2015.11.24,

Քննադատ

«Չբամբասեք. հանգուցյալը դա սարսափելի չէր սիրում»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան

Լրագրող

Մահախոսականը՝ որպես ժանր, կարծես ինքն էլ մահացել է: Այժմ գրվում են գրախոսություններ, տեսակետներ՝ մահվան մասին

«Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ աշտպանվում է պետության կողմից» (ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2, հոդված 14): «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք» (գլուխ 2, հոդված 15):

Ու ոչինչ չկա մարդու մահվան մասին՝ իրավունքի տեսանկյունից: Խոսքը մահից հետո օրենքով պաշտպանված լինելու մասին է:

Նկատի ունեմ սա. մահացած մարդու մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, մահվան հանգամանքների քննարկումները ոչ թե լրագրողի դաստիարակության, տակտի, լրագրողական վարքականոնի բարալիկ բրոշյուրին պետք է թողնել: Եթե ոչ Սահմանադրությամբ, ապա օրենքով պետք է պաշտպանվի մահացած մարդու հետմահու արժանապատվությունը՝ չհիմնավորված, չփաստարկված ենթադրությունները որպես արժեքավոր ճշմարտություններ մատուցվելու հավակնությունից:

«ԶԼՄ-ների մասին» օրենքի 5-րդ գլուխը նվիրված է լրագրողների իրավունքներին: Մասնավորապես, «է» կետը, որպես լրագրողի իրավունք եւ ոչ թե պարտականություն է ներկայացնում լրագրողին տրված տեղեկատվության հավաստիությունը ստուգելը:

Մարդու մահվան մասին գրելը լրագրողի համար մասնագիտական ու մարդկային մեծ քննություն է: Այնքան հեշտ է միացնել պաթոսը, կա՜մ հիմարություններ գրել, կա՜մ լինել ցինիկ, կա՜մ սենտիմենտալ:

Մահախոսականը՝ որպես ժանր, կարծես ինքն էլ մահացել է: Այժմ գրվում են գրախոսություններ, տեսակետներ՝ մահվան մասին: Եթե մահախոսականը կոնկրետ կանոններ ուներ՝ ներկայացնել հանգուցյալի կյանքն ու նրա թողած գիտական, հասարակական ժառանգությունը, մահվան մասին գրախոսությունների մոտիվը լրիվ այլ է՝ մահը դառնում է ինֆորմացիոն առիթ. հրապարակման հեղինակը ներկայացնում է իր սեփական մտորումները, վարկածները հանգուցյալի մահվան հանգամանքների շուրջ, երբեմն՝ մաքրում իր անձնական հաշիվները հանգուցյալի հետ: Եվ դա արվում է այնքան անթաքույց, որ ընթերցողը ենթագիտակցորեն ձեւակերպի «Իսկ բարոյակա՞ն մարդ էր, արդյոք, հանգուցյալը» հարցը:

Սոցցանցերում, խոշոր իմաստով, որեւէ իրավական սահմանափակում չկա՝ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես արձագանքել այսինչ կամ այնինչ մարդու մահվանը: Այս դեպքում՝ յուրաքանչյուրիս արձագանքի ոճը եւ անգամ լռությունը  դաստիարակության, աշխարհայացքի եւ ոչ թե իրավական տիրույթում է:

Այլ է լրատվամիջոցների դեպքում, երբ ամեն նախադասության թիկունքին պետք է կոնկրետ փաստ լինի: ԶԼՄ-ները ուղղակի պարտավոր են լինել պրոֆեսիոնալ, աշխատել գրագետ:

Մահացել էր թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Նրա դին հայտնաբերվել էր նոյեմբերի 11-ին, մայրաքաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկի լոգարանում: Բժշկական եզրակացության համաձայն՝ «Մահը հետեւանք էր սրտային սուր անբավարարության»:

Քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն՝ հիշեցնելով. «ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Նույն հոդվածով՝ արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակին»:

Ներկայացնենք թատերագետի մահվանն արձագանքած որոշ հրապարակումների վերնագրերը: «Լեւոն Մութաֆյանի մահը՝ չար կատա՞կ» (Hraparak.am): Հեղինակը եզրակացրել է. «Ու հիմա դժվար է հավատալ, որ Մութաֆյանը մահացել է սեփական մահով»: Ինչու՞ է դժվար հավատալ, ի՞նչ փաստերի հիման վրա, ինչու՞ է, ի վերջո, նրա մահը չար կատակ: Ո՜չ մի փաստ, պարզապես ենթադրություն, որը մամուլում հրապարակվելու ոչ մի շանս պիտի չունենար, քանի որ հակասում է լրագրության պարզագույն կանոններին:

Մյուս վերնագիրը՝ «Լեւոն Մութաֆյանի առեղծվածային մահը» (Irates.am): Այդ որ փաստերն են համոզել հեղինակին, որ մահն առեղծվածային է, հրապարակման մեջ չես գտնի: Նկատենք, փաստե՜րը, այլ ոչ թե ենթադրությունները:

NorLur.am կայքում անգամ վերնագիրն է մոտավորապես.«Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել է Լեւոն Մութաֆյանի դին»: Ընդ որում, լրատվության մեջ նշված է, որ Մութաֆյանը մահացել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող կացարաններից մեկում»: Ակնհայտ սխալ տեղեկատվություն:

Մյուս վերնագիրը՝ «Մութաֆյանը հյուրանոցում մենակ չի եղել» («Հրապարակ»): Հրապարակման մեջ դարձյալ ենթադրություններ են, եւ ոչ մի փաստ:

BlogHay.ru կայքը գրել է «Փաստն այն է, որ համացանցը զանազան լուրերով եւ մեկնաբանություններով է ողողվել, մասնավորապես, կապված Լ.Մութաֆյանի՝ հյուրանոցում միայնակ գտնվելու վարկածի հետ: Հանրությունը (՞-Լ.Ա.) կասկածի տակ է դնում այդ հանգամանքը, իսկ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտարարում են, որ վաղամեռիկ թատերագետին ինչ-որ երիտասարդ է ուղեկցել իր բնակարանին կից հյուրանոց, որն, ի դեպ, գտնվում է «Կոմայգու» հարեւանությամբ»:

Այս հրապարակման հեղինակն այսքանից հետո եզրակացրել է. «Թե ինչն է մարդկանց նման կարծիքներ ունենալու տեղիք տվել, թերեւս, դժվար է պատկերացնել, սակայն մի բան ակնհայտ է՝ ծուխն առանց կրակի չի լինում»: Բայց «Ծուխն առանց կրակի չի լինում» միտքը դիպուկ է նույնքան, որքան ճշմարիտ են «Մի հիմար քար է նետում ջրհորը, հարյուր խելոք չեն կարողանում հանել» կամ «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» ասույթները:

Նման հրապարակումներից ապահովագրվել չեն օգնում անգամ Սահմանադրությունն ու «ՙԶԼՄ-ների մասին» օրենքը:

Ի վերջո, մահացած մարդու մասին գրելուց առաջ վատ չէր լինի հիշել Վլադիմիր Մայակովսկու երկտողը՝ գրված մահից առաջ.

«Բոլորի՜ն
Իմ մահվան համար ոչ ոքի չմեղադրեք եւ, խնդրում եմ, չբամբասեք. հանգուցյալը դա սարսափելի չէր սիրում»…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *