2019.07.16,

Տեսակետ

«Որքան հեշտ են աղբյուրները տեղեկատվություն հաղորդում, այնքան զգուշանում ենք»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Կլաուդիա Միլնը ProPublica հետաքննական հարթակի ավագ վիդեո խմբագիրն է: Լսարանի հետ աշխատանքը համարում է իրենց գործի մեխը, քանի որ աղբյուրների հետ ազնիվ և թափանցիկ հարաբերությունները ապահովում են իրենց մեդիա հարթակի ազդեցությունը:

Այսօր այդ գիտակցումն ունեն բոլոր խմբագրությունները, բայց ոչ բոլորն են պատրաստ ներդրում անել հետադարձ կապ ստեղծելու համար, հաճախ պարզապես ժամանակը չի հերիքում: 

Կլաուդիա Միլնը, որը մասնակցում էր  «Թվապատում» մեդիա  կոնֆերանսին, վստահ է, որ լրատվական հարթակը միշտ շահում է ու արդյունքի հասնում, եթե ներգրավում է լսարանին: 

Այդ արդյունքը մի դեպքում գումարն է, մյուս դեպքում հեղինակությունը կամ երկուսը միասին:

ProPublica-ն ընտրել է մարդկանց պատմությունները լսելու, դրանք տարբեր դիտանկյուններից վերլուծելու և լսարանին թիրախային հասցնելու ճանապարհը: Օրինակ, երբ նյութ էին պատրաստում բժշկական ապահովագրության մասին ու ուսումնասիրում էին կանանց մահացության դեպքերը, հենց լսարանը օգնեց ամբողջացնել ու լրացնել տվյալները: 

Կայքն ունի բաժին, որը կոչվում է «Օգնեք մեզ հետաքննել», և հենց այդ բաժնի շնորհիվ էլ լրագրողները կարողանում են հասկանալ մարդկանց հուզող թեմաները, լսել նրանց պատմությունները և հետաքննել դրանք: Այդպես եղավ ներգաղթի թեմայի դեպքում, երբ լսարանը դարձավ հետաքննության մասնակից:

ProPublica-ի պատմությունները շատ չեն, բայց տպավորիչ են և մեծ ընդգրկում ունեն: Եվ կարևորն այն է, որ թեմաները ազդում են մարդկանց կյանքի վրա: Իսկ այդ ընթացքում հետաքննող լրագրողների թիմը սկսում է նոր պատմության հետքեր փնտրել:

Հանուն ի՞նչի մարդիկ պետք է ներգրավվեն Ձեր պատմություններում:

Միշտ չէ, որ թեման հետաքրքիր ներկայացնելու համար բավականաչափ սեփական տեսանյութեր ենք ունենում: Հենց այստեղ է կարևոր լսարանի ներգրավումը: Նրանց հետ քննարկում ենք թեման, բացատրում նրանց մասնակցության կարևորությունն ու շահը:

Երբեմն մարդիկ այնքան են հետաքրքրվում թեմայով, որ դժվար է լինում համակարգել նրանց հետ աշխատանքը: Ստանում ենք տեղեկատվության ահռելի ծավալ, որը պետք է լինում դասակարգել, ստուգել և գտնել թեման լավագույնս և  խնամքով ներկայացնելու ձևերը:

Հաջողության հասնելու համար պետք է երկխոսություն լինի: Եվ դա թատերային երկխոսություն չէ, երբ դերասաններն են պատմում պատմություններ: Լսարանը պետք է անվերապահորեն հավատա հետաքննության հերոսներին:

Եթե լրագրության մեջ կերպարները լինեն ոչ անկեղծ, իսկ նրանց ներկայացման ձևը նմանվի թատերական ներկայացման, ուրեմն պատմությունը դատապարտված է ձախողման: 

Իհարկե, ազնիվ պատմողներ գտնելը հեշտ չէ, մարդիկ հաճախ վախենում են խոսել տեսախցիկի առջև: Մյուս կողմից՝ ոչ բոլոր կերպարները կարող են ընկալվել և ընդունվել հանրության կողմից:

Ընդունելով, որ խաղալ պետք չէ, մենք փորձում ենք պատմությունները դարձնել հուզիչ վիզուալ և ձայնային հնարքներով, անձնավորել դրանք: Օրինակ, ներգաղթածների պատմություններում ընդգծել էինք երեխայի հեկեկումը, առանց հիշատակելու նրանց անուններն ու ցույց տալու նրանց դեմքերը:

Մարդիկ միշտ չէ, որ պատմությունը ներկայացնում են ճշմարիտ՝ որոշ բաներ թաքցնում են կամ ավելացնում: Այդպես ինքնապաշտպանվում են: Ինչպե՞ս կարող է լրագրողը վստահել:

Լրագրողներս ամեն րոպե գործ ունենք ռիսկի հետ: Դա և՛ հետաքրքիր է դարձնում մեր կյանքը, և՛ երբեմն պահանջում անհիմն խորասուզում: 

Ռիսկը տարբեր կողմեր ունի, բայց մեր դեպքում ռիսկը ոչ թե մեր աշխատանքի արդարացված լինելն է, այլ ավելի շատ մեր հերոսների պաշտպանվածությունը: 

Գիտեք, չկա լրագրող, որը չի սխալվում, շփոթվում կամ մանիպուլիացիայի ենթարկվում: Պատճառը ժամանակի սղությունն է: Մի այսպիսի կանոն ունենք. որքան հեշտ են աղբյուրները տեղեկատվություն հաղորդում, այնքան զգուշանում ենք դրանց անաչառության հարցում: 

Նախքան պատմությունը հանրայնացնելը երբեմն շատ ժամանակ ենք ծախսում, որ ստուգենք տեղեկատվությունն ու ստուգենք համապատասխանությունը իրականության հետ: 

Ունենք աշխատակից, որը պատասխանատու է փաստերի ստուգման համար: Ժամանակի նման վատնումը կարող է շռայլություն թվալ, բայց ի՞նչ արած, բացառիկ զգոնություն է պետք հատկապես զգայուն թեմաների ժամանակ:

Փաստորեն, լրագրողի համար մարդն ու նրա հետ զրույցը թանկ կապիտալ է: 

Մարդկանց հետ շփումը ժամանակ է պահանջում: Շատ ժամանակ: 

Պետք է հասկանալ պատրա՞ստ ես դրան, թե՞ ոչ: Եթե պատրաստ ես, ապա պիտի պարզես, թե ինչպես ես կառավարելու այդ ժամանակը, չէ՞ որ չես կարող անվերջ զրուցել, ստանալ փաստաթղթեր, տվյալներ, ստուգել դրանք, նորից համալրել, համեմատել: 

Չնայած, որքան շատ ժամանակ ես ծախսում մարդկանց հետ շփվելու համար, այնքան լավ ես հասկանում պատմությունը և հեշտ է դառնում կառուցել պատումի կմախքը, թեմայի առանցքը: 

Լրագրողը նաև ժամանակ տրամադրելով է ներդրումն ունենում պատմության ստեղծմանը:

Մարդիկ քաջալերում են լրագրողներին խորանալ պատմության մեջ, այսինքն դառնում են դրդող ուժ: Եթե լրագրողները սա հասկանան, ժլատորեն չեն տրամադրի իրենց ժամանակը: Միևնույն ժամանակ, այս մոտեցումը որակ կբերի դաշտ: 

Լսարանին ներգրավելու լրագրողի փորձերը նախ մեծացնում են նրա հետևորդների թիվը: Եվ պատմությունները՝ կապված տեսակից, կարող են դուրս գալ տեղական ընդգրկումից կամ հակառակը՝ դառնալ տեղային, նեղ խմբային: 

Ինչպե՞ս է լրատվամիջոցը դառնում ազդեցիկ:

Մենք չենք ցանկանում մարդկանց միայն տեսախցիկի առջև տեսնել, նրանց չենք վախեցնում, շտապեցնում: Պատմում ենք կամ միայն նրանց անանուն պատմությունը, կամ փոխում ենք անունները՝ ծածկում ենք դեմքը, թողնում միայն ձայնը և այլն: Շատ բան չենք կարողանում պատմել, որովհետև մեկ պատմության վրա ահռելի ժամանակ ենք ծախսում:

Ուշադրության ֆոն ստեղծելը մեր ամենամեծ խնդիրն է, հետագայում այն ապահովում է մեր ազդեցիկությունն ու հեղինակությունը: Առավել հաճախ հերոսները, հայտնվելով ուշադրության կենտրոնում, հանրային աջակցություն և պաշտպանություն են ստանում՝ կարեկցանք, մասնագիտական խորհրդատվություն, ֆինանսական և այլ օգնություն: 

Դա ձեռնտու է երկու կողմերին էլ, քանի որ թեմաները բարձրաձայնվում են, իսկ օգնության պատրաստ կառույցներն ու մարդիկ՝ օգնում: Մենք պետք է լավ միջնորդ լինենք: 

Պատմություններից հետո ինչպե՞ս է կազմակերպվում օգնությունը:

Նյութը հրապարակելուց հետո մեր աշխատանքը չի ավարտվում: Եթե օգնել ցանկացողներ կան, ուրեմն պետք է հերոսներից թույլտվություն վերցնել, ուղիղ խոսել նրանց հետ, նկարագրել իրավիճակը բոլոր կողմերից:

Այդ շփումների ժամանակ փորձում ենք ունենալ մեր ներկայացուցիչը, հիմնականում իրավաբան:

Ի՞նչ անել երբ աղբյուրների հետ հարաբերություններն անցնում են սահմանը:

Աղբյուրների հետ աշխատանքում կարևոր է լինել հստակ: Նրանց պետք է բացատրել, որ լրագրողի հարաբերությունները մասնագիտական են: Լրագրողը չի կարող տալ խոստումներ: Օրինակ, խոստանալ գումար կամ խնդրի վերջնական լուծում: 

Մարդիկ կարող են դառնալ կասկածամիտ, թերահավատ, զգայուն և վախկոտ: Միևնույն է, մենք մարդկանց հետ պարտավոր ենք աշխատել ազնիվ և թափանցիկ, առանց խոստումներ տալու: 

Միայն պատմություն ենք ստանում և ուրիշ ոչինչ: Դա նման է դասական գործարքի: 

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *