2019.07.17,

Քննադատ

«Ոսկե ծիրանի» պատկերային գրոհը, լրատվական առիթներն ու հանրային վախերը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը 2019 թվականին անցավ արդեն 16-րդ անգամ, փորձում է մոդեռնացվել: Հայաստանի լավագույն, մարդաշատ ու հագեցած փառատոնը թարմանալու հայտ է ներկայացրել: 

Փառատոնը տարիների ընթացքում փորձել է լրացնել երկու բաց՝ խթանել հայաստանյան կինոարտադրությունն ու վերականգնել կինոթատրոնում հանդիսատես լինելու հաճույքը: 

Ճիշտն ասած, այդ երկու նպատակները մեծ դժվարությամբ են ուրվագծվում և առավելևս՝ իրականացվում:  

Խնդիրը շատ խորքային է, հիմքում թերևս մասնավորի ու հանրայինի անհաշտ գոյակցությունն է՝ գիտակցական, անգամ ենթագիտակցական մակարդակում: 

Ընդ որում՝ մասնավորը կարծես ընկալվում է միայն որպես նյութական շահի համար ստեղծված փակ տարածք, իսկ հանրայինը՝ մի բան, որը չունի տեր, հետևաբար նաև անպետք է: 

«Այրարատ» կինոթատրոն

Հայաստանի բոլոր կինոթատրոններն ու արտադրող ընկերությունները մասնավոր են ըստ էության, բնույթով ու նպատակներով («Մոսկվա» կինոթատրոնի մի հատվածն, օրինակ, արդեն հյուրանոց է): 

Կինոթատրոնը շարժ է, դուրս ու ներս անելու համար նախատեսված, աղմկոտ բաց տարածք, իսկ հյուրանոցը՝ փակ, լուռ, անթափանց ու պաշարված տարածք, որտեղ մուտքը ոչ բոլորինն է:

Ինչպես մեր կինոթատրոնները, այնպես էլ կինոարտադրանքն ունի ավելի շուտ «հյուրանոցային» տրամաբանություն: Այսինքն, ինքն իր համար երևույթ է, որտեղ բարդ է գտնել հանրային հեռանկարները և արագ անցումները ներսից (անձնականից) դուրս (փողոց, քաղաք, պետություն, մոլորակ): 

Վերապրելով էկրանին տեղի ունեցող գործողությունը՝ հանդիսատեսը քայլ է անում անձնականից դեպի հանրային և հակառակը, իր մաշկի վրա փորձարկում կինոհերոսների կյանքը: Դա այն պահն է, երբ սկսում ես հոգ տանել մյուսների համար կամ ընդվզել և դրանով հարստանալ: 

Անձնականից, մասնավորից դեպի մյուս անձը, մասնավորը քայլ անելը ցանկալի է լինի նույնքան բնական, որքան շնչելն ու սեփական անձը գուրգուրելը: Դա է հանրային շահը, հանրային բարիքը:

Մենք դառնում ենք ավելի լավը, քանի որ տեսնում ենք (իսկ կինոն տեսնելու լավագույն ձևաչափն է), թե ինչպես են ապրում մեզանից տարբերվողները, օտարները, ուրիշները: Հորինված կերպարներն ու իրական մարդիկ:

Ինչպես են նրանք լուծում իրենց անձնական խնդիրները՝ մեծ ու փոքր հանրային թել-կեռիկներով երաշխավորված ու միաժամանակ բանտարկված: Տեսնում ենք բազմազանությունը և գնահատում ենք բազմազանությունը, քանի որ գույնզգույնը միագույնից լավ է:

«Ոսկե ծիրանը» թեև ունի իր ներքին լուրջ խնդիրներն ու միգուցե մոդեռնացման ոչ խելամիտ ուղղությունները, սակայն այս փառատոնը միշտ ընդգծել է, որ կինոյի միջոցով դառնում ենք լավը, քանի որ տեղեկանում ենք, վայելում ու դրանով իսկ՝ պաշտպանվում: 

Արվեստը զրահ է, իմունիտետ, խորհելու համար նախատեսված պատվաստանյութ: Կոփվում ես, որպեսզի հետո չզարմանաս, չկոտրվես, չսարսափես քեզանից տարբերին տեսնելով կամ արտառոց վիճակում հայտնվելով: 

Այս տարվա «Ոսկե ծիրանում» տեղի ունեցան մի քանի լրատվական բռնկումներ, որոնք կապված չէին ֆիլմերի հետ, բայց հստակ արտացոլում էին այն հանրային վախերը, որոնք կուտակվել են տարիների ընթացքում ու արթացան կինոփառատոնի հետ:

Լրատվական առիթ 1. բիզնեսն ու ասպետը

Հայտնի և ոչ միանշանակ ընդունվող գործարարին ասպետի շքանշան հանձնելը փոքր մեդիա փոթորիկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ հասարակության համար բիզնեսմենը չի կարող լինել ասպետ մի պարզ պատճառով. բիզնեսը մաքուր չէ՝ լի կեղտոտ կապերով, իսկ ասպետը մաքուր է՝ սպիտակ ձեռնոցներով:

Կինոփառատոնը` պատվելով բիզնեսմենին, բացեց բարդ խոսակցություն մասնավոր սեփականության ընկալման մասին: Լրատվամիջոցներն ու սոցցանցերի օգտատերերը քննադատեցին, ծաղրեցին  այդ քայլը, քանի որ կարծրատիպերի համաձայն՝ արվեստը մաքուր է, բիզնեսը՝ ոչ: Այն միտքը, որ արվեստը ասպետների գործը չէ, չէր դիտարկվում:

Հիմա, երբ հավասարության նշան է դրվում գործարարի ու ասպետի միջև, ակամայից հասարակությունը սկսում է գրոհել թե՛ գործարարի, թե՛ փառատոնի դեմ: Եվ որպես փրկություն դիմում բարոյականությանը (ինչպե՞ս կարելի էր):

Պարզ բան է, կարելի է, քանի որ ունենք այն բիզնես դաշտը, որը ունենք: Այլ փորձ ու ավանդույթ չենք ունեցել: Չենք տեսել, որ ունեցվածքի ճանապարհը մասնավորից դեպի հանրային (և հակառակը) բաց ու տեսանելի է, սպիտակ ձեռնոցներով: 

Հայաստանում խոշոր գործարարը անպայման ողբերգական կերպար է, նա ձգտում է լինել հարուստ, անձեռնմխելի ու թաքուն, ինչն իրականում անհեթեթություն է: Հանրային նշանակության մեծահարուստը Հայաստանում իրոք ողբերգական կերպար է:

Լրատվական առիթ 2. տրանսգենդերն ու ազգայինը

«Ոսկե ծիրան» փառատոնում կարճամետրաժ ֆիլմերի շարքում «արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ վրացական «Հասարակության գերին» ֆիլմը, որը պատմում է երիտասարդ տրանսգենդեր կնոջ մասին: Ոչ միայն մրցանակ ստանալու, այլև հենց ցուցադրման փաստը շատ երկար քննարկվեց լրատվական դաշտում: 

«Ազգային արժեքների քայքայման», «անբարոյականության քարոզի» մասին գրառումներն ու հոդվածները կրկին հարց բարձրացրեցին հանրային կարծրատիպերի մասին: 

Եվ առաջինը կարծրատիպը վախն է մեզանից տարբերվողից:

Այդ վախը հաղթահարելու համար շատ մարդիկ անցնում են ուղիղ հարձակման՝ պաշտպանվելով ազգայինով, ավանդականով և այլ վերացական պատնեշներով միայն այն պատճառով, որ չեն իմանում, թե որտեղ տեղավորեն անձնական տարբերությունը: 

Համատեքստը մոտավորապես սա է՝ մեզ մոտ նման բան չի կարող լինել, իսկ դա ցույց տվողը քարոզում է այլասերություն, և ուրեմն հարկավոր է զանգվածայնորեն քարկոծել տարբերվողին:

Շատերին թվում է, որ հանրայինը կարծր, միատարր, անփոփոխ մակերես է, որը կարող է փշրվել, եթե որևէ անձ հայտնի իր տարբեր լինելու մասին: Իրականում, հենց հակառակն է, տարբերների համագումարն է ամրացնում հանրայինը:

Անձնական տիրույթից անցումը դեպի հանրային միշտ քաջություն է պահանջում: Բարդ է խոսել այն մասին, ինչը տրավմատիկ է, հակասում է ընդունված նորմերին, բայց որի մասին անձը ուզում է խոսել՝ զգալով, որ այլ կերպ չի ստացվի: 

Հայաստանում այնքան երկար ժամանակ լրատվական դաշտում քարկոծել են տարբերվողներին (ԼԳԲՏ համայնքին, հարևան-թշնամիներին, կանանց, երեխաների ու տղամարդկանց իրավունքները առանձին-առանձին պաշտպանողներին), որ հասարակությունը այլևս չի էլ ուզում իմանալ, որ այն, ինչը ցույց է տրվում էկրանին կամ հայտնվում է մեդիա դաշտում, հումք է մտորելու համար:

Ի վերջո, հսկակայական Սփյուռք ունեցող հայերի համար տարբերվելը փաստ է: Ինչպես ասում են՝ մեկ ազգ, տարբեր մշակույթներ, այլապես էլ ո՞րն է ազգի դիմակայությունը: Հենց դա է, անցումները ներսից դեպի դուրս ու նորից ներս՝ արդեն հարստացած, առանց մերժողական կեցվածքի:

Եթե վախենում ես տարբերվողից, արժե պատվաստվել: Կինոն արժեքավոր պատվաստանյութ է:

Ի վերջո, թուրքական ու ադրբեջանական ֆիլմերը նույնպես կատարում են այդ դերը՝ օգնելով տեսնել, թե ինչի մասին են մտորում հարևանները:

Լրատվական առիթ 3. հայերենն ու դիզայնը

Այս տարվա «Ոսկե ծիրանը» շռայլորեն սփռել էր պատկերները՝ գրոհելով նոր ոճի պաստառներով:

«Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառները հայտնվել էին քաղաքի տարբեր անկյուններում: «Ոսկե ծիրաաան»,- կարծես գոռում էին պաստառները:

oske_tsiran_2.jpg

Սա մի կողմից՝ մինիմալիստական, բայց շատախոս դիզայնի նմուշ էր, որը խաղարկում էր հայերեն լեզվի ձայնավորները, ձգում դրանք, ավելացնում, դարձնում լսելի:

Իսկ մյուս կողմից՝ փառատոնը շրջանառում էր բառեր, որոնք դուրս են գրական սահմաններից և ավելի շատ օգտագործվում են կա՛մ սոցիալական մեդիայում, կա՛մ երիտասարդական սլենգ են: 

Փառատոնը որոշել էր անձնական կամ նեղ շրջապատում օգտագործվող բառերը դարձնել տեսանելի, հանրայնացնել՝ լավ հասկանալով, որ դրանց գործածությունը, առավելևս դրոշմումը հանրային վայրերում  ընդունված չէ: 

Շատերին նոր դիզայնը դուր չեկավ, լրատվական անդրադարձներ եղան լեզվի անաղարտության, օտարածին բառերի օգտագործման անթույլատրելիության մասին: Կրկին եղան մեղադրանքներ, թե ու՞ր ենք հասել, որ լեզուն աղավաղվում է:

Այս ալիքը նույնպես ապացուցեց, որ աղավաղումից, շեղումից վախը ամուր հիմքեր ունի: Ի վերջո, լեզվի առողջությունը նույնպես պայմանավորված է այդ դուրս-ներս անելու ավանդույթով: Պետք է փորձես գործածել, որ հասկանալի լինի, լա՞վ ստացվեց, թե՞ ոչ: Այլապես չես իմանա ու միշտ կզարմանաս՝ հանդիպելով այլ ոճի, կենսագրության ու ճակատագրի ստեղծագործության:

«Ոսկե ծիրանի» տառատեսակների դիզայնն ուներ այնքան պարզ ֆորմա, որ անգամ երեխան կարող էր անել նույնը: Սա այն մոտեցումն է, երբ հեղինակն իրեն միտումնավոր հանել է իր աշխատանքից՝ հուշելով, որ բոլորը կարող են կրկնօրինակել, շարունակել ու լրացնել այն:

Ոչ մի բարդ բան չկա: Իրոք, չկա: 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *