարի… Բայց այս տարին նաև մեր ոգու, մեր էության զարթոնքի տարին էր, հանուն արդարության, հանուն դեմոկրատիայի ու վերակառուցման պայքարի…»:

Համարի երկրորդ էջում Կարեն Սիմոնյանի դիմումն է աշակերտներին. «Մեզ համար անցած 1988-ը բացառիկ էր որպես քաղաքացիական զարթոնքի տարի, դեմոկրատական իրականություն ստեղծելու հաստատուն քայլի տարի, այնպիսի տարի, երբ դուք էլ հասունացաք ու ամրացաք որպես իսկական անհատականություններ, ըմբռնեցիք կյանքի ոչ միայն հմայքը, այլև՝ իմաստը, հասկացաք, որ ցանկալի ապագան անհնար է տեղում դոփելով, որ ավելի սոսկալի է՝ անթթվածին ճահճում մի խեղճ ու անհեռանկար գոյություն պահպանելով»:

«Պիոներ կանչ», 30 դեկտեմբերի, 1988թ.
Այսօր այս բառերը կթվան սովորական, միգուցե նաև՝ զարմանալի, թե ինչ արտառոց բան կա այս տեքստերի մեջ: Բայց փորձեք պատկերացնել խորհրդային բանակի առկայությունը քաղաքում, պարետային ժամը, տագնապը: Ժամը իննից հետո քաղաքում տեղաշարժվել կարելի էր միայն հատուկ անցաթղթով, ազատ մամուլը արգելքի տակ էր, ոչ մի ազատ ձայն: Շարժման առաջնորդները ձերբակալված էին, քաղաքներն ու գյուղերը ավերված՝ հազարավոր զոհերով:

Դեկտեմբերի 30-ի «Պիոներ կանչի» համարը մարդիկ՝ իրար տեղեկացնելով, գնում էին կրպակներից, թերթը երբևէ այդպիսի պահանջարկ չէր ունեցել: Այս մի քանի տողը, ռուսական բիրտ արգելքի պայմաններում մի կարևոր հույս էր, կարևոր հաղորդագրություն էր:

Կարևոր էր հաստատ, եթե հասուն մարդիկ կրպակներից «Պիոներ կանչ» էին գնում:

Ես զրուցեցի «Պիոներ կանչի» թղթակից Գայանե Թերզյանի հետ, ուզում էի հասկանալ, թե խմբագրության ներսում իրականում ինչ իրավիճակ էր և այնուամենայնիվ, ինչպես ստացվեց, որ պարետային ժամի պայմաններում, խստացված հսկողության տակ, ՀԼԿԵՄ օրգանը կարողացավ տպել այս համարը:

Գայանեն հաստատեց ենթադրություններս, ասելով, որ երկու կարևոր գործոն կար: Առաջինը, որ խմբագրությունում հավաքված մարդիկ, և առհասարակ, այդ ժամանակ Հայաստանում բոլորը, ուզում էին ազատ խոսք ասել ու ընթերցողին հասցնել ճշմարտությունը:

«Պիոներ կանչ», 30 դեկտեմբերի, 1988թ.
Եվ երկրորդ՝ խստացված հսկողության պայմաններում պիոներական կազմակերպության պաշտոնաթերթին «երեխայի» տեղ էին դնում ու առանձնապես չէին հսկում:

Ինչպես ասում է Գայանեն. «88-ից «Պիոներ կանչը» Անդերսենի մանուկն էր, որը բարձրաձայն ասում էր, թե արքան մերկ է: Թերթին վերաբերում էին որպես երեխայի՝ առանձապես լուրջ չընդունելով, թերթն էլ հրաշալի օգտվում էր այդ իրավիճակից: Կարևոր է նաև հիշել, որ շատերը առանց դրսի արգելքի ներքին ցենզոր ունեին, իսկ մենք ՝ոչ»:

Գայանեն հաստատեց, որ այդ օրերի «Պիոներ կանչի» խմբագիրը թեև ՀԼԿԵմ կենտկոմի դպրոցական բաժնի պետն էր, բայց ինքը ոչնչով չէր խոչընդոտում ազատ խոսքին և մասնավորապես, այդ համարին:

Սա փոքր դրվագ էր իրականության, որ ունեցել ենք, նաև՝ հուշում, որ մեծ ցանկության դեպքում անազատության կապանքները քանդվելու զարմանալի ձևեր ունեն: Կարևորը ցանկությունն է:

Կատեգորիկ հնչեց կամ՝ լոզունգային, բայց սա պատահած իրականություն է, ոչ՝ տեսական: Մարդիկ ուժեղ ցանկություն են ունեցել կոտրելու արգելապատը ու գտել են զավեշտական տարբերակ՝ մանուկների համար նախատեսված թերթը: Բայց գտել են:

Ազատ լինելու ցանկությունը ազատ լինելու առաջին նախապայմանն է: Կար մի քանի կարևոր գործոն դրա համար: Առաջին՝ մենք դրսից եկած բիրտ ուժի դեմ էինք, երկրորդ՝ ճնշել էին մեր վերջապես պայթած ազատ լինելու ցանկությունը դրա ծաղկման ամենաթեժ պահին, երրորդ՝ գրեթե բոլորս նույն բանն էինք ուզում, չորրորդ՝ պայքարելու ռեսուրսը դեռ թարմ էր ու վստահ էինք, որ ունակ ենք մի բան փոխելու:

Չկար մի կարևոր գործոն՝ չկար ֆինանսական շահագրգռվածություն, ամեն ինչ դեռ արվում էր հանուն գաղափարի: Եվ մարդիկ արարում էին ազատություն և ազատ մամուլ:

Քսանինը տարի անց, շնորհակալություն «Պիոներ կանչի» անձնակազմին այդ կոպիտ օրերին այս զարմանալի սիրուն քայլի համար:

Լուսինե Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *