2013.12.26,

Նյուսրում

Ով է խոչընդոտել լրագրողների մուտքը Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը ներկա գտնվել ցանկացող լրագրողները կոշտ դիմադրության են հանդիպել:

Տնտեսագիտական համալսարանի առջեւ նրանց դիմավորել են ներկայանալ հրաժարվող մի խումբ երիտասարդներ ու խոչընդոտել լրագրողների մուտքը բուհ:

Ինչպես վկայում են տեսագրությունները, ցինիկ պահվածք ունեցող ու հայհոյող երիտասարդների անհասկանալի դերակատարությունն անարձագանք են թողել բուհի անվտանգության աշխատակիցներն ու ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Ներկայացնում ենք տնտեսագիտական համալսարանում աշխատած լրագրողների խոսքը:

Նանե Սահակյան, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող

Ես անգամ մեկ ժամ շուտ էի գնացել Տնտեսագիտական համալսարան՝ ենթադրելով, որ կարող են ասել՝ դահլիճում ազատ տեղ չկա: Բայց ռեկտորը բավականին կոպիտ խնդրեց հեռանալ միջանցքից՝ երաշխավորելով, որ քիչ անց կրկին ներս կմտեմ: Սակայն նույն ռեկտորը ավելի ուշ ոչ մի մի լրագրողի դահլիճ չթողեց:

Զարմանալին այն էր, որ երբ զանգահարեցինք ռեկտորատ, ասացին, որ ռեկտորը տեղում չէ, եւ հայտնի չէ, թե երբ է գալու: Անջատված էին նաեւ բուհի լրատվական կապերի պատասխանատուի հեռախոսները: Եվ այստեղ արդեն հանդիպեցինք տղաների այդ ոհմակ (ուրիշ բառ չեմ կարող օգտագործել) խմբին, որը շղթա կազմեց ու փակեց դահլիճի մուտքը:

Այդ տղաները ամեն ինչի պատրաստ էին՝ վիրավորանքների, հայհոյանքների, ծեծկռտուքի: Երբ հարցրեցինք ռեկտորին՝ արդյո՞ք այդ տղաները անվտանգության աշխատողների դեր են կատարում, նա խուսափեց պատասխանից:

Համենայնդեպս, այդ տղաներից մի քանիսի դեմքերը ինձ ծանոթ էին, ավելի ուշ պարզեցինք, որ մեկը ԲՈՒՀ-ի ուսանողական խորհրդ նախագահն է, մյուսը երիտասարդական խորհրդարանի անդամ է եւ այլն։

Նման փոքր միջադեպից, երբ պարզվում է, որ շենքի մուտքը կրծքով պաշտպանող երիտասարդը նկար ունի, որտեղ պարգեւ է ստանում Հայաստանի վարչապետից, կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ողջ երկրում:

Գոհար Հակոբյան, «Առավոտ» օրաթերթի լրագրող

Այն, ինչին լրագրողներս ականատես եղանք Տնտեսագիտական համալսարանում, ուղղակի խայտառակություն էր: Ռեկտոր Կորյուն Աթոյանը արգելել էր լրագրողների մուտքը, այն դեպքում երբ բուհերը հատուկ պահպանվող տարածքներ չեն: Ռեկտորի հրահանգով մեր մասնագիտական գործունեության իրականացումը խոչընդոտում էին բուհի ուսանողները եւ ինչպես ավելի ուշ պարզվեց` նաեւ ՀՀԿ-ական կրծքանշանով ուսխորհրդի ներկայացուցիչները: Նրանք սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում եւ հրմշտում լրագրողներին, հազիվ էինք աստիճանների վրա պահում մեր հավասարակշռությունը: Ընդ որում` ատենախոսությունների պաշտպանությունը բաց է:

Ամենազվարճալին ռեկտորի ցանկությունն էր` հավաքել տեսաձայնագրող սարքերը, հանձնել իրեն, նոր ներս թողնել լրագրողներին, ինչը բնականաբար չարեցինք: Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, հանրային անձ ու ոչ թե սովորական հայցորդ:

Ռեկտորը անպատասխան թողնելով լրագրողների պահանջը, հեռացավ հայհոյող, հրմշտող, ծամոն ծամող երիտասարդներին թեւանցուկ: Տպավորություն է, որ հենց իրենք են Տնտեսագիտական համալսարանի տերերը, քանի որ ո՛չ բուհում ներկա ոստիկանները, ո՛չ էլ ռեկտորը չէին փորձում նրանց հանդարտեցնել: 

Լրագրողները զանգահարեցին եւ՛ ոստիկանություն, եւ՛ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Հետաքրքիր է, որ ՄԻՊ գրասենյակից ավելի շուտ եկան»:

Հայկ Գեւորգյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող

Մենք գնացել էինք Տնտեսագիտական համալսարան Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը, որովհետեւ մի քանի հարց ունեինք նրան ուղղելու: Ուզում էինք ընդամենը հարցնել, թե ինչ են նշանակում նրա գիտական աշխատանքում օգտագործված տերմինները, օրինակ, հետերոսկեդաստիկությունը:

Համալսարանում ներքին մուտքի անցակետը փակել էին մոտ 20 լակոտներ: Բառացիորեն: Ես նրանց ուրիշ ձեւ չեմ կարող անվանել: Ու ճանապարհը չէին բացում: Փորձեցինք շրջանցել: Այդ ընթացքում քաշքշոցներ, հայհոյանք, ամենաստորին մակարդակի պահվածք էդ լակոտների կողմից: Ու իրենք չէին ներկայանում ովքեր են:

Ու այն, ինչ եղավ, իրականում Հայաստանի փոքր մոդելն է մամուլին ճնշելու, խոչընդոտելու տեսակետից: 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գնահատականի կարիք էլ չկա՝ տեսանյութերում ամեն ինչ պարզ երեւում է: Իրենց գործողություններում կային Քրեական օրենսգրքի խուլիգանության եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներ: Մենք դիմել ենք ոստիկանություն: Ասացին, որ փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում չկա՝ չնայած իրենք առավել, քան հիմք ունեն քրեական գործ հարուցելու: Մենք տեղում էլ ոստիկանություն ենք զանգահարել, 40 րոպե սպասել ենք, ոչ մեկը չի եկել:

Այս դեպքը ցույց տվեց Հայաստանի կրթական մակարդակի իրական վիճակը: Միանշանակ է, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելը կազմակերպված էր: Տարոն Մարգարյանը փորձ է արել թաքցնել իր տգիտությունը: Չի ստացվել:

Տարոն Մարգարյանի ինտելեկտը լրիվ պարզ է մեզ համար, նրան կարելի է միանգամից ակադեմիկոսի կոչում տալ: 

Լրագրողների հետ զրուցեցին`
Նունե Հախվերդյանը 
եւ Գեղամ Վարդանյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *