2012.05.25,

Տեսակետ

«Ուզում եմ, որ իմ ֆիլմերը բանավեճի սկիզբ դնեն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Կինոռեժիսոր, գրող եւ լրագրող Սյուզան Խարդալյանը ծնվել է Բեյրութում, ապրել ու սովորել Ֆրանսիայում, հետո տեղափոխվել Ստոկհոլմ ու սկսել ստեղծագործ վավերագրության ժանրի ֆիլմեր նկարահանել սկանդինավյան հեռուստաընկերությունների համար:

Սյուզան Խարդալյանն իր խոստավանությամբ՝ սիրահարված է կոնֆլիկտների: Լինելով միջազգային հարաբերությունների մասնագետ՝ նա հաճախ է լինում թեժ կետերում ու ֆիլմեր նկարահանում խնդրահարույց տարածաշրջանների մասին (հիմնականում Միջին Արեւելքում)։ Նրա ուշադրության կենտրոնում են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Վիետնամական պատերազմը, Լաոսի ազգային փոքրամասնությունների խնդիրները, Հնդկաստանի կյանքը, իսկ վերջին տարիներին՝ Եգիպտոսի ու Սիրիայի հեղափոխությունները։ 

Սյուզան Խարդալյանը Հայաստան հաճախ է այցելում, սակայն միայն այս տարվա ապրիլի 24-ին հայաստանցի հանդիսատեսը դիտեց նրա ֆիլմերից մեկը՝ «Տատիկիս դաջվածքները» հեղինակային վավերագրությունը: Ֆիլմում շատ հետաքրքիր միահյուսվել են Հայոց եղեռնի հուշն ու կանանց ճակատագրերը: Գենդերն ու գենոցիդը մի հարթության վրա են հայտնվել Խարդալյանի մեծ մայրիկի՝ Խանումի ճակատագրում, ով պատանի տարիքում բռնաբարվել, ստրկացվել ու մի քանի տարի գերության մեջ է պահվել՝ ստիպված լինելով իր ողջ կյանքում կրել ճակատին ու ձեռքերին դաջած տարբերանշանը՝ տատուն: Կինը դիտվել է որպես սեփականություն: Ցեղասպանության այդ ցավալի գաղտնիքը, որի մասին իր տատիկը երբեք չի խոսել, Սյուզան Խարդալյանը շատ նրբանկատ, անձնական ու բազմաթիվ հարցեր առաջացնող ֆիլմի է վերածել:

Ընդհանրապես նրա բոլոր աշխատանքները քաղաքական գունավորում ունեցող եւ հարցեր առաջ քաշող ֆիլմեր են («Վերադարձ դեպի Արարատ», «Որտե՞ղ է իմ հաղթանակը», «Bullshit» եւ այլն):

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը մեծ թվով մարդ դիտեց «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով ցուցադրվելու շնորհիվ: Ձեզ համար  հեռուստատեսությունը ավելի՞ նախընտրելի է, քան կինոփառատոնները:

Ֆիլմերի տարածման համար փառատոնները երկրորդական են: Անձամբ ինձ փառատոնները քիչ են հետաքրքրում: Սովորաբար երբ մեր ստեղծագործական խմբով նոր ֆիլմ ենք սկսում, արդեն իսկ տարբեր հեռուստակայնների հետ հեղինակային իրավունքների վաճառքի պայմանավորվածություն ենք ունենում:

Ես ոչ թե պատվեր եմ կատարում (այդ բառը չեմ ընդունում), այլ իմ գաղափարն եմ վաճառում կայաններին: Բայց եթե հետագայում փառատոնների շուկաներում ֆիլմերը գնվում են, միայն ուրախ եմ: Իմ ֆիլմերի մեծ մասը սկանդինավյան ֆինանսավորում ունեն, եւ պրոդյուսերներն առաջին հերթին մտածում են դրանք որքան կարելի է շատ ալիքներով ցուցադրելու262 մասին: «Bullshit» ֆիլմն, օրինակ 14 պետությունների ֆինանսավորում ուներ, այդ թվում 8 հեռուստակայանի: Ֆիլմի թեման գլոբալիզացիոն պրոցեսներն էին (սննդի շուկան, երիտասարդության քաղաքականացված լինելը եւ այլն), որը մեծ թվով հեռուստադիտողների էր հետաքրքրել: Վստահ եմ, որ փառատոններում ավելի քիչ հանդիսատես կունենար:

Ի դեպ՝ մի քանի օր առաջ պարզվեց, որ «Տատիկիս դաջվածքները» կցուցադրվի նաեւ Ճապոնիայում եւ Լատինական Ամերիկայում: Իսկ դա նշանակում է, որ այն եւս մի քանի միլիոն մարդ կարող է դիտել:

Փաստորեն ֆիլմն իր ինքնուրույն ճակատագրով է ապրում:

Այո, հատկապես «Ալ Ջազիրա» ալիքի շնորհիվ, որի լսարանն ընդգրկում է ողջ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Ավստրալիան: Հեռուստատեսությունը հրաշալի առիթ է քո ասելիքը մարդկանց հասցնելու համար: Ֆիլմի ցուցադրումից հետո ես այնպիսի վայրերից եմ արձագանք ստացել, որ նույնիսկ զարմանալ կարելի է: Աֆղանստանցի մի զինվոր էր նամակ գրել, աֆրիկուհի մի կին… Շատ ոգեւորիչ է:

Որոշ ռեժիսորներ Հայաստանում նշում են, որ ֆիլմեր են նկարահանում ոչ բոլորի համար: Այդպես լինո՞ւմ է:

Իհարկե, կան ստեղծագործողներ, որոնք աշխատում եմ միայն սեփական ինքնագոհացումի համար: Բայց կարծում եմ իմաստ չունի ստեղծագործել, եթե քո աշխատանքը ոչ ոք չի կարդա, չի տեսնի ու չի լսի: Այդ մոտեցման մեջ անհասկանալի էլիտիզմ կա: Կարծում եմ, որ եթե ֆիլմ եմ անում, ապա անպայման ուզում եմ որքան կարելի է շատ մարդու ծանոթացնել իմ աշխարհընկալման հետ: Իսկ հեռուստատեսությունը տալիս է այդ հնարավորությունը:

Հասցրե՞լ եք դիտել մեր հեռուստատեսոությունը:

Ստոկհոլմում որոշ հաղորդումներ դիտում եմ… Ճիշտն ասած, հայաստանյան ալիքների մասին ասելու բան չունեմ, դե հիմնականում զվարճացնող ալիքներ են: Իհարկե, հասկանում եմ, որ ողջ աշխարհում է հեռուստատեսությունը այդպիսին, բայց կան նաեւ հստակ առաքելություն ունեցող հանրային ալիքներ (ենթադրում եմ, որ նույն այդ հանրային մեսիջը  նշված է նաեւ Հայաստանի հանրային ալիքի փաստաթղթերում), որոնք այլ ֆունկցիաներ ունեն:
Եթե զվարճանալ ես ուզում, կարող ես դիտել վճարովի կաբելային ալիքները, իսկ հանրային ալիքը իրավունք չունի շեշտը դնել միայն զվարճանքի վրա, քանի որ լուրջ խնդիրներ կունենա օրենքի հետ:

Գլոբալացումը մեր ալիքների վրա տարօրինակ է ազդում:

Գլոբալացումը ոչ թե հանձնվելու պիտի դրդի, այլ հարմարվելու: Չէ՞ որ ցանկացած նոր հարթակն ու նոր հնարավորությունը կարող ես հարմարեցնել սեփական կարիքներիդ: Տեսեք, թե ինչպես ես ֆրանսիացիները պաշտպանում իրենց կինոն, լեզուն, հեռուստատեսային յուրաքանչյուր ժամը: Նրանք ուղղակի կրծքով ու բռունցքով են իրենց ինքնությունը պաշտպանում: Ֆրանսիացիների նախանձախնդրությանը ես պարզապես նախանձում եմ (իհարկե դրական իմաստով):

2007-ին Դուք ասացիք, որ Հայաստանի մասին հեռուստաֆիլմ նկարահանել չեք պատրաստվում, քանի որ այստեղ կոնֆլիկտ չկա: Հիմա՞ էլ եք այդպես կարծում:

Հիմա ավելի շուտ արհեստական, ուռճացված կոնֆլիկտ կա: Կարծում եմ, Հայաստանում այնպիսի իշխանություն է, որն ամեն ինչը վերածում ու կապում է պետական անվտանգության կոնցեպտի հետ: Կարծես ամեն մի փոքր քայլը բյուրեղացված անվտանգության խնդիր է: Երբ ենթադրենք պետք է ճանապարհները նորոգել, իշխանություններն ասում են, որ դա սովորական աշխատանք չէ, այլ՝ երկրի անվտանգության կարեւոր խնդիր: Դա կիսաբռնատիրական երկրներին հատուկ ոճ է. բնակչությունը  տագնապած վիճակում պահելու համար աբստրակտ թշնամու կերպարն է անդադար առաջ բերվում ու ամեն ինչը բացատրվում է ինքնապաշտպանվելու պահանջով: Ինչի արդյունքում էլ վախի մթնոլորտ է ստեղծվում:

Իհարկե, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Հայաստանը ոչ վերացական թշնամական պետություններով է շրջապատաված, բայց հնարավոր չէ ամեն ձախողումն ու հաջողությունը կապել միայն թշնամու հետ: Սեփական անվտանգության առանցքը շատ ավելի հիմնարար պիտի լինի: Հայաստանը մի քանի դարերի պատմական փորձառություն ունի, որից բոլորս պիտի դասեր քաղած լինեինք: Վտանգը երբեք չի վերանալու (նույնիսկ եթե մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ամեն օր սիրախաղ անենք), բայց դա չի կարելի անընդհատ շահարկել ու բոլոր խնդիրները պաշտպանության կարիքով բացատրել:

Կառավարման այդ ոճը (ամեն ինչը կոնտրոլի տակ պահելը) հնարավոր էր ընդունել, եթե Հայաստանը տարբեր էթնիկ խմբավորումներից կազմված լիներ ու ազգամիջյան բախումներին 263վերջ դնելու համար անվտանգության կոնցեպտ առաջ քաշեր: Բայց Հայաստանի համար այս իրավիճակը լրիվ անըմբռնելի է, քանի որ բացարձակ արդարացված չէ: Եթե իրատես լինենք, Հայաստանին սպառնող բոլոր վտանգները առհավետ մեզ հետ են մնալու, բայց դա չպիտի խանգարի ապրել ու զարգանալ:

Մի քանի օր առաջ, օրինակ, Վանաձորում էի, ուր ֆիլմս պիտի ցուցադրվեր: Երբ եկանք, պարզվեց, որ քաղաքում արդեն մի քանի ժամ էլեկտրաէներգիա չկա, ու ցուցադրումն անհնարին է կազմակերպել: Մտահոգվեցինք, որ ցուցադրում չի լինի, բայց մեկն ասաց՝ պիտի Երեւան զանգենք: Եվ ի՞նչ եք կարծում: Զանգից երկու րոպե անց, հոսանքը կարգավորվեց: Ասածս այն է, որ եթե հնարավոր է պարզ խնդիրը արագ լուծել, ինչո՞ւ է պետք սպասել, ձգձգել, թույլ տալ, որ վանաձորցիները նյարդայնան: Երբ պարզ հարցերը արհեստականորեն բարդացվում են, անտրամաբանական, տարօրինակ իրավիճակ է ստեղծվում:

Դուք շատ ֆիլմեր ու ռեպորտաժներ եք անում երրորդ երկների մասին: Չկա՞ տպավորություն, որ իրավիճակը պայթյունավտանգ է դառնում հեղափոխությամբ, երբ պետական համակարգը սկսում է մարդկանցից անջատ աշխատել:

Այո, այդ համակարգը ոչ թե մարդկանց, այլ հենց ինքն իր համար է աշխատում՝ ապահովելով իր երկարակեցությունը: Բայց ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանը այն հողաշերտն է, այն մեկնակետը, որի վրա (եթե ուզենք) հնարավոր է հավաքական նոր ապագա կառուցել: Այլ հնարավորություն պարզապես չկա: Արեւմտյան Հայասատնի տեսլականը շատ հեռավոր է իրականություն դառնալու համար: Շատ ժողովրդներ ունեն այդպիսի երազներ: «Ամերիկյան երազ»-ն, օրինակ ինքնաիրագործման մասին է, եւ պետությունն այդ իրագործումը ապահովելու առաքելությունն ունի (կարող է անգամ ներխուժել Աֆղանստան կամ Իրաք՝ իր քաղաքացիների շահերի պաշտպանության անվան տակ):

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքի հետ համագործակցելու փորձեր շատ եղան, սակայն  մեզ այդպես էլ չհաջողվեց Սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդպես եղավ:

Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունների մասին կարելի է անդադար խոսել: Դժբախտաբար, Սփյուռքի հետ խոսելու լեզուն տակավին գտնված չէ: Կարծում եմ, նախեւառաջ սփյուռքահայի նկատմամբ եղած սովետական վերաբերմունքը պիտի վերանա: Հայաստանցին սփյուռքային թեթեւակի արհամարհանքով է նայում: Դա ավելի շուտ, մենթալիտետի խնդիր է, որը շատ է խանգարում շփմանը: Անձամբ ես փղի հաստ կաշի ունեմ ու շատ դիմացկուն եմ, բայց տեսնում եմ թե սփյուռքահայերին որքան է անհանգստացնում այդ վերաբերմունքը: Նրանք մտածում են՝ Հայաստանը լավն է, բայց դա իմ հայրենիքը չէ, իմ հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է:

Ուզում եմ հիշեցնել, ու Իսրայելը հրեաների հայրենիքը չէր ընդհանրապես, բայց այն դարձավ հայրենիք նույնիսկ այն հրեաների համար, որոնք Լոնդոնում կամ Չինաստանում են բնակվում: Իսկ երազային հայրենիքի գաղափարներով հեռուներում ապրող հայ մարդը Հայաստանում չի ընդունվում: Անտեսանելի մշակութային արգելքներ կան, որոնք թույլ չեն տալիս հայ մարդուն հանգիստ ու հարազատ զգալ Հայաստանում:

Կարծում եմ, սփյուռքահային պետք է ընդունել այնպես, ինչպիսին նա այսօր է՝ առանց քննադատության, որովհետեւ հայն իր կամքով չի դարձել սփյուռքահայ: Եվ նրա ենթագիտակցության մեջ ապրող հայը զարգանալու խնդիր ունի: Նույնիսկ տարիներով հայերեն չխոսող մարդու մեջ ազգայինի ծիլեր կան, որոնք կարծես սպասում են, որ իրենց ջրեն ու օգնեն աճել: Եվ այդ պրոցեսը մենք անկնալում ենք ձեզանից: Այդ ծիլերից մեկն, օրինակ արվեստն է: Նուռերը, ծիրանները անտրամաբանական ու անցողիկ սիմվոլներ են, շատ ավելի կարեւոր է քաջալերել հային, նրա սրտին «հասնել» արվեստի միջոցով:

Եվ հետո էլ՝ բոլոր հայերին նույնացնել պետք չէ, ընդհակառակը՝ փոխադարձ հարստանալ կարող ենք միայն իրար գումարելով ու «ափգրեյդ» անելով մեր պատկերացումները: Եվ այդ264 գործում մեծ դեր ունի հեռուստատեսությունը, մամուլը:

Եղեռնի չմարսված ցավը, Արցախյան պատերազմում տարած, բայց դեռ չգիտակցված հաղթանակը թերեւս այն թեմաներն են, որոնց հայաստանյան մեդիա դաշտը (հատկապես հեռուստատեսային վավերագրությունը) կամ մեծ պաթոսով, կամ էլ երկյուղով է անդրադառնում:

Եղեռնը, պատերազմը բնավ էլ կաշկանդող բան չեն, ընդհակառակը համամասնությանը ձգտող հնարավորություններ են: Պետք է կարողանանք մեզ հետ կատարվածը, ցավը յուրատեսակ կապիտալի վերածել: Այո, շեշտում եմ՝ դրամագլխի…

Ես ինքս նույնքան ծանր եմ կրում Եղեռնի հետեւանքները, որքան բոլոր հայերը, բայց ինձ պարտված, կլանված ու խորտակված չեմ զգում: Ընդհակառակը…
Կարծում եմ երեխաները պիտի կարողանան հուշը պահելով՝ ավելի ուժեղացած ու ավելի մեծ կամքով ապրել: Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ամեն մի հանգրվանը կապիտալի է վերածում: Իհարկե, այստեղ եւ դրական, եւ ժխտական իմաստեր կան, բայց պիտի կարողանաս օգտագործել քո պատմությունը, մտածելու նոր ճամփաներ գտես: Այդ թվում նաեւ՝ օգտագործես հեռուստակայանների ուժը:

Տպավորություն է, որ մեր ձեռքերն ու ոտքերը ամուր կապել ու մի մութ խցիկն են մեզ նետել՝ վրան գրելով 1915: Մենք էլ նստել ենք այդ խցում՝ շրջապատված նկարներով, ծանր մտքերով, երեւակայությամբ… Պետք է փորձենք դուրս գալ այդ խցից ու ամենակարեւորը՝ ցեղասպանությունը փոխադրենք մշակույթի, լեզվի կորստի, մարդկային տեսակների թեմայի: Ցեղասպանությունը կյանքի պես լայն հասկացություն է, եւ 21րդ դարում այն պիտի արդի մարդու աշխարհայացքով դիտարկվի: Ցեղասպանության ետեւում մենք մարդ չենք տեսնում, այլ զանգվածային մահ:

Կինեմատոգրաֆի առաջին օրենքը սա է. մեկ միլիոն մարդու սպանությունը հնարավոր չէ յուրացնել, որովհետեւ մարդ արարածի համար դա անըմբռնելի մի բան է, իսկ մեկ մարդու ողբերգությունը (ճակատագիրը, պատմությունը) կարող է հասնել հանդիսատեսի սրտին, ոգուն, զգայարաններին: Ո՞ւմ է պետք այն ֆիլմը, որը դիտողը (չինացին, ղազախը կամ դանիացին) չի կարող յուրացնել:

Դուք որպես լրագրող հաճախ եք լինում հեղափոխություն ապրած պետություններում: Կարելի՞ է ասել, որ սոցիալական ցանցերը մեծ դեր խաղացին հեղափոխություններում:

Ես ավելի շուտ ուսումնասիրում եմ թե ինչպես է հեղափոխությունը մարդկանց տները մտնում:

Կարծում եմ, որ «Ֆեյսբուքի» եւ «Տվիթերի» կարեւորությունը չափազանցված է: Սոցիալական ցանցերը որեւէ բան նախաձեռնելու համար լավ գործիք են, բայց ոչ ավելին: Նախքան ինտերնետը հեռագրատներն էին, հետո հեռախոսները: Խնդիրը անընդհատ վերափոխվող հեղափոխական իրավիճակն ու մարդիկ են: Եգիպտոսում, օրինակ, հիմա շատ ավելի վատ իրավիճակ է, քան մինչ հեղափոխությունը, քանի որ իշխանությանը եկան իսլամիստները: Եվ այն հեղափոխականը, ով իր կնոջն արտոնել էր փողոց դուրս գալ ու որպես բողոքի նշան՝ հրապարակում քնել, հիմա նրան տնից դուրս գալ չի թողնում, անգամ եթե կինը պիտի ատամնաբույժի այցելի: Ստեղծված  լիբերալիզացիայի շարժումը (որը բավականին արհեստական է) առաջին հերթին կանանց հարվածեց: Հիմա Եգիպտոսում կանայք իրենց ստորացված են զգում: Օրինակ, հրապարակ դուրս եկած աղջիկներին իրենց կամքի հակառակ ոստիկանները ենթարկում են փորձության՝ պարզելու համար արդյոք նրանք կույս են թե ոչ: Այդ կուսության թեստը ուղղակի խենթացնում է աղջիկներին, քանի որ դա բառիս բուն իմաստով՝ նման է տուն՝ մարմին մտնելուն ու խուզարկելուն:

Նպատակը շատ ավելի խորն է. իսլամիստները փորձում են վարկաբեկել կանանց այն հզոր շարժումը, որը առաջացել էր հեղափոխության ընթացքում եւ դրանով ստիպել կանանց տուն վերադառնալ ու շարունակել սուսուփուս ապրել:

Եվ դա ոչ թե մասնակի, այլ ողջ մարդկության խնդիրն է: Կանայք աշխարհի բնակչության կեսից ավելին են, բայց ստացվում է, որ մարդկության մի կեսը մյուս կեսին թույլ չի տալիս մասնակցել գլոբալ իրադարձությունների: Ինձ համար ֆեմինիզմը շատ կարեւոր շարժում է, պարզապես չի կարելի իրագործել ուրիշի պատվերը (տարբեր գրանտների միջոցով), այլ պետք է փորձել ինքնուրույն ձեւակերպել հասարակության խնդիրները: Կարծում եմ Հայաստանում կանայք նույնպես շատ խնդիրներ ունեն:

Եվ որո՞նք են դրանք:

Երիտասարդ աղջիկները զգում են, որ իրենց համար հասարակության մեջ անտեսանելի սահմանափակումներ են ստեղծված: Ես չէի ցանկանա, որ իմ խոսքը ժխտական ստացվի, քանի որ Հայաստանը շատ եմ սիրում: Պարզապես ուզում եմ, որ հայ կանայք իրենց պարզունակ չներկայացնեն եւ թույլ չտան իրենց հետ վարվել այնպես, կարծես պատրաստում են վաճառքի:

«Տատիկիս դաջվածքները» ֆիլմը շատ հետաքրքիր կերպով կապակցվում է մեր օրերի հետ ու միգուցե այս մեջ զրույցն էլ կանանց մասին ծագեց հենց որպես ֆիլմի շարունակություն:

Շատ ուրախ եմ եթե այդպես էլ: Վստահ եմ, որ պետք չէ աչքերը փակել ու ասել, որ ամեն ինչ լավ է: ես միշտ ցանկանում եմ, որ իմ ֆիլմերը բանավեճերի սկիզբ դնեն:

Զրուցեց Նունե Հախվերդյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *